Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նկարիչ, որը զգում է ժամանակի զարկերակը. Արամ Իսաբեկյանի 70-ամյակը նշվել է անհատական ցուցահանդեսով

Նկարիչ, որը զգում է ժամանակի զարկերակը. Արամ Իսաբեկյանի 70-ամյակը նշվել է 
անհատական ցուցահանդեսով

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի 70-ամյա հոբելյանին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նկարչի անհատական ցուցահանդեսը, որում ներկայացված են Իսաբեկյանի վերջին տարիներին արված բազմաթիվ կտավներ՝ տարբեր թեմաներով և ուղղություններով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 29-ը:

Արվեստաբան Օվսաննա (Օսյա) Քարամյանը, որը ցուցահանդեսի համադրողն է, կարծում է՝ Իսաբեկյանն ունի անկաշկանդ վրձին, խոսուն գույների սահուն խտացում, անսպառ երևակայություն՝ անսահման տարածության մեջ, մտքի և ժամանակի զուգահեռ ընթացք, ընդվզում և կամք, հարատև շրջապտույտի մեջ հայտնված մի մեծ հետագիծ:

«Երբ մենք ճանաչում և հիանում ենք որևէ ստեղծագործությամբ,  հեղինակին հաճախ ընկալում  ենք տվյալ ստեղծագործության հետ մի ամբողջության մեջ: Անհատի տաղանդը բացահայտում ենք ժամանակի բազմաշերտ հարթության համատեքստում. երևում է մի ճանապարհ, որով նա անցել ու կերտվել է, շփոթվել, կասկածել,  ծարավել ու հագեցել է,   վշտացել,  հուսահատվել, բայց չի հանձնվել,  պայքարել ու հաղթել է,  որոնել և ի վերջո գտել է իր ճշմարիտ ուղին»,-նշում է արվեստաբանը:

Ըստ Քարամյանի՝ Արամ Իսաբեկյանը մարդ-երևույթ է, ուսուցիչ, վարպետ, մտածող, որ ստեղծում է կտավներ՝ ամփոփված կարողությունների անհագ կանչով՝ իր աշխարհընկալմամբ, իր մեկնությամբ, իր իսկ աշխարհի մասին ամբողջականության  ըմբռնմամբ։

Արվեստաբանի համոզմամբ՝ Իսաբեկյանն զգում է ժամանակի զարկերակը, բացահայտում է ժամանակի  ընկալումն ու ասելիքը։ «Բազմաժանր ստեղծագործողի  անվերջ  փնտրտուքներն ու  վերլուծական միտքը՝ հուզական և գունային ինքնատիպ դրսևորումներով, կյանքի   անվերջանալի  շրջապտույտում  ձգտում է գտնել գեղեցիկը, չարի նկատմամբ բարու հաղթանակը։ Նրա յուրաքանչյուր կտավ առանձին պատմություն է, նկարչի ներաշխարհի հորիզոնները բացահայտող հոգեվիճակ՝  երբեմն տևական, երբեմն էլ  պահի հրամայականով թելադրված։ Իսաբեկյանը ճանաչում է բնությունը, մարդուն, բնավորությունը՝  համարձակորեն թողնելով կտավի վրա այն, ինչ զգում է,  արթնացնելով կյանքը սիրելու անհագուրդ ձգտում, երազելու և արարելու անսպառ ցանկություն։  Նրա վրձինը շունչ է տալիս կտավին՝ հստակ արտահայտելով յուրաքանչյուր պատկերի ոգեղեն լինելը. նրա համար բնության մեջ չկա կենդանի-անկենդան բաժանում. բոլորը հավասարեցված են, ընգծված ու հավասարապես նշանակալի, և ամեն մեկի մեջ դրոշմված է իսբեկյանական կնիքը»,-ընդգծում է  ցուցահանդեսի համադրողն ու հավելում՝ Արամ Իսաբեկյանի բազմաբնույթ ունակությունները, գեղարվեստական բարձր ճաշակն ու վարպետությունը հստակ արտացոլվում են նրա թե՛ ռեալիստական, թե՛ իմպրեսիոնիստական, թե՛ սյուրռեալիստական և թե՛ աբստրակտ նկարչության մեջ։

Օվսաննա Քարամյանը նշում է՝ Իսաբեկյանը հայկական ստեղծագործ իրականության այն վարպետներից է, որն իր վառ հետագծով հարստացրել է հայ գեղանկարչությունը  ուրույն մտածելակերպով, գեղանկարչական նոր թեմաներով՝ համարձակորեն փորձելով  ներդնել նոր ժամանակի թելադրանքի մեջ իր դիպուկ ասելիքը:

Իսկ Արամ Իսաբեկյանը խոստովանում է, որ իր արվեստի վրա ահռելի  ազդեցություն ունի այն ինտելեկտուալ պաշարը, որն ստացել է ամբողջ կյանքի ընթացքում  կարդացածս գրքերից, տեսած ֆիլմերից, լսած երաժշտությունից, տաղանդավոր մարդկանց հետ շփումներից, ինչը չէր կարող չթողել իր հետքն իր արվեստում:

«Ես եղել եմ շատ զգայուն այն ամենի նկատմամբ, ինչը տեղի է ունեցել իմ շրջապատում և աշխարհում: Ե՛վ  լավը, և՛ վատը, և՛ ուրախությունը, և՛տխրությունը չէին կարող ինձ անտարբեր թողնել: Կարծում եմ՝ նաև դա է պատճառը, որ իմ տարբեր շրջանների աշխատանքներն իրենց ոճային արտահայտմամբ տարբերվում են իրարից»,-եզրափակում է նկարիչը:

Ցուցահանդեսը կազմակերպել է ՀՀ գեղարվեստի ակադեմիան, ՀՀ նկարիչների միությունը, ԱրթԶ կրթամշակութային հասարակական կազմակերպությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]