▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ նպատակն է Հայաստանը դարձնել գիտական կենտրոն. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Եվրոպական հարավային աստղադիտարան, որն աստղագիտական հետազոտություններ իրականացնող աշխարհի խոշորագույն կենտրոններից է:

Նախագահ Արմեն Սարգսյանի և աստղադիտարանի ղեկավար կազմի հանդիպմանը գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Քսավիե Բարկոնը ներկայացրել է հաստատության գործունեությունը, իրականացվող հետազոտություններն ու ուսումնասիրությունները: Նա նշել է, որ միջազգային այս հեղինակավոր հաստատությունը ունեցել է բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, բայց Արմեն Սարգսյանն առաջին պետության նախագահն է, ով այցելում է աստղադիտարան։

Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է հայկական գիտական մտքի նվաճումների ու կրթական ոլորտում հայ մասնագետների գրանցած հաջողությունների մասին:

«Որպես Հայաստանի նախագահ` իմ նպատակն է երկիրը դարձնել գիտական կենտրոն, վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները»,
- նշել է Հանրապետության նախագահը: Նա ներկայացրել է հայկական գիտական մտքի ձեռքբերումները՝ մասնավորապես խոսելով Բյուրականի աստղադիտարանի, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի գործունեության մասին: «Ես ցանկանում եմ առաջ մղել Հայաստանը` իբրև երկիր, որը հիմնված է գիտության, կրթության, գաղափարների վրա: Մենք պատրաստ ենք համագործակցել ձեզ նման հեղինակավոր միջազգային կենտրոնի հետ, լինելու ձեր գործընկերը»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Հանրապետության նախագահը կազմակերպության ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան` մասնակցելու այս տարվա հունիսին առաջին անգամ մեր երկրում կայանալիք «Մտքերի գագաթնաժողովին»:

 

Պրոֆեսոր Քսավիե Բարկոնը ողջունել է նախագահի առաջարկն ու համագործակցության պատրաստակամություն հայտնել: 


Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը շրջայց է կատարել Եվրոպական հարավային աստղադիտարանի տարածքում, ծանոթացել աշխարհում ամենամեծ օպտիկական աստղադիտակի կառուցման աշխատանքներին:

 

1962 թվականին ստեղծված Եվրոպական հարավային աստղադիտարանի անդամ է 16 պետություն՝ Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Միացյալ Թագավորությունը:

Կազմակերպությունը, որի աստղադիտարանները գտնվում են Չիլիում, առաջատար դերակատարում ունի աստղագիտության ոլորտում միջազգային համագործակցության նախաձեռնման ու կազմակերպման մեջ: 

Նշենք, որ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է նաև Մյունխենի տեխնիկական համալսարան։ Համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման սկզբում համալսարանի նախագահ Վոլֆգանգ Հերմանը, ողջունելով Արմեն Սարգսյանի այցը ուսումնական հաստատություն, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի նախագահին, ով նաև գիտնական է: Նա ներկայացրել է համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես` բնական գիտությունների ու բժշկության ոլորտներում: Նշելով, որ գիտության ոլորտում մեր ունեցած ավանդույթները ոչ միայն պետք է պահպանել, այլև զարգացնել և հասցնել նոր մակարդակի, նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Ես ցանկանում եմ զարգացնել համագործակցությունը հայկական և գերմանական համալսարանների, երկու երկրների գիտնականների միջև»: Նա ընդգծել է, որ Հայաստանը հիմնվում է ոչ թե բնական պաշարների, այլ մարդկային ռեսուրսների վրա: «Մեր հիմնական լոկոմոտիվը լինելու են նոր տեխնոլոգիաները, նորարարությունները, ստարտափները: Ես այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար և աջակցելու եմ բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են զարգացնելու Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժը»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը` հրավիրելով ներկաներին այցելել Հայաստան: Վոլֆգանգ Հերմանը, բարձր գնահատելով Հայաստանում գիտության զարգացմանն ուղղված նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերը, նշել է, որ պատրաստ են համագործակցության` հատկապես ընդգծելով, որ Մյունխենի տեխնիկական համալսարանն իրականացնում է միջազգային փոխանակման բարձրակարգ ծրագրեր:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին