HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ-ում քննարկումից հետո հացարտադրողների մտահոգությունները չեն փարատվել

Այսօր գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության դիմաց հավաքվել էին մոտ երկու տասնյակ հացարտադրողներ: Վերջիններիս դժգոհության պատճառը հաց եւ հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրեր ձեռք բերելու սեղմ ժամկետն է: Տնտեսվարողներն առանձին քննարկում են ունեցել ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի հետ, ու չնայած հանդիպումից հետո, կարծես, բավարարված էին, առանձին զրույցներում չփարատված մտահոգություններ ունեին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից պետական գնումներով հաց եւ միս ձեռք բերող կազմակերպություններն ու Երեւանի հանրային սննդի կազմակերպման օբյեկտները պարտավոր են սննդամթերքն ընդունել միայն սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցից:

Իրավական նորմը առեւտրի իրականացման վայրերի համար կգործի նոյեմբերի 1-ից, իսկ հանրապետության բոլոր մարզերում տնտեսվարողների համար փոխադրամիջոցի սանիտարական անձնագիր ունենալը պարտադիր կդառնա 2018 թ. ապրիլի 1-ից: Սննդամթերքի այլ ոլորտներում կարգը կսկսի գործել 2020 թ. հուլիսի 1-ից:

«Տնտեսվարող սուբյեկտներին մտահոգում էին ժամանակացույցի հետ կապված հարցերը, բայց իրենք չէին զբաղվում պետական գնումներով (նկատի ունի, որ բողոքները պետգնումներին մասնակցող կամ հանրային սննդի օբյեկտներին հաց առաքող անձինք չէին- հեղ.): Պարզաբանեցինք, որ իրենց համար նոյեմբերի 1-ն է ժամկետը»,- նշում է ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության վարչության պետ Վահե Դանիելյանը:

Սանիտարական անձնագիր ստանալու համար հաց տեղափոխող մեքենաները պետք է համապատասխան կահավորում ունենան, ինչը հաստատվում է մասնագիտացված կազմակերպության կատարած փորձաքննության արդյունքում տրված դրական եզրակացությամբ: Փորձաքննությունն արժե 22 հազար դրամ: «Հետքին» ահազանգած հացարտադրողներից մեկը նշել էր, որ ծառայությունն ուղղորդում է իրենց՝ տրամադրելով փորձաքննություն իրականացնող ընդամենը 2-3 կազմակերպության հեռախոսահամար:

Խնդիրն այն է, որ այստեղ, ըստ հացարտադրողների, կա շահերի բախում. կազմակերպությունը կարող է դրական եզրակացություն չտալ հացարտադրողի անձնական ուժերով արված կահավորմանը, ինչից հետո վերջինս ստիպված պիտի դիմի նույն կազմակերպությանը՝ ավելի թանկ գներով նույնն անելու համար:

«Ոլորտում քանի՞ մասնագիտացված կազմակերպություն կա» հարցին Վ. Դանիելյանը պատասխանում է.

-Իմ իմանալով 2 կամ 3 կազմակերպություն են այս պահին, բայց դաշտն ազատական է, ցանկացած մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կազմակերպություն եւս կարող է տրամադրել:

-Իսկ դրա համար ՍԱՊԾ-ի որոշո՞ւմն է պետք:

-Ոչ, դրա համար ծառայության որոշումը պետք չէ, ընդամենը պետք է, որ նրանք ունենան մասնագիտական համապատասխան կարողություններ:

Ըստ Վ. Դանիելյանի՝ այսօրվա դրությամբ փորձաքննություն են իրականացնում ««Նարեկ» գիտահետազոտական» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Պարեն» պետական ձեռնարկություն) եւ ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն:  

«Մենք կոնկրետ ցանկ չունենք, թե ովքեր են իրականացնելու փորձաքննությունը,- ասում է տեսչության պետ Դանիելյանը,- այսօրվա դրությամբ ունենք տնտեսվարող սուբյեկտներ (նկատի ունի նշված 2 ՓԲԸ-ներին- հեղ.), ովքեր պատրաստակամություն են հայտնել, որպեսզի իրենք ներկայացնեն եզրակացություն»:

-Չե՞ք կարծում, որ շահերի բախում կա, երբ եզրակացություն տվող կազմակերպությունը նաեւ կահավորելու հնարավորություն ունի, իրեն ձեռք չի տա դրական եզրակացություն տալ, քանի որ իր համար ավելի լավ կլինի, եթե ինքը կահավորի ավելի բարձր գներով:

-Լավ ու վատի հարցը չէ, դրա համար նրանք (հացարտադրողները) ունեն ընտրության հնարավորություն, կարող են դիմել ծառայությանը, որ ծառայությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում տա համապատասխան եզրակացություն եւ սանիտարական անձնագիր: Եթե կա նման շահերի բախում, եթե ունենք այնպիսի խնդիր, որ կոպիտ ասեմ՝ ձվի մեջ մազ են ման եկել եւ ասել են, չէ, ձեր մեքենային չենք տալու եզրակացություն, բերեք քննենք այդ հարցերը: Բայց միգուցե նա իր ուժերով արել է մի աշխատանք, որն իրոք չի համապատասխանել օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին:

-Հաց արտադրողները բողոքում են, որ երբ իրենք իրենց ուժերով են կահավորում մեքենան, դրական եզրակացություն չեն ստանում, այդպիսի երկու դեպք էին նշել: Եվ այսօր էլ ահազանգ ստացանք, որ դեպք է եղել, երբ «ներժով» են կահավորել, բայց մասնագիտացված կազմակերպությունն ասել է, թե ալյումին պիտի լինի, մի ուրիշ դեպքում էլ ալյումինով էին արել, հակառակ բանն են ասել:

-Գիտեք ինչ, հիմա շատերը շատ բան կարող են ասել, եթե կա նման կոնկրետ դեպք, կխնդրենք, որ դիմեն ՍԱՊԾ-ին, ծառայությունը կքննի: Բացառվում է, որ իրենք արած լինեն «ներժով», ասած լինեն՝ չէ, պետք է անեք ալյումինով, սա կամայական որոշումներ կայացնելու հարթակ չէ, թող գան դիմեն ծառայությանը, ծառայությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում կքննի դիմումը եւ նրանց կտա այդ եզրակացությունը:

-Այսինքն՝ տնտեսվարողը կարող է իր ուժերով կահավորած մեքենան բերել ՍԱՊԾ, եւ դուք կտաք միանգամի՞ց, մասնագիտացված կազմակերպության եզրակացությունը պետք չէ՞:

-Այո, 15 աշխատանքային օրվա ընթացքում կքննվի դիմումը եւ համպատասխան ընթացք կտրվի:

-Մասնագիտացված կազմակերպությունների եզրակացությունն այդ դեպքում պետք չէ՞:

-Ես կխնդրեմ ծառայության պետի 85 հրամանին ծանոթանալ, հստակ ընթացակարգը շարադրված է այնտեղ:

-Մենք ծանոթացել ենք, այդպիսի կետ չկա, կարծեմ:

-Կխնդրեմ մանրամասն ծանոթանալ ծառայության պետի 85 հրամանին, հստակ ընթացակարգը թվարկված է:

Մեջբերենք ՍԱՊԾ պետի թիվ 85 հրամանի 8-րդ կետը. «Մասնագիտացված կազմակերպության եզրակացությունը չի ներկայացվում փոխադրամիջոց շահագործող անձի դիմումի համաձայն լիազոր մարմնի կողմից փոխադրամիջոցի սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ, ինչպես նաեւ ինժեներատեխնիկական պահանջներին համապատասխանության մասին մասնագիտացված կազմակերպության եզրակացության տրամադրումն ապահովելու դեպքում»:

Ավելի պարզ ասած՝ տնտեսվարողը կարող է ոչ թե ինքը դիմել մասնագիտացված կազմակերպությանը, այլ դիմել ՍԱՊԾ-ին, որ նա ապահովի եզրակացության տրամադրումը: Սակայն եզրակացությունը, միեւնույնն է, տալու է այդ կազմակերպությունը: Այլ կերպ ասած՝ ՍԱՊԾ-ն միջնորդ օղակ է դառնալու այս դեպքում: Տարբերությունը նաեւ այն է, որ բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում սանիտարական անձնագիրը տրվում է 3 աշխատանքային օրում, իսկ վերը նշված դեպքում՝ 15:

Տնտեսվարողների տեսանկյունից՝ սա հարցի լուծում չէ, ուղղակի նրանք անմիջական շփում չեն ունենալու նրանց հետ, ումից բողոքում են:

Մեքենաների կահավորման համար օգտագործվող թույլատրելի նյութերի մասին տեսչության պետ Վահե Դանիելյանն ասում է. «Մետաղական կարող է լինել, պոլիմերային հիմքով, փայտից կարող է լինել, որպեսզի մենք վստահ լինենք, որ այդ մակերեւույթը հնարավորություն կտա խոնավ մաքրման, ախտահանման, որպեսզի փոխադրման եւ շահագործման փուլում բացառենք երկրորդային աղտոտվածությունը»:

Կահավորման քաշքշուկներից խուսափելու այլընտրանք է այնպիսի փոխադրամիջոցի ձեռքբերումը, որը գործարանային նշանակությամբ տվյալ սննդամթերքի տեսակի փոխադրման համար է արտադրված (տվյալ պարագայում՝ հաց տեղափոխող հատուկ մեքենա է) ու մինչեւ 3 տարեկան է:

Հունիսի վերջին ՍԱՊԾ-ն այս մասին հաղորդագրություն էր տարածել. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տնտեսվարողների համար սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նոր հնարավորություն ստեղծելու նպատակով բանակցություններ է վարել ֆինանսական երկու կառույցների՝ «Արարատբանկ» ԲԲԸ-ի եւ «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծրագիր, որը հնարավորություն կտա սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին համապատասխան մասնագիտացված փոխադրամիջոցներ ձեռք բերել առավել բարենպաստ եւ մատչելի պայմաններով՝ ամրագրված լիզինգային պայմանագրով»:

Նշենք, որ «Արարատբանկը» պատկանում է գործարար Բարսեղ Բեգարյանին, իսկ «ԱԳԲԱ Լիզինգը» «ԱԿԲԱ-Կերդիտ Ագրիկոլ» բանկի դուստր ընկերությունն է, որտեղ բանկն ունի 54 տոկոս բաժնետոմս: Թե քանի տնտեսվարող է արդեն դիմել այս կազմակերպություններին՝ վարկով մեքենա գնելու համար, հայտնի չէ:

Հետաքրքիր են նաեւ մեքենաների վաճառքով զբաղվող այն ընկերությունները, որոնք, ըստ ՍԱՊԾ-ի, «արձագանքել են ՍԱՊԾ նախաձեռնությանը եւ պատրաստակամություն հայտնել մատակարարել մասնագիտացված համապատասխան փոխադրամիջոցներ՝ շուկայի պահանջարկը բավարարելու համար: Բանակցություններ են վարվում մինչեւ ժամանակացույցով նախատեսված ժամկետը՝ սեպտեմբերի 1-ը, մեքենաների ձեռքբերման համար հատուկ պայմաններ սահմանելու ուղղությամբ: Այս կերպ ծառայությունը գործընկերների հետ մտադիր է խրախուսել սննդամթերք տեղափոխող մեքենաների համար սանիտարական անձնագրերն օր առաջ ստանալու գործընթացը»:

Դրանք են՝ «Մուլտի Մոթորս» ՍՊԸ («Opel» եւ «ГАЗель»), «Գալոպեր» (բելառուսական, ռուսական, իտալական արտադրության գյուղատնտեսական, շինարարական, հատուկ նշանակության տեխնիկա) ՍՊԸ, «Մեգնա» ՍՊԸ («Renault») եւ  «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ («Mercedes-Benz»): Սրանցից առաջինը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, երկրորդն ու երրորդը՝ Շախմուրադյաններին, վերջինի հիմնադիրներից մեկն էլ ռուսաստաբնակ գործարար Էդվարդ Ավետիսյանն էր (Երիտասարդական պալատը գնած ու քանդած անձը), ով, ըստ պետռեգիստրի տվյալների, դադարեցրել է մասնակցությունը ՍՊԸ-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter