Լավրով․ ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան

Լավրով․ ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար պահանջվում է միայն Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։

«Այն բանից անմիջապես հետո, երբ Հայաստանը խնդրեց ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողով հրավիրել և այն կայացավ, որոշվեց ՀՀ գործուղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Միացյալ շտաբի ղեկավարին։ Նրանք այցելեցին Հայաստան, իրենց դիտարկումները բերեցին, այդ առաջարկներն արդեն մեկ ամսից ավելի է մեր ձեռքում են։ Այն է՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն գործուղել Հայաստանի տարածք, Ադրբեջանի հետ սահման»,-ասել է Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարտ Միրզոյանի հետ հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ դրա համար միայն մեկ բան է պահանջվում՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, իսկ Խորհրդի նիստ պետք է հրավիրի ՀԱՊԿ նախագահը։

«ՀԱՊԿ նախագահողը հիմա ՀՀ-ն է, ուստի հենց ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք այդպիսի առաքելությանը հավանություն տալ, այն կկարողանա սկսել աշխատանքը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Միրզոյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը սպասում է դիտորդներին, սակայն, դեռևս, նման հանդիպում չի համաձայնեցվել։

Լավրովը հավաստիացրել է, որ ՌԴ-ն պատրաստ է ցանկացած պահի նիստն անցկացնել առցանց ռեժիմով։

Հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել էր ՀԱՊԿ-ից ակնկալիքներին, ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված հանրային դժգոհություններին՝ նշելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է իրավիճակի հստակ քաղաքական գնահատական: «Մի խոսակցության ժամանակ Նույնիսկ ասվեց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կկորցնի Հայաստանը, ինչին ես արձագանքեցի, որ Հայաստանում հակառակ մտավախությունը կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ-ը: Մեկ այլ ձևակերպմամբ ասում են, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես հակառակը ձևակերպեցի՝ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից: Եկեք չմոռանանք, որ հիմա ես ՀԱՊԿ-ի նախագահողն եմ, և ՀԱՊԿ-ի նախագահողը նույն անձի մեջ պետք է բացատրություններ ունենա Հայաստանի վարչապետին: Առաջին հայացքից ուղղակի բառախաղ թվացող այս ձևակերպումներով, կարծում եմ, ձևակերպեցի ամբողջ խնդիրը»,- ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---