211652_close_icon
views-count1035 դիտում article-date 16:27 07-05-2019

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել և շնորհավորել է վետերաններին մայիսյան տոների առթիվ, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն, ոգու արիություն, խաղաղ ու երջանիկ կյանք իրենց պաշտպանած հայրենիքում: Բարձր գնահատելով յուրաքանչյուրի վաստակը միասնական հաղթանակի կերտման գործում` Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել, որ վետերանները հավաքական նույն կերպարով, նվիրումով ու ապագայի հանդեպ հավատով դեռ շարունակելու են կրթել հայրենիքի մարտիկների նորանոր սերունդներ: «Հարգարժան վետերաններ, ձեր հաղթանակի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը նորից չբռնեց գաղթի ճամփան, չզրկվեց իր հայրենիքից: Չլիներ ձեր հաղթանակը, չէր լինի ձեր թոռների հաղթանակը Արցախյան պատերազմում: Ուզում եմ համոզված լինեք, որ Արցախում տարած հաղթանակը, բանակաշինության տարիների բոլոր նվաճումները, նաև 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ձեռքբերումները հավասարապես ձերն են: Դրանք ճյուղեր են, որոնք աճել են հզոր արմատից, իսկ այդ արմատը դուք եք»,- ընդգծել է Դավիթ Տոնոյանը: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է վետերաններին հետաքրքրող հարցերին: Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը մի շարք վետերանների պարգևատրել է խոհրդանշական հուշամեդալներով:

Նմանատիպ նյութեր