Բաժիններ՝

2020 թվականին Թրամփի վերընտրվելը պաշտպանում է ամերիկացիների միայն երրորդ մասը. հարցում

2020 թվականի ընտրություններում նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելը պաշտպանում է ամերիկացիների 38 տոկոսը: Այդ մասին վկայում են Մոնմուտի համալսարանի հետազոտական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են մարտի 11-ին: Հարցվածների 57 տոկոսը կարծում է, որ Սպիտակ տանը Թրամփին պետք է փոխարինի այլ քաղաքական գործիչ:

Գնահատելով ընտրողների տրամադրություններն այն 300 ընտրատարածքներում, որոնք Թրամփի հաղթանակի համար առանձնապաս կարեւոր էին 2016 թվականի ընտրություններում, հարցման կազմակերպիչները պարզել են, որ այդ ընտրատարածքներում, որտեղ ապրում է ամերիկացի ընտրողների հինգերորդ մասը, միայն 33 տոկոսն է պաշտպանում երկրորդ ժամկետով Թրամփի վերընտրվելը, իսկ 61 տոկոսը պատրաստ է պաշտպանել այլ թեկնածուի:

«Թրամփն ունի կողմնակիցներ, սակայն պարզ չէ՝ կկարողանա նա արդյոք հույս դնել տատանվող ընտրողների վրա, որոնք վերջին հաշվով ապահովեցին նրա հաղթանակը 2016 թվականի ընտրություններում»,-նշել է Մոնմուտի համալսարանի հետազոտական ծառայության ղեկավար Պատրիկ Մյուրեյը: Հարցման մասնակիցներին առաջարկել են նաեւ իրենց վերաբերմունքն արտահայտել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածուների նկատմամբ:

Հարցմանը մասնակցած դեմոկրատների 28 տոկոսը հայտարարել է, որ պաշտպանում է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի թեկնածությունը, որն առայժմ չի հայտարարել նախընտրական պայքարի մեջ մտնելու մասին:

Դեմոկրատական կուսակցության հարցված յուրաքանչյուր չորրորդ անդամը հանդես է եկել հաջակցություն Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի: Դեմոկրատների 10 տոկոսը հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսին աջակցելու մասին, 8 տոկոսը պաշտպանել է Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենին, 6 տոկոսը՝ Տեխասի նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բեթո Օ՛ Ռուրքին:

Իսկ եթե Բայդենը որոշի չմասնակցել նախագահական մրցավազքին, ապա, հարցման տվյալների համաձայն, նրա ներկայիս կողմնակիցների քառորդ մասը պատրաստ է աջակցել Սանդերսին: Հարցումը հեռախոսով անցկացվել է մարտի 1-ից մինչեւ 4-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել է 746 գրանցված ընտրող: Հարցման վիճակագրական անճշտությունը գնահատվում է 3,6 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս