Պատերազմի մեկ ամիսը․ Սեպտեմբերի 27-ի առավոտյան Բաքուն հարձակվեց Արցախի վրա

Պատերազմի մեկ ամիսը․ Սեպտեմբերի 27-ի առավոտյան Բաքուն հարձակվեց Արցախի վրա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին լրանում է Արցախում թուրք-ադրբեջանական սանձազերծած պատերազմի մեկ ամիսը։ Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07։10-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Արցախի վրա՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ խաղաղ բնակավայրեր։

Այս պատերազմն առանձնացավ Թուրքիայի կողմից Ադրբեջանին հասցող քաղաքական և ռազմական լիակատար աջակցությամբ։ Ադրբեջանի օգտագործման են տրված թուրքական F-16 կործանիչներ և Bayraktar անօդաչուներ։ Բացի այդ, Անկարայի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցելու համար Ադրբեջան են տեղափոխվել սիրիացի ահաբեկիչ-զինյալներ, ինչի մասին վկայում են ինչպես նրանց տեսանյութերը, այնպես էլ առանձին երկրների տվյալները, այդ թվում՝ ռուսական հետախուզությունը։

Մեկ ամսում հայկական կողմի հաշվարկներով հակառակորդը կորցրել է ավելի քան 200 ԱԹՍ, մոտ 2 տասնյակ ուղղաթիռ, ավելի քան 20 ինքնաթիռ, 600 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ, մոտ 7000 զոհ է տվել։ Ադրբեջանը գաղտնի է պահում իր զոհերի թիվը։ Վերջինիս հաջողվել է նաև որոշ ուղղություններով գրավել Արցախի առանձին հատվածներ։

Հայկական կողմից զոհվել է 974 զինծառայող (այդ թվում՝ կամավոր, պահեստազորային): Այս ընթացքում Ադրբեջանը շարունակաբար թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, հումանիտար նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ հոսպիտալը, շտապ օգնության մեքենաները, փրկարար ծառայության շենքը։ Ադրբեջանական զինուժի դիտավորյալ թիրախ են դարձել նաև միջազգային լրագրողները։

Ընդհանուր զոհվել է 39 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հարյուրները, այդ թվում՝ երեխաներ։ Փախստական է դարձել մոտ 90,000 արցախցի։

Ադրբեջանը կրկին աչքի է ընկել ոճրագործի ձեռագրով, պարբերաբար համացանցում են հայտնվում ադրբեջանցիների նկարած ռազմական հանձագործություն պատկերող տեսանյութեր, գնդակահարվում են հայ քաղաքացիականներ, նվաստացվում և խոշտանգվում են հայ ռազմագերիներ, պղծվում հայ զինծառայողների դիակներ։

Այս ընթացքում միջազգային հանրությունը կողմերին զսպվածության և բանակցությունների սեղան վերադառնալու բազմաթիվ կոչեր է արել։ Հումանիտար նպատակներով կրակի դադարեցման 3 պայմանավորվածություն Ադրբեջանը ձախողել է՝ փաստացի հրաժարվելով մարտի դաշտում մնացած իր սպանված զինծառայողների մարմիններից և հայկական կողմում հայտնված ողջ զինծառայողներից։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---