Փաշինյան․ Ակնկալիքս հստակ է՝ ԼՂ-ում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը

Փաշինյան․ Ակնկալիքս հստակ է՝ ԼՂ-ում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը

PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի անկախության՝ ճանաչում հանուն փրկության սկզբունքը, հակառակ պարագայում հայությունը կենթարկվի ցեղասպանության, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շվեյցարական RTS հեռուստաընկերությանը հարցազրույցում:

«Եվ սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա: Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նշանակում է, որ այնտեղ ոչ մի հայ չի բնակվելու, ի հեճուկս այն բանի, որ ԼՂ ամբողջ պատմության ընթացքում, բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր, և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը»,- ասել է նա։

Անդրադառնալով հակամարտության փոխզիջումներին՝ վարչապետը նշել է, որ 2011-ին կազանյան պրոցեսի շրջանակում հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել փոխզիջումային փաստաթուղթ, բայց Ադրբեջանը հրաժարվել է, քանի որ ընթացակարգ է նախատեսված եղել, որով կարելի էր ճշգրտել սեփական կարգավիճակը։

«Եվ կարծում եմ՝ հիմա առավել ևս Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ, նաև այն պատճառով, որ Թուրքիան է մեծապես կառավարում պրոցեսները, այդ թվում՝ Ադրբեջանում: Իսկ Թուրքիայի համար սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիր է, այլ թուրքական նոր կայսերապաշտական, էքսպանսիոնիստական քաղաքականությունը շարունակելու խնդիր, իսկ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք ծավալվելու, էքսպանսիոնիստական քաղաքականություն վարելու համար»,-ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը հետևողականորեն կիրառել է ուժի սպառնալիք ու հիմա էլ ուժ է կիրառում՝ Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքին հասցված հարվածի մասին հարցին ու այդ պարագայում ՌԴ դերակատարությանը՝ վարչապետը նշել է, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց անվտանգային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ:

«Բայց մեծ հաշվով կարծում եմ՝ Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի, ավելի ընդարձակ դեր ունի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու գործում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Շատ կարևոր եմ համարում, քանի որ Ռուսաստանը մեր տարածաշրջանին ամենամոտիկ և ներկա համանախագահն է, մյուս համանախագահները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և ընդհանրապես միջազգային հանրությունը աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդպիսի կայունացնող ջանքեր գործադրելու ճանապարհին»,- ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---