HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կառավարության ծրագրի տնտեսական կողմը

Հունիսի 1-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց իր գործունեության ծրագրի նախագիծն ու ուղարկեց Ազգային ժողով: 29 էջանոց ծրագրում  գործադիրը ներկայացրել է իր գործունեության հիմնական ուղենիշերը և առաջնահերթությունները տարբեր ոլորտներում։

Ինչպես նախորդ կառավարությունների ծրագրերում, նշվածում ևս առանձնակի կարևորվում է տնտեսական հատվածը։ «Տնտեսության շարունակական զարգացում»՝ այսպես է վերնագրված տնտեսական ծրագրի այն հատվածը, որտեղ կարելի է ծանոթանալ, թե ներկայիս կառավարությունը տնտեսական որ խնդիրներն է առաջնահերթ համարում։

Մինչև դրանց անցնելը, մի քանի դիտարկում ներկայացնենք։ Այս ծրագրի տնտեսական հատվածն առավել կարևորող քաղաքացիները միանգամից կնկատեն, որ ծրագրում Կառավարությունը, այսպես կոչված, չափելի խոստումները չի տվել։ Խոսքը թվային ցուցանիշների բացակայության մասին է. չկան թիրախային ցուցանիշներ։ Օրինակ՝ ծրագրում խոսվում է տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտի, զբաղվածության աճի ու աղքատության հաղթահարման մասին, սակայն նշված չէ, թե կառավարությունը, օրինակ, քանի տոկոսային  կետով է նպատակադրել նվազեցնել աղքատության մակարդակը, քանի տոկոս տնտեսական աճ է ակնկալվում և այլն։ Այսինքն՝ այս ծրագրի հիման վրա որոշ ժամանակահատված անց հնարավոր չէ «չափել»՝ խոստումներն իրականացվել են, թե ոչ։

Որոշ հատվածներում, որոնք ի դեպ քիչ չեն, բացակայում է հստակությունը։ Նշված են նպատակներ, որոնց հասնելու քայլերը ծրագրում չենք տեսնում։

Մյուս կողմից էլ Կառավարության ծրագրերի դերը, կարծում ենք, պետք չէ գերագնահատել։ Նախորդ կառավարությունների ծրագրերում կարելի էր գտնել հստակ ռազմավարական լուծումներ երկրի այս կամ այն լրջագույն խնդիրները վերացնելու ուղղությամբ, բովանդակալից ու երկար մտածված քայլեր, թիրախային ցուցանիշներ աղքատության, գործազրկության, տնտեսական աճի  և այլ ոլորտների վերաբերյալ, սակայն իրականությունն այն է, որ դրանց գերակշիռ մասն այդպես էլ մնացին թղթի վրա։ Այսինքն՝ թիրախային խոստումներ տալը դեռևս չի նշանակում, որ այս կամ այն կառավարությունը հաջողելու է և հասնելու է այդ թիրախներին։ Առավել կարևոր են ոչ թե ծրագրերն, այլ՝ հետագա ռեալ քայլերն ու քաղաքական կամքը։

Այստեղից էլ մյուս դիտարկումը՝ քաղաքացիների զգալի մասին այս կամ այն կառավարության ծրագրերը չեն հետաքրքրում։ Նրանք կառավարության գործունեությունը չափում են իրենց կենցաղով ու կենսակերպով՝ որքանով է այն բարելավվել կամ վատթարացել։

Եվ վերջապես, այս կառավարության պարագայում կա ավելի առաջնահերթ նպատակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը։

 

Պայքար մենաշնորհների ու ստվերի դեմ, զարգացման սոցիալական էֆեկտ և այլն

Ըստ ծրագրի՝ տնտեսության շարունակական զարգացման առաջնային քայլերից են տնտեսական մրցակցության ապահովումն ու պայքարը մենաշնորհների դեմ։ Կառավարությունն ամրագրել է, որ վերջին տասնամյակներին Հայաստանում տնտեսական լճացման հիմնապատճառը եղել է մրցակցության և համահավասար տնտեսական հնարավորությունների դեֆիցիտը։ «Տնտեսական մրցակցության ապահովման կարևորագույն գործոններից մեկը տնտեսվարողների համար հավասար պայմանների և խաղի միևնույն կանոնների ապահոովումն է։ Այս ֆոնին կառավարությունը կարևոր է համարում հնարավոր քննելի (հետադարձ) ժամանակահատվածում պետության նկատմամբ խոշոր բիզնեսի չկատարված հարկային պարտավորությունների վերլուծությունը, և այդ պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզի համաձայնեցումը տվյալ բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այսպիսի առավել ճկուն մեխանիզմի ստեղծմանը նպաստող օրենսդրական փոփոխություններ»,- նշված է ծրագրում։  

Այս հատվածում ուշագրավ է նաև կառավարության հետևյալ հայտարարությունը. «Այս համատեքստում կառավարությունը երաշխավորում է քաղաքական և տնտեսական հետապնդումների բացառումը, միևնույն ժամանակ վճռական լինելով օրինականության հաստատման և պետության շահերը պաշտպանելու գործում»։

Վերջին շրջանում շատ է խոսվում ստվերի դեմ պայքարի և պետական եկամուտների ավելացման մասին։ Այս ուղղությամբ կառավարությունը մի քանի առաջնահերթություններ է նախանշել։ Այդ թվում ՝ հնարավորին չափ կայուն և կանխատեսելի հարկային միջավայրի ձևավորումը, գործարար միջավայրի շարունակական բարելավումը, կամավորության սկզբունքով հարկային պարտավորությունները կատարելու մշակույթի ներդրումն ու ամրապնդումը, ակտիվ աշխատանքները միջազգային հարկային հարաբերություններում և այլն։  

Ծրագրի տնտեսական մասի մյուս հատվածը վերնագրված է. «Տնտեսական զարգացուման սոցիալական էֆեկտ, զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում»։ Ըստ կառավարության՝ հարկավոր է կիրառել տնտեսական զարգացման և ստեղծված արժեքի բաշխման այնպիսի մոդել, որը հնարավորությունը կտա  յուրաքանչյուր քաղաքացուն իր վրա զգալ տնտեսական աճի հետևանքները։

«Կառավարությունը մեծապես կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը և համալիր քայլեր է ձեռնարկելու ոլորտում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ»,- նշված է ծրագրում: Կառավարությունը վերահաստատել է տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթությունները, որոնք են՝ բարձր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը։

Իսկ տնտեսական այլ ուղղությունների շարքում կարևորվել են արևային էներգետիկայի զարգացումը, ենթակառուցվածքների բարելավումը։

Վերջին շրջանում ևս շատ քննարկվող հանքարդյունաբերական խնդիրների շուրջ  ծրագրում նշված է, որ այս  ոլորտում կառավարությունն առաջնորդվելու է բնական ռեսուրսների գերշահագործման և ապօրինի օգտագործման բացառման, շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու սկզբունքով. «Ներդրվելու են շրջակա միջավայրի միասնական մոնիթորինգի և վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր»:

Նշենք, որ ծրագրված է հունիսի 7-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնել, որտեղ կներկայացվի այս ծրագիրը։

 

Մեկնաբանություններ (1)

Varoujan
The job of the leaders to set the vision in the direction the specifics, after months of planning combining best practices with Accountability At all levels. You have to have a little bit more patience than that

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter