Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստում գազի ընդհանուր շուկայի ձևավորման խնդիրների մասին․ Պատրաստ ենք ճկուն մոտեցման

Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստում գազի ընդհանուր շուկայի ձևավորման խնդիրների մասին․ Պատրաստ ենք ճկուն մոտեցման

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում Եվրասիական օրակարգի հաջող իրականացման տեսանկյունից կարևորել է բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելը։

Նշելով, որ գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցում մի շարք չլուծված խնդիրներ են մնում, Փաշինյանն ասել է, որ հայկական կողմը պատրաստ է ճկուն մոտեցում ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու և չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար։

«Այս առումով, հայկական կողմն առաջնահերթ է համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։ Մասնավորապես, մեզ համար զգայուն խնդիր է մնում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը։

Կառուցողական երկխոսության և փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով գնալու շնորհիվ հաջողվեց ապահովել գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի պատրաստվածության բարձր մակարդակ։

Սակայն, հաշվի առնելով գործընթացի բարդությունը, էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունից ելնելով, մի շարք չլուծված խնդիրներ են մնում։

Մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու և չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար՝ Միության ընդհանուր գազի շուկայի առավելություններն ու ներուժը լիովին օգտագործելու նպատակով»,-ասել է նա։

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ԵԱՏՄ ներքին աշխատանքին ուղղված նոր համակարգային փաստաթուղթ մշակել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---