Բաժիններ՝

Թռչող մեքենաներ, խելացի քաղաքներ և ապագայի տրանսպորտ՝ 10-րդ ԲարՔեմփ (չ)կոնֆերանսում

Հունիսի 16-ից 17-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում ընթանում է «ԲարՔեմփ Երևան 2018»-ը (չ)կոնֆերանս:

(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը: Սա թվով 10-րդ ԲարՔեմփն է: Արդեն 10 տարի է, ինչ ԲարՔեմփ Երևանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների: 

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից:

ԲարՔեմփի կազմակերպիչներից Արթուր Պապյանը նշում է, որ երբ անցկացվում էր առաջին չկոնֆերանսը, իրենք զարմանում էին, որ դահլիճում բոլորը նստած էին և թե որքան մարդ էր եկել: 10-րդ ԲարՔեմփի բացման ժամանակ Արթուր Պապայնաը նշում է, որ դահլիճում բոլոր նստատեղերը զբաղված են, կան շատ կանգնած մարդիկ և շատ մարդիկ էլ դահլիճից դուրս են սպասում: 

Ինչպես միշտ, այս ԲարՔեմփին ևս գործում է ոտքերով քվեարկելու սկզբունքը՝ մասնակիցները կարող են ցանկացած պահի դուրս գալ լսարանից, եթե նրանց դուր չի գալիս թեման կամ ներայացումը: Այս տարի ելույթները կայանում են զուգահեռաբար 7 լսարաններում: Բոլոր ելույթներին կարելի է հետևել նաև ուղիղ եթերի միջոցով:

(Չ)կոնֆերանսի առաջին օրը ելույթներով հանդես եկան միջազգային փորձագետներ և հյուրեր Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ավստրիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, վարպետության դասեր անցկացրեցին ՏՏ ոլորտի լավագույն հայաստանյան մասնագետները։

(Չ)կոնֆերանսին այս տարի արդեն հանդես են եկել և պատրաստվում են խոսել բազմաթիվ միջազգային հյուրեր՝ Էվան Շելհամերը, Լեոնիդ Կուլիգինը կխոսեն արհեստական բանականության, Դանիել Տոնկոպիյը՝ ապագայի տրանսպորտի, Եվգենի Կալուժնին՝ փոքր հրթիռների, Իլյա Խաննիկովը՝ թռչող ավտոմեքենաների և սմարթ քաղաքների մասին, Գրեգորի Պետրովը, Ֆիլիպ Կրենը՝ ծրագրավորման խնդիրների, որոնողական համակարգերի մասին, Ջոել Բըրքը՝ e-Residency֊ի մասին, կներկայանա նաև Yandex֊ի թիմը, իսկ Cloudflare֊ի ամերիկյան գրասենյակից՝ Արեգ Հարությունյանը։

Այս տարի ևս «ԲարՔեմփ Երևան 2018»-ին անցկացվում են վարպետության դասեր ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաև աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՏ ընկերություններ:

«Բարքեմփ Երևանի» գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը, հովանավորներն ու գործընկերներն են BetConstruct, Digitain, Rockbite Games, Workfront, Ginosi Apartels, SFL LLC, AVETIQ, Vineti AM ընկերությունները։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս