18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանությունը փակեց անցյալի էջը, իսկ ապագան դեռ անորոշ է. 168.am

168.am-ը գրում է. Կորոնավիրուսով իշխանությունները փակեցին անցյալի այն էջը, երբ ոսկե սարեր էին խոստանում հասարակությանը։ Այդ խոստումները, այսպես թե այնպես, չէին իրականանալու, բայց դրա համար հազիվ թե մեկ այլ, ավելի լավ պատճառաբանություն հնարավոր լիներ գտնել, քան կորոնավիրուսն է։ Դա պարզապես փրկություն էր կառավարության համար։

Հիմա արդեն չիրականացված խոստումների, նախատեսված բազմաթիվ ծրագրերի չկատարման ամբողջ պատասխանատվությունը կարելի է դնել կորոնավիրուսի վրա և փակել անցյալի էջը։ Կարևոր չէ, որ տված խոստումների ու նախատեսված ծրագրերի գոնե մի մասը կատարելու համար իշխանությունները գրեթե 2 տարի ժամանակ ունեին։ Ու փոխարենը՝ այդ ընթացքում փորձեին լուծել հասարակությանը հուզող խնդիրները, կենաց ու մահու կռիվ սկսեցին նախկինների ստվերի դեմ։

 

Արդյունքները հայտնի են։ Նշենք միայն, որ իշխանափոխության դեռևս սկզբում հայտարարված որևէ հնչեղ քրեական գործ մինչև հիմա դատարան չի հասել։

Գործով զբաղվելու փոխարեն՝  տևական ժամանակ էլ իշխանությունն ամբողջ պետական համակարգը կենտրոնացրել էր Սահմանադրական դատարանի անդամներին հեռացնելու վրա։ Մինչև կորոնավիրուսով վարակվելու վտանգը վարչապետին ու իր կնոջը չհասավ, այդ գործընթացը չկանգնեցվեց։

Կորոնավիրուսից հետո երկրում այլևս այլ իրավիճակ է։ Հիմա արդեն մարդիկ մտածում են ոչ թե՝ խոստացած ոսկե սարերի, այլ՝ գոյատևման մասին։

Իշխանությունների տված անցյալի խոստումներն արդեն հետևում են, իսկ ապագան խիստ անորոշ է։ Որևէ մեկը չի կարող ասել, թե ուր ենք գնում հիմա։ Իշխանություններն իրենք են հայտնվել արտակարգ դրության մեջ և չեն կարողանում կողմնորոշվել իրենց անելիքներում։ Երկիրը շարունակում է խորանալ տնտեսական ու սոցիալական դժվարությունների մեջ։

Պատճառներից մեկն էլ իշխանությունների թույլ տված սխալներն են, որոնք էլ ավելի են մեծացրել Հայաստանի տնտեսության ու ֆինանսական համակարգի վտանգները։ Այդ սխալների հետևանքով  այսօր տնտեսությունն ավելի մեծ ֆինանսական բեռ է վերցրել, քան մեկ տարի առաջ էր։

Առանց պատշաճ հիմնավորումների՝ հասարակության աչքին լավամարդ երևալու ակնկալիքով, իշխանությունները գնացին նվազագույն աշխատավարձի բավական կտրուկ բարձրացման։ Նախկին 55 հազարից այն դարձավ 68 հազար դրամ։ Ու այդ ծանրությունը դրեցին տնտեսության վրա։

Այսօր, երբ հազարավոր մարդիկ կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև՝ նաև դրա հետևանք է։ Տնտեսությունը, հատկապես փոքր և միջին բիզնեսը, ի վիճակի չէր նման ծանրություն վերցնել։ Առավել ևս, ի վիճակի չէ հիմա։

Արդյունքում՝ ի՞նչ ստացանք. տուժեց տնտեսությունը, չշահեց նաև քաղաքացին։ Ֆինանսական բեռի ծանրացումը մեծացրել է աշխատատեղերի կրճատման ռիսկը։

Ժամանակին, երբ մասնագետներն այս մասին զգուշացնում էին, լսող չկար։ Այնինչ սա առաջիկայում կարող է լուրջ գլխացավանք դառնալ։ Եվ ոչ միայն՝ տնտեսության, այլև՝ պետական բյուջեի համար։ Նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում որոշակի բեռ է ստանձնել նաև բյուջեն։ Այն բյուջեն, որը դարձյալ իշխանությունների անհեռատես քաղաքականության հետևանքով կանգնել է շատ ավելի լուրջ ռիսկերի առջև, քան կարող էր կանգնել։

Կառավարությունը գնաց համահարթ եկամտային հարկի ներդրման, ինչը բերելու է պետական բյուջեի եկամուտների բավական մեծ կորուստների։ Նախնական հաշվարկներով՝ խոսքը գրեթե 25-30 մլրդ դրամի մասին էր։ Հիմա, իհարկե, երբ տնտեսությունը կանգնած է ճգնաժամի եզրին, այդ կորուստներն անհամեմատ ավելի շատ կլինեն, որովհետև դեռ հայտնի չէ, թե այս ընթացքում քանի աշխատատեղ կփակվի, կամ քանի մարդու աշխատավարձ կնվազի։ Բայց որ այդպես էլ կլինի, կասկած չկա։ Արդյունքում՝ բյուջեի կորուստներն անհամեմատ ավելի մեծ կլինեն։

Եվ վատն այն է, որ դրանից չեն շահելու ցածր եկամուտներ ունեցողները։ Մարդիկ, ովքեր այսօր հայտնվել են շատ ավելի ծանր սոցիալական վիճակում։

Եկամտային հարկի համահարթեցմամբ կառավարությունը բյուջեի հաշվին ավելացրեց աշխատավարձերի տեսքով, առանց այդ էլ, բարձր եկամուտներ ունեցողների եկամուտները։ Իսկ ցածր եկամուտներ ունեցողներն այդպես էլ ոչինչ չստացան։ Դեռ մի բան էլ նրանք ստիպված էին իրենց վրա վերցնել եկամտային հարկից բյուջեի կորուստները փոխհատուցելու պարտավորությունը։

Այդ նպատակով կառավարությունը գնաց ենթաակցիզային մի շարք ապրանքների հարկային բեռի ավելացմանը։ Դա բերեց այդ ապրանքների գների բարձրացման, որը ստիպված են կրել սպառողները։ Երբեմն այդ բարձրացումը շատ կտրուկ էր։ Երբ քաղաքացիները կորոնավիրուսի հետ կապված՝ սուպերմարկետներում սպիրտ էին փնտրում, իսկ այն հասցրել էր մի քանի անգամ թանկանալ, նաև այս փոփոխությունների հետևանք էր։

Ակցիզային հարկի բեռի ավելացմամբ՝ կառավարությունը մտադիր էր հետ բերել բյուջեի կորուստները համահարթ եկամտահարկից։ Բայց հիմա ստիպված է լինելու այս ոլորտում ևս հաշվել վնասները։ Սպառման ծավալների նվազումը բերելու է նաև հարկային մուտքերի կրճատման։

Պետական բյուջեի հարկային մուտքերի անկում նկատվեց արդեն փետրվարին։  Չնայած կորոնավիրուսի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա դեռևս չկար, և ամեն ինչ բնականոն հունով գնում էր, այնուհանդերձ, այդ ամսին եկամուտները կրճատվեցին։ Հունվարի հաշվին հաջողվեց ապահովել բյուջեի առաջին եռամսյակի կատարողականը, բայց հետոն խիստ մշուշոտ է։ Սպասվում է, որ նվազումն առաջիկայում շատ ավելի մեծ կլինի՝ կապված՝ ինչպես տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսների, այնպես էլ՝ կառավարության կողմից իրականացվող չպատճառաբանված հարկային քաղաքականության հետ։

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ ոչ միայն համաշխարհային տնտեսության մեջ առկա դրսևորումների, այլև՝ կառավարման ցածր արդյունավետության հետևանք է։ Երկրին ճգնաժամային կառավարում է պետք, իսկ իշխանությունները ոչ միայն չեն կարողանում դա անել, այլև պատիվ չեն համարում օգտվել ուրիշների փորձից։ Հետևանքը եղավ այն, որ համաճարակը շատ արագ տարածվեց մեր երկրում։ Եվ հիմա վարակվածության մակարդակով ամենևին էլ նախանձելի վիճակում չենք գտնվում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ