211652_close_icon
views-count2228 դիտում article-date 12:28 20-08-2020

Քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով. Փաշինյան

Նախորդ երկու-երեք շաբաթների իրավիճակները համեմատելով՝ կարող ենք հանգել, որ ունենք կորոնավիրուսային իրավիճակի կայունացում։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ըստ նախարարի՝ բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը թեթև և կառավարելի է. «Հաշվի առնելով այն տնտեսական ակտիվությունը և ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, կարծում եմ՝ շատ դժվար է լինելու մեր օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը, եթե իմ ասած իրավիճակը պահպանվի»: Նա նաև հավելեց, որ պետք է սպասեն և ակնկալեն, որ կտրուկ անկումներ դժվար կարողանան արձանագրել, սակայն դրված կանոնները և դեռ առկա սահմանափակումները պետք է պահպանեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ կայունություն ասվածը հարաբերական է, որովհետև այդ կայունությունը ցանկացած պահի կարող է փոխվել ու դառնալ անկայունություն. «Հանրությունն ավելորդ ոգևորությամբ է արձագանքում թվերի նախընթաց անկմանը։ Իհարկե, թվերը հուլիսի հետ համեմատած նվազել են, բայց եթե ճիշտ չարձագանքենք իրավիճակին, արագ կվերադառնանք հուլիսյան իրավիճակին։ Մենք գիտենք, որ 100 նոր դեպքերից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու։ Սա միայն Հայաստանի խնդիրը չէ, ամբողջ աշխարհում է այդպես»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը նաև հավաստիացրեց, որ ոչ մի քաղաքացի առանց բուժօգնության չի մնա, բայց քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով։

Նմանատիպ նյութեր