HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կուտակայինին նախկինում ընդդիմացող այժմյան պաշտոնյաների տեսակետները

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի կասեցում չի նախատեսում, սակայն կիրառման հետաձգումը նախատեսվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ, որը դրված է շրջանառության մեջ։

Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Հետք»-ի՝ գրավոր հարցման պատասխանից։ Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը, 2014 թվականի հունվարի 1-ին ներդրվելով, ըստ բարեփոխման ջատագով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի` խոստանում էր ապահովել երկար փողերի շուկա և ապահով ծերություն։

Համակարգին ընդդիմացող որոշ հասարակական ու քաղաքական գործիչներ այսօր գործադիրի կազմում են։ «Հետքը» փորձել է հասկանալ, թե որն է լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության  մոտեցումը այս վիճահարույց համակարգի վերաբերյալ, և որքանով է հաջողված երկար փողեր և ապահով ծերություն ապահովելու Տիգրան Սարգսյանի կառավարության բարեփոխումը։

Գրավոր հարցումներով դիմել էինք կառավարության այն անդամներին, որոնք ժամանակին կա՛մ համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն էին, կա՛մ էլ շարժմանը որևէ կերպ աջակցել են։ Հարցումներն ուղղվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը թե՛ խորհրդարանի, թե՛ Ազատության հրապարակի հարթակից իր աջակցությունն է հայտնել շարժման անդամներին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին, որը «Դ!ԵՄ ԵՄ» շարժման նախաձեռնող խմբի անդամ էր, պատգամավորների դիմումով ՍԴ-ում քննվող այդ հարցի ներկայացուցիչներ` տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ, «Դ!ԵՄ ԵՄ» շարժման նախկին անդամ Հակոբ Արշակյանին։ Հարցում է ուղարկվել նաև ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, «Դ!ԵՄ ԵՄ» շարժման նախկին անդամ Գևորգ Գորգիսյանին, ով ավելի վաղ մեզ հետ զրույցում հավաստիացնում էր, որ ինքը և Մանե Թանդիլյանը նախագիծ են պատրաստում՝ առաջարկելով սկզբունք, ըստ որի կուտակայինը լինի միայն կամավոր։

Հարցման տեքստում հայտնել էինք, որ նմանատիպ հարցում ուղարկել ենք կառավարության այն անդամներին, որոնք այս կամ այն կերպ դեմ են եղել համակարգի պարտադիր բաղադրիչին՝ խնդրելով հստակեցնել, թե արդյոք նախկինի պես պնդում են, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է, խնդրել ենք հայտնել իրենց գնահատականը կենսաթոշակային ֆոնդերը կառավարող միջազգային ընկերությունների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություն` համակարգի մասնակիցներին իրենց հաշիվներին տիրապետելու մասին։

Հարցման պատասխաններում թեպետ գործադիրի ներկայացուցիչները պնդում են, որ հավատարիմ են նախկինում արտահայտած իրենց տեսակետներին, սակայն չեն ասում, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է, ինչն էլ վիճարկվում էր բարձրագույն դատարանում։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ ստացված հարցման պատասխանում նշվում է, որ հունիսի 7-ին խորհրդարանի ելույթում վարչապետն արդեն իսկ հայտնել է իր դիրքորոշումը։ Այդ ելույթում Փաշինյանը կարծես թե ակնարկեց, որ կուտակայինի պարտադիր բաղադրիչն այլընտրանք չունի, և «պետք է լինի այնպիսի որոշում, որը բխում է ազգային շահերից»։ Վարչապետի վստահեցմամբ՝ շահառուների մոտ 80 %-ը ներառված է համակարգում, և միայն 20%-ն է, որ նոր է ներառվելու։ Ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70%-ը ներդրված է տնտեսության մեջ։

Ինչ վերաբերում է ֆոնդերը կառավարող ընկերությունների մասին վարչապետի գնահատականին, հարցման պատասխանում ասված է․

«Կենսաթոշակային ֆոնդերը կառավարող ընկերություններն ամբողջ աշխարհում իրենց կառավարման ներքո ունեն մեծածավալ ակտիվներ, գործունեություն են ծավալում բազմաթիվ պետություններում և դասվում են աշխարհի խոշորագույն ընկերությունների շարքին։ Այս ընկերությունների նկատմամբ վստահությունը հիմնված է տվյալ ընկերությունների միջազգային մեծ փորձի և նրանց կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալների վրա։ Կառավարությունը կուտակային համակարգի հետ կապված կաշխատի մաքսիմալ թափանցիկ և կանի առավելագույնը՝ ի շահ յուրաքանչյուր քաղաքացու։ Միաժամանակ նշենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ նախկինում եղած անվստահությունը հիմնականում բխում էր ոչ թե հիշյալ ֆոնդերի, այլ նախկին իշխանությունների նկատմամբ վստահության դեֆիցիտից»,- ասված է պատասխանում։ Նշվում է նաև, որ կառավարության առաջիկա նիստում վարչապետն այս հարցի վերաբերյալ իր վերջնական տեսակետը կհայտնի։ Պատասխանն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ։ 

Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը շրջանառության մեջ է դրել Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու օրենսդրական նախաձեռնության առաջարկ, որը դեռ կառավարության օրակարգում չի հայտնվել։ Թանդիլյանը մեր հարցման պատասխանում հիշեցրել է իր օրենսդրական առաջարկությունը՝ «նպատակ ունենալով հիմնարար լուծումներ առաջադրել խնդրո առարկա հարցերին»։

Թանդիլյանը նաև ասել է, որ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների գործունեությանը և կուտակայինի պարտադիր բաղադրիչի սահմանադրականության վերաբերյալ գնահատական տալը դուրս է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորություններից։ Ինչ վերաբերում է իր հաշվին առկա միջոցներին, նախարարն արձագանքել է՝ ժամանակի սղության պատճառով չի հետևել։ Պատասխանն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։ 

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն իր պատասխանում չի ասել, որ նախկինի պես պնդում է՝ գործող օրենքը հակասում է Սահմանադրությամբ պաշտպանվող անձի սեփականության իրավունքին, սակայն շեշտել է՝ իր տեսակետը մնացել է անփոփոխ։

«Համակարգի հետագա զարգացման ուղղությունների նախանշումը պետք է տեղի ունենա հանրային քննարկումների արդյունքում։ Ինչ վերաբերում է կառավարիչների գործունեությանը, ապա կարծում եմ, որ վերջիններիս գործունեությանը վաղաժամ է գնահատական տալ, դա կարելի է անել համակարգի համապարփակ վերլուծության իրականացումից հետո»,- ասված է պատասխանում։ Պատասխանն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։ 

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ուղղել էինք այն հարցերը, որոնք նա ընդամենը մի քանի ամիս առաջ տվել էր նախկին իշխանություններին, մասնավորապես այն, թե արդյոք շարունակում է պնդել, որ գործող օրենքի մի շարք դրույթներ հակասում են անձի սեփականության իրավունքին, սակայն նախարարությունից ստացված պատասխանում նշվում է, որ համակարգի մասին խոսելիս Արտակ Զեյնալյանը գործադիր համակարգի անդամ չի եղել և հայտնել է իր սեփական կարծիքը։

«Կառավարության պաշտոնական դիրքորոշումը հանրությանը կարող է ներկայացվել տվյալ բնագավառում իրավասու գերատեսչության կողմից, որը Արդարադատության նախարարությունը չէ»,-ասված է պատասխանում։ Պատասխանն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանն իր պատասխանում հայտնել է, որ կենսաթոշակային համակարգի մասին իր դիրքորոշումը հիմնված է եղել մեկ սկզբունքի վրա՝ այն պետք է ծառայի Հայաստանի Հանրապետության և քաղաքացիների շահերին։

«Համակարգում ներգրավված ֆոնդերի կառավարիչները պետք է ունենան Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրումներ կատարելու պայմաններ, որոնք կստիպեն գումարները դուրս բերելու փոխարեն օգտագործել ի շահ տնտեսության և քաղաքացիների։ Ֆոնդերը կառավարող ընկերությունների գործունեությանը ծանոթ չեմ։ Միայն կարող եմ ասել, որ ուրախ կլինեի տեսնել նրանց կողմից ներդրումներ Հայաստանի տնտեսության արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական հատվածում»,- ասված է պատասխանում։ Արշակյանի համոզմամբ՝ նոր կառավարությունն այս հարցին պետք է տա համակողմանի լուծում, ըստ որի քաղաքացին իր վրա պարտադրանք չզգա։ Պատասխանն առավել մանրամասն՝ այստեղ։ 

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, որը, կաշկանդված չլինելով կառավարության կազմում լինելով, շարունակում է պնդել, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է։

«Ես շարունակում եմ հավատարիմ մնալ ազատականության սկզբունքներին, որոնք պնդում են, որ յուրաքանչյուր իրավունակ քաղաքացի կարող է և պետք է ինքնուրույն տնօրինի իր սեփականությունը, ինքը որոշի ինչպես ապահովել իր բարեկեցիկ ծերությունը։ Սեփականության՝ այդ թվում եկամտի տնօրինումը բացարձակ իրավունք է, որն ամրագրված է Սահմանադրությամբ»,- ասված է պատասխանում։ Պատասխանն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։  

Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների մասին

Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների կառավարումը իրականացնում են միջազգային երկու ֆոնդերի կառավարիչներ` «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունները։

Ըստ Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի (ԿՀԻԿ)-ի տվյալների՝«Ամունդի» բաժնետիրական ընկերությունը 750 միլիարդ եվրոյից ավելի ակտիվներ է կառավարում և զբաղեցնում է Եվրոպայում առաջին, իսկ աշխարհում` իններորդ տեղը:

«Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը կառավարում է 6 միլիարդ դոլարից ավելի ակտիվներ և գործունեություն է ծավալում Եվրոպայի ամբողջ տարածքում: 

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի  հիմնադիրներն են ֆրանսիական «Ամունդի Ասեթ Մենեջմենթ» (Amundi Asset Management) ընկերությունը՝51% մասնակցությամբ և «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը՝ 49% մասնակցությամբ: Իսկ «Ամունդի Ասեթ Մենեջմենթ»-ի հիմնադիրներն են` «Կրեդիտ Ագրիկոլ» (Crédit Agricole)՝ 75% մասնակցությամբ և «Սոսիե դը ժենիալ» (Société Générale)՝  25%մասնակցությամբ  բանկային խմբերը:

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի հիմնադիրներն են՝ «Ցե-Կվադրատը» (C-QUADRAT Investment AG-ն)՝ 74.9% մասնակցությամբ և «Տալանքս ասեթ մենեջմենթ» (Talanx Asset Management) ՝ 25.1% մասնակցությամբ: Կառավարիչներն իրենց հերթին մի քանի ֆոնդեր ունեն, որոնք համակարգի մասնակիցները կարող են փոփոխել, օրինակ Ամունդի-Ակբան ունի երեք ֆոնդ՝ կայուն եկամտային, հավասարակշռված, պահպանողական։ Հունիսի 7-ի դրությամբ Ամունդի-Ակբայի ֆոնդերում առկա է կայուն եկամտայինում՝ 827 միլիոն դրամ, հավասարակշռվածում՝ 1,5 միլիարդ դրամ, պահպանողականում` 61.036 միլիարդ դրամ։ Տվյալները՝ «Ամունդի ակբա»-ի պաշտոնական կայքէջից։

«Ցե կվադրատ ամպեգայի» ֆոնդերում մայիսի 31-ի դրությամբ առկա է կայուն եկամտայինում՝ 367 միլիոն դրամ, պահպանողականում՝ 55,3 միլիարդ, հավասարակշռվածում՝ 599 միլիոն։ Տվյալները՝ «Ցե կվադրատ ամպեգայի» պաշտոնական կայքէջից։

Համակարգը թույլ է տալիս մասնակիցներին ֆոնդի արդյունավետությունից ելնելով փոփոխել այն, սակայն  մեր հարցումները մի քանի տասնյակ քաղաքացիների շրջանում ցույց տվեցին, որ համակարգի մասնակիցների մեծամասնությունը նույնիկ չի էլ փորձել փոխել իր ֆոնդը, միայն ժամանակ առ ժամանակ ստուգում է հաշվին առկա գումարը, սակայն չի հետևում իրենց հաշիվը կառավարող ֆոնդի արդյունավետությանը, փայերի տոկոսներին։

Շատերը պարզապես պնդում էին, որ համակարգը կառուցված է բավականին բարդ և անհասկանալի է ֆոնդերի գործունեությունը։ Համակարգին ընդդիմացող Թանդիլյանը, Փաշինյանը և Գորգիսյանը ևս չեն փորձել ֆոնդերի փոփոխություն կատարել։

Կուտակային կենսաթոշակային օրենքի մասին

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է 2014 թվականի հունվարի 1-ից: Համակարգին  պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև այն օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, ովքեր օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ: Ըստ օրենքի 7-րդ հոդվածի՝ մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, որը օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և որի բազային եկամուտը ամսական կտրվածքով չի գերազանցում 500 000 դրամը, պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի օգտին վճարվում է պետական բյուջեից։

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայը սոցիալական նպատակներով թողարկվող անվանական արժեթուղթ է, որը հավաստում է դրա տիրոջ (քաղաքացու)՝ օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունքը:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը պետությունը ձեռք է բերում սոցիալական վճար կատարող անձանց համար՝ յուրաքանչյուր անձի համար օրենքի համապատասխան հոդվածով սահմանված չափով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը պետության կողմից դրանց ձեռք բերման պահից հանդիսանում են մասնակցի սեփականությունը:

Մասնակիցը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից՝ այդ մասին գրավոր դիմում ներկայացնելով մասնակիցների ռեեստրը վարողին: Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու իրավունքից անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ:

Կենսաթոշակային ֆոնդի փայը մասնակցի կողմից չի կարող՝

․Գրավադրվել։

․Ներդրվել իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում։

․Նվիրաբերվել կամ օտարվել որևէ այլ եղանակով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

․Օգտագործվել որևէ այլ եղանակով, քան սահմանված է այս օրենքով: 

Մասնակիցն իրավունք ունի ցանկացած պահի անվճար փոխելու նախկինում ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդը` իր համար կատարվող հետագա կուտակային հատկացումներն ուղղելու նույն կամ նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող ցանկացած կենսաթոշակային ֆոնդ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

․ Մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ։

․Կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում՝ առողջապահության բնագավառում կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա։

․Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:


Համակարգի պարտադիր բաղադրիչին ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընդդիմացողների մասին

Մինչ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը վիճահարույց էր այն պատճառով, որ չկար վստահություն իշխանությունների նկատմամբ, ընդդիմացողները հակադարձում են՝ խնդիրը ոչ միայն իշխանությունների նկատմամբ վստահության պակասն է, այլ սեփական եկամուտը տնօրինելու սահմանադրական իրավունքի իրացումը։ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» ֆեյսբուքյան խմբում արդեն բազմաթիվ գրառումներ կան, որտեղ մասնակիցները քննադատում են Փաշինյանի՝ կուտակայինի վերաբերյալ ելույթը։ Դատելով խմբի մասնակիցների գրառումներից ու քննարկումներից՝ չի բացառվում, որ առաջիկայում լինեն բողոքի ակցիաներ, եթե պարտադիր բաղադրիչը չկասեցվի։

Հիշեցնենք, որ օրենքի պարտադիր բաղադրիչը գործելու է հուլիսի մեկից, այսինքն եթե մինչ այդ գործող օրենքում փոփոխություններ չլինեն, ապա համակարգի պարտադիր շահառուները կդառնան 1974 թվականին և դրանից հետո ծնված թե՛ մասնավոր, թե՛ պետական աշխատաշուկայում գործունեություն ծավալող անձինք։

Հ. Գ. Հոդվածի հրապարակման պահին կառավարությունը հրապարակեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր բաղադրիչը չկասեցնել:

Մեկնաբանություններ (2)

Տիգրան
Ի դեպ եթե ուշադիր լինեն մարդիկ կտեսնեն, որ իրավական ակտերի նախագծերի կայքում տեղադրված տարբերակից ինչով է տարբերվում այսօրվա նախագիծը, որի առթիվ մոռացվել է փոփոխությունն կատարել նաև 2018թ. պետ.բյուջեի մասին օրենքում,
Լավրենտ
Բայց էս նիկոլայը շաաատ փոփոխականա ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter