Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանը պահանջում է Արա Զոհրաբյանի հրաժարականը և ներողություն (տեսանյութ)

Հասարակություն
pastaban1

Փաստաբան Տիգրան Աթանեսյանին երեկ մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 118՝ ծեծի հոդվածով:   Մեղադրանքում նշված է, որ Տիգրան Աթանեսյանը իր գրասենյակում ծեծի է ենթարկել ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին: Ըստ փաստաբանի՝ դա բացարձակ սուտ է.  «Նման նախաքննություն չէր կարող լինել, եթե չհովանավորվեր եւ չուղղորդվեր Փաստաբանների պալատի ղեկավարության որոշ հովանավորների կողմից»: Ասուլիսին ներկա փաստաբան Երվանդ Վարոսյանն իր հերթին նշեց, որ հարձակման եկածները մնալու են անպատիժ: Կա տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են չորս անձինք գալիս Տիգրան Աթանեսյանի գրասենյակ եւ  ինչպես են ողջ-առողջ հեռանում: «Այս տեսանյութը կա նաև նախաքննական մարմնի տրամադրության տակ: Սա այլ կերպ, քան հովանավորչություն,  չենք կարող որակել: Պարզ է, որ նրանք այս քայլին ինքնուրույն չեն դիմել, նրանք Փաստաբանների պալատում որոշակի պաշտոններ են զբաղեցնում: Եթե նրանք չեն գործել առանց Փաստաբանների պալատի նախագահի գիտության, ապա մեկ րոպե ավելի չէին կարող այդ կառույցում աշխատել: Մինչդեռ հիմա էլ  շարունակում են աշխատել»: Տիգրան Աթանեսյանը պատրաստ է բողոքը հետ վերցնել՝ պայմանով, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ հանցակազմի բացակայության հիմքով, բայց եթե անգամ գործը գնա դատարան, պետք է լինի արդարացման դատավճիռ: Փաստաբանը պատրաստ է  հաշտվել իր գրասենյակ եկած չորս փաստաբանների հետ, եթե նրանք ներողություն խնդրեն և Արա Զոհրաբյանից սկսած՝ հրաժարական տան:   «Գիտեմ, որ կարող եմ դատապարտվել, բայց թքած ունեմ, անարդարություններ շատ եմ տեսել: Գաղափարն ավելի մեծ է, զիջում չի լինելու»: Հիշեցնենք, որ ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և  Արմեն Սողոմոնյանը: Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով: Նույն օրը հաղորդումներ էին ներկայացրել երեք փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանը, Վրեժ Խաչիկյանը, որ մարմնական վնասվածքները ստացել են ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակցել է նաև Գևորգ Մկրտչյանը: Այդ հաղորդումների հիման վրա ևս մեկ քրեական գործ էր հարուցվել նույն հոդվածով: