211652_close_icon
views-count104578 դիտում article-date 20:54 13-02-2020

Ինչո՞ւ են Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը Վարդենյաց լեռնանցքում օպերատիվ շտաբ ստեղծել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 4 օր է, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի կարգադրություններով Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ 24-ժամյա ուժեղացված ծառայություն և հերթապահություն են իրականացնում Գեղարքունիքի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ տանող ճանապարհի Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 2 օր է, նշված հատվածում երթևեկությունը դադարեցվել է, քանի որ ուժեղ բուքն ու քամին ճանապարհի մոտ 17 կմ-անոց հատված փակել է: Մարտունու ճանշինի աշխատակիցները փրկարարների և ոստիկանների հետ օրեր առաջ նշված հատվածից ձնաբքի տակ հայտնված 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել անվտանգ վայր: 24-ժամյա հերթապահություն են կատարում նաև Մարտունու Ճանշինի աշխատակիցները: Այսօր տեխնիկայով նրանք փորձեցին բացել ճանապարհը, սակայն բուքը իր սև գործն անում է. մի քանի մետր ձյան մոտ 1 մետր բարձրությամբ շերտը հեռացնելուց հետո վայրկյանների ընթացքում մաքրված հատվածը նորից լցվում էր ձյան շերտով: Մարտունու ճանշինի աշխատակիցները, Մարտունու հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները երբեմն որոշ «վայ վարորդների» մեկ ժամից ավելի համոզում են, որպեսզի նրանք ռիսկի չդիմեն և զերծ մնան նշված հատվածով երթևեկելուց, սակայն ցավոք, կան վարորդներ, որոնց ուղեղներն ասես «սառած այսբերգ» լինի. 2 ոտքերը դնում են Աբու Հասանի մաշիկի մեջ ու ուզում են այդ հատվածով անցնել: Հսկողություն իրականացնող ճանշինականներին, փրկարարներին ու ոստիկաններին մի կերպ է հաջողվում նման վարորդներին հետ պահել իրենց ցանկությունից: ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի կարգադրությամբ էլ Վարդենյաց լեռնանցքի սկզբնամասում տեղադրվել է 9-11 օպերատիվ շտաբ, որտեղ փրկարարները զինված են անհրաժեշտ պարագաներով և հարկ եղած դեպքում օգնության ձեռք են մեկնում քաղաքացիներին: Այս պահին Վարդենյաց լեռնանցքը ամբողջովի փակ է ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ճանապարհային ոստիկանությունը հորդորում են վարորդներին, որպեսզի ժամանակավորապես զերծ մնան նշված հատվածով երթևեկելուց: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բուքն ու քամին այնքան ուժեղ է, որ մարդիկ մեծ դժվարությամբ են անգամ կանգնում այդ ձյան հաստ շերտի վրա, իսկ երբեմն էլ քամին գլխարկներն է տանում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր