Բաժիններ՝

«Նկատել եմ, որ մարդիկ մշտապես բաժանվել են երեք հիմնական մասի․ ամենաահավորն անտարբեր լինելն է»

Փետրվարյան արևոտ ու ջերմ կեսօր է, շտապում եմ հանդիպման, ոչ մի րոպե ուշանալ չեմ ուզում․ հարցազրույց պիտի վարեմ մեր ժամանակներում ապրող ամենաշքեղ ձայներից մեկի՝ դերասան, հաղորդավար Սարգիս Նաջարյանի հետ։ Պարոն Նաջարյանը սպասում է ինձ Սարյանի պուրակում, հեռվից նկատում եմ նրա ճերմակ մազերը՝ գրեթե ձուլված Սարյանի մարմարյա արձանին։ Միասին գնում ենք արվեստի գրադարան, և գրադարանային լռության մեջ պարոն Նաջարդյանի ձայնը շոյում է իմ ու պատուհանագոգին դրված բույսերի լսելիքները։ Նա խոսում է ոգևորված, ժպիտով, պատմում է ամենակարևորից, պատմում է սիրով․․․

Երբ ես ծնվեցի, աշխարհը նույնն էր` ինչպես միշտ․․․ սկսած Աբելից ու Կայենից՝ առ այսօր․ նորը հնի կրկնությունն է՝ որոշ փոփոխություններով։ Բայց ես կուզեի այդ փոփոխություններն արագ լինեին։ Փոփոխությունները դեպի լավը, դեպի արևը, դեպի ջերմությունը․․․

Մարմինդ, հոգիդ ավելի մաքուր են, երբ երեխա ես, ավելի պարզ, ավելի ջինջ ու տիեզերական։ Հետո ժամանակի ընթացքում և՛ կեղտոտվում ենք, և՛ մաքրվում, և՛ կեղտոտվում․․․ Հիմա դեպի մաքուր ափն եմ գնում նորից։ Դրա համար է պետք մշտապես երեխա մնալ, որ մաքուր լինես։

Իմ մանկությունիցս մի մամռապատ առվակ եմ հիշում, մեր տան մոտով էր հոսում, դրա մեջ աճած բույսերը պարում էին, Ֆիլմից կադրեր հիշեցնում․․․ Իսկ մենք բակի երեխաների հետ ոտաբոբիկ վազվզում էինք դրանց մեջ։ Մանկությունս մաքրամաքուր հրաշք էր։

Վեց տարեկան էի, երբ խնդրեցի ծնողներիս ինձ տանել եկեղեցի և այնտեղ թողնել, որ հետագայում ճեմարանում սովորեմ։ Բայց հայրս խորհրդային գաղափարախոսության կրող էր, բնական է՝ ծայրահեղ կերպով արձագանքեց խնդրանքիս։ Այն տարիներին եկեղեցի երևույթը մերժված էր, բայց կանչն իմ մեջ կար․ ժամանակ առ ժամանակ գնում էի եկեղեցի, չէի հասկանում՝ ինչու, բայց գնում էի, նաև հոգևոր երաժշտություն լսում։ Մայրիկիս հետ Էջմիածին էի գնացել և գնել ձայնապնակ՝ իմ առաջին հոգևոր երգը՝ Լուսինե Զաքարյանի «Սուրբ-Սուրբ»-ը։ Առ այսօր մասունքի պես եմ պահում այն, իսկ Լուսինե Զաքարյանի հետ պատիվ ունեցա աշխատելու չորս ու կես տարի։

Աստված տեսավ, որ իմ ցանկությունը մեծ է, և կատարեց այն․ աշխատանքիս բերումով եկեղեցու պատմությունն ուսումնասիրեցի, մասը դարձա «Վեմ»-ի, տարիներ շարունակ հոգևոր համերգներ եմ վարում և մինչև այժմ այդ միջավայրում եմ։ Ու թեև այն ժամանակ, երբ շուրջբոլորս եկեղեցու հանդեպ մերժողական էին տրամադրված, և իմ մեջ քնեցրել էի ձգտում առ այն, միևնույնն է, ես դա թաքուն պահում էի իմ մեջ։ Հիմա իմ տանը, փողոցում, մետրոյում, ամեն տեղ Տերն ինձ հետ է՝ Իր ճանապարրհի վրա քայլող եմ, խոսում եմ Իր հետ՝ ցածրաձայն, մտովի, երբ տանը մենակ եմ՝ բարձրաձայն, որ խենթի տեղ չդնեն (ժպտում է,-հեղ․)։ Եվ աշխատում եմ մանավանդ հիմա քիչ խոսել հոգևոր թեմաներով, որովհետև երբ կենցաղը խառնվում է հոգևորի հետ ու դա դառնում է սովորական բան, խիստ վիրավորական է․ ճիշտ չէ Աստծո անունը զուր տեղը տալը։

Ծնողներիցս ստացած լավագույն դասն աշխատասիրությունն է, կարգապահությունը․ աննկարագրելի խիստ հայր եմ ունեցել, որի համար շատ շնորհակալ եմ։ Հենց նա է իմ մեջ սերմանել աշխատասիրությունը, և դրանով ես շատ ավելին եմ արել, քան նրանք, ովքեր բնության կողմից շռայլվել էին տաղանդներով։ Մարդասիրությունն էլ մյուս դասն է, որ մայրիկս է տվել։ Միշտ ասում էր՝ մարդկանց հետ լավ վարվիր, այնպես, ինչպես կուզեիր՝ քեզ հետ վարվեին։ Սա իմ սկզբունքն է առ այսօր։ Իհարկե, յուրաքանչյուրիս մեջ էլ կան չարի որակներ․ դա մեր հողեղեն վիճակն է, սակայն երբ գիտակցորեն ես մոտենում և փորձում ես աստվածաշնչյան պատգամները պահել, ոչ թե միայն օդում կրակել, դժվարությամբ, բայց առաջ ես գնում, և դա կարևոր է։ Ինչքան հնարավոր է, պիտի իրագործել, կյանքի կոչել այդ պատգամները։

Մայրս, մայրս, մայրս․․․ հենց նա է եղել այն մարդը, որը մեծապես ազդել է իմ հոգևոր կյանքի զարգացման վրա, նա՛ է ինձ հոգևոր սնունդ տվել, սեր՝ գրքի ու գեղարվեստի նկատմամբ։ Ասում էր՝ ամենագեղեցիկ բաները, որ տեսնում ես, մի՛ մոռացիր, վերարտադի՛ր, դու շնորհք ունես, աշխատի՛ր։ Նույնիսկ չգիտեի՝ ինչ էի դառնալու, բայց մայրս միշտ նպատակաուղղում էր ինձ դեպի գեղեցիկը։ Նա ներդնում էր այդ ամենն իմ մեջ, բայց թե հետո ինչ կանեի դրանք՝ իմ սեփական գործն էր, իմ առաքելությունն էր։

Ամբողջ կյանքը գեղարվեստ է։ Բայց մարդկության պատմությունը տեսել է բազում սերերի մահեր, պատերազմներ հենց գեղեցիկը չգնահատելու պատճառով, ներսում գեղեցիկի զգացողություն չունենալու պատճառով։

Կյանքը լիարժեք է, երբ շրջապատված ես հաճելի ու լավ մարդկանցով՝ փոքրաթիվ (ծիծաղում է,-հեղ․)։ Անիմաստ մարդաշատ տեղերը էներգիա են գողանում, զգում ես, որ ինչ-որ մի բան քեզնից պակասեց․․․ Վերականգնվելու համար պիտի մենակ մնամ, շփվեմ այն ամենի հետ, ինչն ինձ էներգիա կտա շարունակելու իմ գործը։ Մենակությունը դաժան ողբերգություն չէ, երբ հոգիդ լի է, երբ հիշողություններ ունես, անմարմին կերպարներն են հետդ։ Իմ տան պատերից ամբողջությամբ նկարներ են կախված՝ մեր մեծերն են, տարբեր գեղանկարներ․ դրանք ինձ ուժ են տալիս և ամեն ժամանակ ինձ պահում գեղեցիկի, հոգևորի մեջ։ Յուրաքանչյուր նկար մի աշխարհ է, որի հետ պիտի շփվել, խոսել, առնչվել․․․ Կյանքը լիարժեք է նաև, երբ գիտես, որ երեխաներդ լավ են, լավ բան են արել իրենց աշխատանքում, տանը, ուրիշի համար, անծանոթի համար, մայրս միշտ ասում էր՝ անծանոթին լավություն արա, եղբորդ, քրոջդ միշտ էլ կանես։ Դա է վարձքը։

Ամեն առավոտ, փառք եմ տալիս Աստծուն, որ արևի լույս եմ տեսնում․ ուրիշ ոչինչ ինձ պետք չէ։

Ամեն վայրկյան ու ամեն րոպե ես ստեղծագործում եմ, շատ հետաքրքիր շրջան է կյանքումս։ Թե մտածածս, որոշածս գրի չառնեմ ու չանեմ, կհիվանդանամ․ ես վաղը չունեմ։ Դրա համար էլ կամ քնում են գիշերվա չորսին կամ այդ ժամին արթնանում, ինչին հաջորդում է մի բաժակ սուրճն ու ստեղծագործական աշխատանքը։ Էներգիան, որ մեզ տրվում է ամեն օր, միայն առօրյա գործերը հասցնելու համար չեն․ երկինքը, տիեզերքը մեզ այլ բանի համար է տրված։

Հուսահատության պահերին, չծիծաղեք, գնում եմ կենդանաբանական այգի, որովհետև նեղացել եմ մարդկանցից, մարդ արարածից, ու գնում եմ կենդանիների աշխարհ․ սա ինձ համար արտաքին աշխարհից կտրվելու մի ձև է (ժպտում է,-հեղ․)։ Թեև կարծում եմ, որ կենդանիներին չպիտի բանտել, առանց այն էլ մարդը մարդուն բանտում է, հասել ենք նաև կենդանիներին․․․

Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի, որ այլևս երբեք չպիտի լինեմ այնտեղ, ուր չկա անհրաժեշտությունը լինելուս։ Հակառակ դեպքում ապտակվում ես կյանքից։ Ես տեսել եմ լավը, տեսել եմ Սարոյան, Ազնավուր, մտերմիկ շփում եմ ունեցել նրանց հետ։ Այս և այլ հայ մեծերի հետ շփումից եմ հասկացել, որ աշխարհս դա պիտի լինի, որովհետև դա է հոգուս ձայնն ու պահանջը։

Բայց միակ մարդը, ում հետ զրուցելու հնարավորություն կուզեի ունենալ, Կոմիտասն է։

Նա է հարազատս, եղբայրս, արյունս․․․ շատ փոքր եմ, հյուլե՝ նրա մեծության առաջ։ Բայց կուզեի հնարավոր լինել պարզել իր եղած-հորինված հիվանդության մանրամասները։ Նա շատ դժվար ու անդաստական կյանք է ապրել, իսկ ես ուսումնասիրել եմ այդ ամենը, հսկայական արխիվ ունեմ, նույնիսկ Փարիզ եմ հասել, այցելել այն հոգեբուժարան, որտեղ Կոմիտասն է եղել։ Բայց վստահ եմ՝ ինչպես երաժշտագետ Ցեցիլիա Բրուտեանն է ասում իր գրքում՝ Կոմիտասը չի խելագարվել, նա խռովել է մարդկանցից։ Իսկապես, Կոմիտասն իջավ երկնքից, մաքրեց հայ երգը, տվեց հայ երգն ու նորից գնաց վերև, պետք չէր այլևս, որ մնար աշխարհի անմաքրության մեջ։

Կյանքիս մեծագույն ձեռքբերումը«Կոմիտաս. Կարոտի կռունկ» մոնոներկայացումը հեղինակելն եմ համարում։ Եվ նաև «Մատյան ողբերգության» ձայներիզի թողարկումն՝ ամբողջությամբ իմ սեփական ուժերով։ Իսկ ամենամեծ կորուստը՝ մորս մահն է, ֆիզիկապես ինձ հետ չլինելը․ այս կորուստը մինչև կյանքիս վերջ տանելու եմ․․․

Երբ ես չլինեմ՝ ինձ շարունակող կլինի. զավականերիցս երկուսը բոլորվին այլ մասնագիտություններ են ընտրել, իսկ փոքր աղջիկս՝ Սոնան, իմ ոլորտից է։ Մի ամբողջ սենյակ արխիվային նյութեր ունեմ, ընթերված գրքեր, պահպանված հաղորդումներ, գրեր, որոնց հետ աշխատանքը հենց դուստրս էլ կշարունակի․․․

Արածս աշխատանքը պիտի որակյալ լինի, որովհետև ինձ վստահում են։ 19 տարեկանից այս գործում եմ, չի եղել դադարի շրջան։ Աշխատանքային դաստիարակությունս ստացել եմ այնպիսի հայ մեծերից, ինչպիսիք են Մարատ Հալաջյանը, Հրաչուհի Ջինանյանը, Վերա Հակոբյանը․․․ Խոսքարվեստի նման վարպետների հետ աշխատանքը կոնկրետացրել է ինձ, գրագիտությունն ու կարգապահությունը դարձրել սկզբունք, որով աշխատում եմ։ Եվ սա երբեմն դժվարությունների է բերում, որովհետև նույնն եմ ակնկալում ուրիշներից, երբեմն ինքս եմ միջամտում, օրինակ, համերգի կազմակերպչական աշխատանքներին, որ այն կայանա, լավը ստացվի, անգամ կուլիսներում հետևում եմ կազմակերպչի աշխատանքներին․․․ Մտքեր կան գիրք գրելու այս մասին (ժպտում է,-հեղ․)։

Նկատել եմ, որ մարդիկ մշտապես բաժանվել են երեք հիմնական մասի՝ չար, բարի, անտարբեր․ ամենաահավորն անտարբեր լինելն է։

Կգերադասեի Քրիստոսի ժամանակներում ապրել, ամեն ինչ շատ ավելի կոնկրետ էր այն ժամանակ։

Սիրած եկեղեցի ունեմ՝ Սուրբ Սարգիսն է։ Սիրտս հաճախ է կանչում այնտեղ․ հրաշք է ինձ համար։ Ինձ համար ամենամեծ մեղքերից է հենց այնպես, ձևի համար Աստծո տուն գնալը։

Ամեն օր սիրում եմ։ Երբ արթնանում եմ, լույս եմ տեսնում, զգում եմ, որ առողջ եմ, որ հոգիս խաղաղ է, որովհետև ոչ մեկին չեմ նեղացրել, հենց սա էներգիայի աղբյուր է դառնում, սեր է ծնվում։ Սերս մեծ չէ, լուսատտիկից մի քիչ է խոշոր, բայց լավ լույս է տալիս (ժպտում է,-հեղ․)։

Դրախտն ու դժոխքն, իմ պատկերացմամբ, իրար հարևանությամբ են գտնվում, նույնիսկ անտեսանելի դուռ կա դրանց միջև։ Զգացողություն ունեմ, որ դրախտը կիսով չափ հենց մեր մոլորակն է, որն Աստված ստեղծել է մեզ համար, ինչը, սակայն, մենք չենք տեսնում, կույր ենք․․․

Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝ կհիասթափվի․․․ երանի հետո գա, և մարդը հասցնի ինքնագիտակցության գալ, շտկել մոլորակը։ Վատը շատացել է, թեև, հավանաբար, բնական վիճակ է․ բարուն չարն է հակադրվում մշտապես։ Մարդը պիտի կարողանա ընտրել՝ Աստծո տված տեսողության շնորհիվ, ու պիտի կարողանա պահել այն սերը, որով ծնվում է, գալիս աշխարհ։

Զրուցեց՝ Ա․ Պողոսյանը

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս