Քաղաքական

03.04.2019 20:57


Պուտինն անձամբ է զբաղվում ԼՂ հակամարտության կարգավորմամբ. Տարասով

Պուտինն անձամբ է զբաղվում ԼՂ հակամարտության կարգավորմամբ. Տարասով

Ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը Regnum լրատվական գործակալության կայքում հրապարակած հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի՝ օրերս կայացած հեռախոսազրույցներին:

«ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարի համատեքստում Վիեննայի հանդիպումից հետո Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում հեռախոսազրույցների ակտիվացումը պատահական չէ։ Այն ուշագրավ է նրանով, որ, ի տարբերություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրների ղեկավարների, ՌԴ նախագահն ամենաակտիվն է փորձում նպաստել հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակների որոնմանը: Դա հանգեցնում է այն մտքին, որ կարգավորման գործընթացը` Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ, նոր փուլ է մտնում՝ չնայած, որ դրա ուրվագիծը դեռևս չի նշմարվում»,-գրում է Տարասովը՝ հիշեցնելով, որ հենց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությամբ հաջողվեց կանգնեցնել Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան սրացումը:

«Հենց Պուտինը միջնորդի դերում հանդես եկավ Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների ժամանակ: Ե’վ առաջին, ե’վ երկրորդ դեպքում ԵԱՀԿ-ն գործից հեռու էր։

Բաքվի և Երևանի միջև, ըստ ամենայնի, միջնորդը եղել է ու կա: Ամեն ինչ ցույց է տալիս Ռուսաստանի նախագահի կողմը՝ չնայած, որ այստեղ հանելուկները շատ են: Դավադրության տեսությանը հավատալու ցանկություն չկա, սակայն բաց է մնում հարցը՝ ինչո՞ւ Ալիևը հենց սկզբից պայմանավորվածությունների գնաց Փաշինյանի հետ, և դա արեց նախքան դեկտեմբերին նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը»,-գրում է Տարասովը՝ նշելով, որ ժամանակին ադրբեջանցի փորձագետները կանխատեսում էին «Փաշինյանի ռեժիմի» անկումը:

Նրա խոսքով՝ Բաքուն և Երևանը դիտարկում են Ռուսաստանին որպես ամենամոտ միջնորդի, որը բավարար քաղաքական կամք ունի, որպեսզի փոխի ստատուս քվոն և կյանքի կոչի խաղաղասիրական նախաձեռնությունները:

Քաղաքագետի խոսքով՝ նման իրավիճակ գոյություն ուներ նաև նախկինում, սակայն Մոսկվայի ներկայիս ակտիվացումը, հնարավոր է, կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, և ցանկություն կա լուրջ առաջխաղացման հասնել ԼՂ կոնֆլիկտի կարգավորման հարցում:

«Այդ իսկ պատճառով Պուտինը Փաշինյանին ու Ալիևին դրդում է երկխոսության` փոխզիջման հասնելու համար: Ի՞նչ ձևաչափով դրան կհաջողվի հասնել` ԵԱՀԿ ՄԽ միջնորդությա՞մբ, թե՞ Փաշինյան-Ալիև երկխոսության, դեռ սկզբունքային նշանակություն չունի։ Մինչ այդ հստակ տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում խաղաղության հասնելու համար «ճանապարհային քարտեզ» է ծնվում, որը լավագույնս կբխի հակամարտության երկու կողմերի ազգային շահերից,-գրում է Տարասովը՝ հավելելով,-Պետք է կարգավորել ԼՂ հակամարտությունը, և դա անել այնպես, որ, ինչպես Պուտինն է ասում, «ո՛չ հաղթող լինի, ո՛չ էլ պարտվող»: Իսկ մինչ այդ ՌԴ նախագահը ցանկանում է հասնել նրան, որ սկզբի համար Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները Մոսկվայի երաշխիքների ներքո իրավական բնույթ ստանան»,-եզրափակել է Տարասովը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը