1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշները

«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն 
վարկանիշները

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 22-ին մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Բացի սուվերեն վարկանիշից, «Ֆիթչ»-ը մեկ մակարդակով բարձրացրել է նաև արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափը: Այսպես, արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման վերին սահմանաչափը գնահատվել է «BB», որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները «Ֆիթչ»-ի կողմից վարկանշվելու դեպքում արտարժույթով և ազգային արժույթով պարտատոմսերի համար կարող են ստանալ երկրի սուվերեն (BB-) վարկանիշից մեկ մակարդակ բարձր՝ (BB) վարկանիշ:

Արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ պարտավորություններ թողարկողի սուվերեն վարկանիշը վերահաստատվել է «B» մակարդակում:

Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման որոշումը հիմնված է «Ֆիթչ»-ի այն գնահատականների վրա, որ Հայաստանի ինստիտուտները նպաստեցին խաղաղ և սահուն քաղաքական անցմանը և առավել կամրապնդվեն կառուցվածքային բարեփոխումների միջոցով: Կառավարությունը հաստատել է կայուն մակրոտնտեսական քաղաքականություն վարելու և կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու, այդ թվում՝ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարելու, ինչպես նաև ինստիտուտները և կառավարման համակարգը ուժեղացնելու իր հանձնառությունը:

Չնայած արտաքին անկայունությանը, ներքաղաքական ցնցումներին և արագ աճի ժամանակահատվածին, Հայաստանը պահպանել է մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը և գնաճը մնացել է ՀՀ կենտրոնական բանկի 4% թիրախից ցածր:

«Ֆիթչ»-ը մեծապես վստահում է արտաքին պարտքը նվազող հետագծի վրա պահելու Կառավարության հանձնառությանը, որով նախատեսվում է մինչև 2023թ.-ը կառավարության պարտքը հասցնել ՀՆԱ-ի 50%-ից ցածր մակարդակի: «Ֆիթչ»-ն ակնկալում է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը կմնա խելամիտ՝ ֆիսկալ կանոնում ամրագրված սկզբունքներին համապատասխան:

Մասնավոր սպառման աճի և շինարարության ոլորտում իրականացվող դինամիկ մասնավոր ներդրումների շնորհիվ ՀՆԱ-ի աճը եղել է ավելի բարձր, քան նախատեսված էր և դրանից ելնելով «Ֆիթչ»-ը բարձրացրել է Հայաստանի 2019թ.-ի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 6.5% (նախկին կանխատեսումը 4.6%): Ծառայությունների և արդյունաբերության կայուն ոլորտները, Թեղուտի պղնձի հանքավայրի վերաբացման հաշվին հանքարդյունաբերության ոլորտի վերականգնումը և պետական ներդրումների ավելացումը կշարունակեն նպաստել տնտեսական աճին և 2020-2021 թթ.-երին կապահովեն միջին հաշվով 4.7% աճ:

«Ֆիթչ»-ը կանխատեսում է, որ 2019թ.-ին ընթացիկ հաշվի պակասուրդը կկրճատվի  ի հաշիվ հանքահումքային ապրանքների արտահանման աճի և դինամիկ զարգացող զբոսաշրջության, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ճյուղերի: Արտաքին ֆինանսավորման մատչելիությունը, միջազգային պահուստների ավելացումը և փոխարժեքի ճկունությունը մեղմել են միջազգային իրացվելիության ռիսկը: Արտաքին ֆինանսավորման հետ կապված ռիսկերը մեղմվել են 2019թ. մայիսին ԱՄՀ հետ կնքված նախազգուշական Սթենդ-Բայ ֆինանսավորման մեխանիզմով և պաշտոնական վարկատուների աջակցությամբ: 2019թ. սեպտեմբերին Կառավարության կողմից եվրոպարտատոմսերի թողարկումը և հաջորդ տարվա ընթացքում մարման ենթակա պարտատոմսերի 80%-ի ետգնումը վերացրել է վերաֆինանսավորման կարճաժամկետ ռիսկերը:

Բանկային հատվածը լավ կապիտալացված է և վարկերի աճը մնում է բարձր` ի հաշիվ  հիփոթեքային և սպառողական վարկերի աճի: Վարկերի բարձր աճը, մասամբ, արտացոլում է ոչ ֆորմալ տնտեսության կրճատումը, տնային տնտեսությունների իրական եկամուտների ավելացումը և ցածր եկամտաբերության պայմաններում բանկերի «ռիսկայնության ախորժակի»  մեծացումը: Բանկային հատվածի ակտիվների որակը բարձր է:

Նկատենք, որ 2006 թ. հունիսի 5-ին «Ֆիթչ»-ի կողմից Հայաստանին տրվել է «BB-» սուվերեն վարկանիշ», որը 2008թ.-ին մեկ մակարդակով բարձրացվել է, իսկ հետագայում  երկու անգամ՝ մեկական մակարդակով իջեցվել: Առաջին անգամ այն իջեցվել է 2009թ. օգոստոսին՝ պայմանավորված Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցութամբ: Երկրորդ անգամ՝ Հայաստանի սուվերեն վարկանիշը իջեցվել է 2015թ. հունվարին՝  պայմանավորված Ռուսաստանի տնտեսական իրավիճակից բխող Հայաստանի տնտեսության զգալի խոցելիությամբ: 2015թ. հունվարից հետո «Ֆիթչ»-ի կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշը փոփոխության չէր ենթարկվել:

«Ֆիթչ»-ի կողմից «BB-» սուվերեն վարկանիշ ունեցող երկրների թվում են Հունաստանը, Թուրքիան, Բրազիլիան, Հորդանանը, Ուզբեկստանը, Բահրեյնը, Դոմինիկյան Հանրապետությունը, Բոլիվիան և Բանգլադեշը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]