Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի բետոնը կքանդվի՝ անորակ է

Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի բետոնը կքանդվի՝ անորակ է

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյաննայցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ Գյումրի (տրանշ-3) ճանապարհահատվածներ, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։

Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են արվել. համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան։

Նախարարի առաջին կանգառը 1200մ արդեն փռված փորձնական բետոնի տեղամասում էր։ Նախարարությունից հայտնում են, որ որակի հսկողություն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերության պատասխանատուները, մանրամասնելով իրավիճակը, նշել են, որ որակի թեստավորման արդյունքներով փորձնական բետոնապատումը չի համապատասխանում առաջադրված ստանդարտներին և ենթակա է քանդման։

Չինական կողմը ևս ընդունում է, որ անորակ աշխատանք է կատարվել։ Ճիշտ է, որոշ պատճառաբանություններ է ներկայացնում՝ կապված բնակլիմայական պայմանների և այլնի հետ, բայց համաձայն է տրված եզրահանգմանը։ Ուստի, առաջիկայում այն կքանդվի և աշխատանքներ կտարվեն նոր, որակով բետոնապատում կատարելու ուղղությամբ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարար Աշոտ Հակոբյանն ընդգծել է, որ ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող այս ճանապարհի շինարարությունը ՀՀ ղեկավարության ու ժողովրդի ուշադրության կենտրոնում է, և ամեն ինչ պետք է արվի աշխատանքները նախանշված ժամկետներում և որակով իրականացնելու համար։

Աշոտ Հակոբյանը հանձնարարել է արագացնել տեմպերը՝ խստագույնս պահպանելով ճանապարհի շինարարության համար նախատեսված նորմատիվային բոլոր պահանջները։

Ավելի վաղ Աշոտ Հակոբյանը, անդրադառնալով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին», հայտարարել էր բյուջետային սուղ պայմանների պատճառով Հյուսիս-հարավ ճանապարհի մնացած մասի ճակատագիրը դեռևս անհայտ է` ֆինանսավորում չկա: Աշոտ Հակոբյանն ընդգծել է` նախապես հայտարարվել էր, որ ծրագիրը կարժենա 1 միլիարդ դոլար, սակայն այժմ պարզ է, որ այդ թիվն աճելու է:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---