HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Համագործակցություն. լրագրողների ու ոչ միայն լրագրողների համար

Ի՞նչն ես ավելի շատ սիրում՝ ա՞նձդ, թե՞ մասնագիտությունդ։ Հայաստանում հաճախ այս հարցը գալիս է երբ տեսնում ես, թե ինչպես է որևէ բժիշկ, փողի հետևից ընկած, պացիենտին կլպում, կամ ոստիկանը փողով հանցագործին ազատում է, կամ՝ լրագրողը կեղծ լուր տարածում։ 
Ավետարանում խոսք կա. 
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ՚արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային»:

Ընդհանրապես Ավետարանում սիրո օրինակելի քարոզներ կան, ասենք՝ նաև «սիրի՛ր քո ընկերոջը ինչպէս քո անձը»։
Ավետարանի քարոզը անվանում են բարոյականություն, ու չգիտեմ, թե մասնագիտությունը սեփական անձից ավելի սիրելն ավետարանի՞ց է անցել, Աստծո տեղը մասնագիտությո՞ւնն է զբաղեցրել։ Եթե այդպես է, այնուամենայնիվ չեմ կարծում, թե մասնագիտությունը սեփական անձից առավել սիրելը բարոյականության հետ է կապված։ 

Ամենամեծ հիացմունքն են պատճառում այն բժիշկները, ովքեր իրենց մարմինը վարակելով են հիվանդության բուժումը փնտրել։ Նրանց արարքի մեջ բարոյական կողմը չեմ կարծում թե առաջնայինն է, մի ուրիշ, այնպիսի կիրք է առաջնորդում նրանց, որ սեփական մարմինն են օգտագործում նպատակին հասնելու համար, այսինքն մի բան ավելի են սիրում, քան իրենց մարմինը։ Որկրամոլն էլ է սեփական մարմինը օգտագործում, բայց այլ նպատակով՝ ուտելիքից հաճույք ստանալու համար։
Այս դատողությունները ինչի՞ համար եմ անում անկախության օրով։ Ֆեյսբուքում տեսա տարբեր մարդիկ պտտեցնում են այս ֆլեշմոբը (այսպես է կոչվո՞ւմ).
«Պատրաստ եմ 100 օր իմ մասնագիտական բոլոր կարողությունները հասարակական կարգով ի սպաս դնել կառավարությանը՝ հանուն Հայաստանի Հանրապետության: Կիսվիր, եթե դու էլ ես պատրաստ»։
#Հանուն_Հայաստանի_Հանրապետության»։
Եթե, օրինակ, որևէ լրագրող կամ բժիշկ, կամ ճարտարապետ պատրաստ է և ուզում է կիսվել, հետաքրքիր է՝ ինչպե՞ս պետք է մասնագիտական կարողությունները ի սպաս դնի կառավարությանը։ Կարծես թե Կառավարությունն այնքան ռեսուրս ունի՝ գտնելու համար կարևոր մասնագետների, և եթե դու պետք լինես, մի ձևով քեզ էլ կգտնի։ 

Ապա, այլ հարց է առաջանում. արդյոք միայն կառավարության մեղքն է, որ բժշկին, լրագրողին կամ ասենք ճարտարապետին փողն ավելի է հետաքրքրում, քան մասնագիտությունը, որ հանուն փողի կարող են մասնագիտությանը վնաս պատճառել՝ ճարտարապետը պատվիրատուի խաթեր «Ծածկած շուկան» ավիրի, բժիշկը հիվանդին հատուկ վախեցնի, որ նա ավելին վճարի, լրագրողն էլ իր պատվիրատուի խաթեր ինչ-որ մեկի մասին սուտ լուր տարածի, այդպիսով՝ նաև հասարակությանը վնաս պատճառեն։ 

Գուցե ամեն բնագավառի հետ կապված կառավարության դերը տարբե՞ր է, օրինակ, լրագրության դեպքում, Կառավարությունը, գուցե, պետք է այնպիսի պայմաններ ստեղծեր, որ ԲՈՒՀ֊երը լրագրողական որակով կրթությո՞ւն տային։ Սակայն, արդյոք միայն կրթության որակից է կախված լրագրության որակը։

Լրագրությունը հասարակական գործունեություն է, լրատվություն հաղորդող բոլոր միջոցները մի ընդհանուր համայնքի մաս են կազմում, որն առաքելություն ունի ճշմարտություն հաղորդելու, և եթե մի թերթ կեղծում է, ապա հարվածում է ամբողջ լրագրային համայնքին, և եթե մյուս լրատվական միջոցները լռում են, չեն ասում, որ իրենց գործընկերը կեղծիք է թույլ տվել, իրենք էլ են նպաստում, որ կեղծիքը տարածվի, ուրեմն իրենք էլ են անուղղակի կերպով էթիկա խախտում, չէ որ իրենց գործը ճշմարտությունը ցույց տալն է։ 

Հայաստանում լրագրողները չեն փորձում իրենց գործընկերոջ կեղծիքը բացահայտել, եթե երբեմն այդպիսի բացահայտումներ լինում են, ապա հիմնականում ոչ թե ի շահ լրագրության ու հանուն ճշմարտության, այլ ինչ-որ այլ թայֆայի շահերի համար։ Ուրեմն, և կեղծարարը, և նրան չբռնեցնողը իրենց անձը ավելի են սիրում, քան լրագրությունը, հետևաբար նաև անձնական հարաբերությունները, թշնամիներ չվաստակելու ցանկությունը ավելի կարևոր է, քան ճշմարտությունը։
Ուրեմն, ահա, թե ինչու չեն առաջանում նաև մասնագիտական ինքնակառավարման այնպիսի կառույցներ, որոնք կգնահատեն լրագրողների ու թերթերի էթիկան ու նաև նյութերի ստեղծագործականությունն ու առանձնահատկությունները գնահատելով՝ լրագրությունը որոշակի ընթացքի մեջ կդնեն։

Կոպիտ ասած՝ եթե մի թերթ կամ լրագրող, մշտապես կեղծիք հրապարակելով, հասարակությանը ապակողմնորոշում է, իսկ լրագրողական մասնագիտական այնպիսի կառույց չկա, որ այդ թերթին ու լրագրողներին վտարի լրագրողական հանրությունից ու դրանով հասարակությանը ցույց տա, որ նրանց նյութերն արժանահավատ չեն, ապա ինչքան էլ առանձին լրագրողներ լավ կրթություն ստացած լինեն՝ ոչինչ չի փոխվի։ 

Ի՞նչ է անհրաժեշտ լրագրության ոլորտում բարեփոխման համար. չեմ կարրծում, թե կառավարությանը ծառայություն առաջարկելով՝ փոփոխություն կլինի։ Երևի այն, որ հնարավորինս շատ լրագրողներ իրենց մասնագիտությունն ավելի սիրեն, քան իրենց անձը, կամ գոնե «սիրե՛ն լրագրությունը, ինչպէս իր անձը»։

Եթե հեղափոխությունից այդ սերը մասնագիտության նկատմամբ աճի, ուրեմն, իրոք, լրագրության բարեփոխման խոչընդոտը Հանրապետական կուսակցությունն էր։ 

Ուրեմն, լրագրողների համար կառաջարկեի այլ հաշտեգ.
«Պատրաստ եմ իմ մասնագիտական բոլոր կարողությունները հասարակական կարգով ի սպաս դնել այն լրագրողական կազմակերպությանը, որի անդամները լրագրությունը սիրում են ինչպես իրենց անձը: Կիսվիր, եթե դու էլ ես պատրաստ: #Հանուն Հայաստանի Հանրապետության»։

Եթե համախոհներ լինեն, կարող են կապ հաստատել նամակագրությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter