ՄԻՊ․ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայողի

ՄԻՊ․ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայողի

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Գեղարքունիքում 6 հայ զինծառայողի գերեվամանը, հայտարարել է, որ ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել 6 հայ զինծառայող քաղաքացիներին:

Նշվում է, որ ՄԻՊ-ը Գեղարքունիքի Գեղամասար համայնքի Կութ գյուղի բնակչից այսօր վաղ առավոտյան ստացել է ահազանգ այն մասին, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան գյուղի հարևանությամբ տեղի է ունեցել զինված միջադեպ, գյուղում պարզ լսվել են կրակոցներ, և ադրբեջանական զինված ուժերն առևանգել են ՀՀ զինծառայողների։ Ահազանգով նշվել է, որ ադրբեջանական զինված ուժերի այդ գործողություններն էլ ավելի են լարվածություն առաջացրել գյուղում:

Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքների արդյունքներով արդեն մի քանի անգամ արձանագրել է, որ ադրբեջանական զինվորականները մայիսի 12-ից սկսած, բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, անօրինական առաջ են եկել Գեղարքունիքի և Սյունիքի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:

Արձանագրվել են ադրբեջանական զինվորականների՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր գործողությունները (Սյունիքում ու Գեղարքունիքում զենքով սպառնալիքներ հովիվներին, կրակողներ գյուղերի անմիջական հարևանությամբ և այլն):

«ՀՀ քաղաքացիական բնակավայրի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած՝ ադրբեջանական զինված ուժերի արարքները լրջորեն վտանգում են ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունը, նրանց ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անձեռնմխելիությունը:

Ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները պետք է դիտարկել 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալու, սահմանային հատվածներում` գյուղերի անմիջական հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու, սահմանային բնակիչներին իրենց պատկանող խոտհարքներն ու արոտավայրերն օգտագործելու օրինական իրավունքից զրկելու միասնական դիտավորության համատեքստում:

ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինծառայողներր նման պարբերական սադրանքներ ու իրավունքների խախտումներ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև պատերազմական գործողությունների ավարտից հետո` մայիսի 12-ից առաջ (տեղ են գտած զեկույցներում ու հաղորդումներում)»,-ասվում է հայտարարության մեջ

Նշվում է, որ միջազգային կառույցները պետք է այս գործոնների միջև իրական կապը պարտադիր հաշվի առնեն և նոր գնահատեն, թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները:

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---