Մատչելիության հղումներ

«Ինքնամեկուսացում» արտակարգ դրությունից առաջ


32-ամյա Արգիշտի Սեփխանյանը համարում է, որ Ախթալայի իրենց տանը ինքնամեկուսացած է դեռ արտակարգ դրությունից առաջ՝ արդեն մեկ տարի։

Հայ-ադրբեջանական սահմանի առաջնագծում դիպուկահարի կրակոցից գլխի լուրջ վնասվածք ստանալուց հետո տուն է վերադարձել առողջական խնդիրներով՝ ձեռքին մի խուրձ փաստաթուղթ՝ ծառայության համար ոչ պիտանի լինելու մասին։ 5 տարի խրամատներում անցկացրած ջոկատի հրամանատարն ափսոսանքով է արտաբերում այդ ձևակերպումը. երանի այն խմբագրելու հնարավորություն ունենար։

«Ասում են՝ «դու էլ պիտանի չես ծառայության համար», էդ արտահայտությանը, չնայած ինքը որպես տերմին տենց ա, բայց ես շատ դեմ եմ, որովհետև տենց չի կարելի ասել, որովհետև ես հաստատ դեռ ավելի շատ պիտանի եմ, քան շատ-շատերը», - ասաց Սեփխանյանը:

Մասնագիտությամբ ատամնատեխնիկ է Արգիշտին ասում է՝ աշխատանք ընտրելիս զինծառայողի գործն ավելի սրտամոտ էր իրեն։ Պատվոգրեր ու մեդալներ է ստացել մարտական առաջադրանքները կատարելու և դժվար իրավիճակներից պատվով դուրս գալու համար։ Եղել է հակառակորդին ամենամոտ գտնվող դիրքերում։

«Ինձ էդ ամեն ինչը շատ գրավիչ էր, նույնիսկ էդ խրամատների հոտը: Իմ դեմ եղել է երեք պոստ թուրքի՝ 200 մետր մեկն է, 600՝ մեկը, 800՝ մեկը: Երեքի հետ էլ մարտի մեջ եմ մտել իմ անձնակազմով ու հաղթանակած դուրս եկել, հաղթանակած գոնե այնքանով, որ իրենք լռել են, էլ չեն կրակել մեր բնակիչների վրա, մեր գյուղատնտեսական տեխնիկաների վրա: 200 մետր էի հեռու, բայց ուզում էի էլի մոտ լինեի, էդ ադրենալին էր երևի տալիս, էդ էր ինձ դուր գալիս մինչև այդ չարաբաստիկ օրը: Ես այդ ամեն ինչը կարոտում եմ հիմա: Դա արդեն դառել էր իմ կյանքը էլի: Ես հիմա նույնիսկ ի վիճակի եմ ծառայելու, նույն որակով, նույն տեմպով, ինչ որ վիրավորվելը», - նշեց Արգիշտի Սեփխանյանը:

Նա նշեց՝ պետությունը հոգացել է իր վիրահատության և բուժման բոլոր ծախսերը։ Նաև 6 ամիս 100 հազարական դրամ է ստացել։ Հիվանդանոցում ապաքինվելու ժամանակ նրան են այցելել թե՛ Հայաստանի վարչապետը, և թե՛ պաշտպանության նախարարը։ Բայց վիրավորվելուց մեկ տարի անց ապագայի մասին ինքն իրեն հարցեր է տալիս, որոնց պատասխանն այդպես էլ չի գտնում։

Երիտասարդը, որ գրեթե ամբողջովին կորցրել է մեկ աչքի տեսողությունն, իսկ հակառակորդի պայթուցիկ գնդակի բեկորները՝ դեռ գլխի մեջ են, ասում է. «Ես, բնականաբար, չեմ փոշմանում, ես համարում եմ մարտական մկրտություն նույնիսկ էս իմ դեպքը: Բայց ինչ անեմ դե հիմա ես, ասենք, ի՞նչ անեմ հետո ես: Ջահել տղա՝ ո՛չ ամուսնացած, ո՛չ բան, վերջը կյանք է պետք դասավորել ու սաղ խնդիր է էլի արդեն ու հենց էդ ա, որ պետական հետևողականությունը պետք է»:

Արգիշտին ամուսնացած չէ։ Ապրում է մոր և եղբոր ընտանիքի հետ։ Մինչև վիրավորվելը մոտ 1,5 միլիոն դրամի պարտք է ունեցել բանկին, օրերս նամակ է ստացել, որ այն արդեն կրկնապատկվել է։ Բանկում վարկի մարման ժամկետները հետաձգելու մասին որևէ համաձայնության չեն եկել։ Մինչդեռ ասում է՝ երրորդ կարգի հաշմանդամության համար ամսական 63 հազար դրամով անհնար կլինի ավելի քան երկու միլիոն դրամի վարկ փակել։

«Շատ դեպքերում ես վատ եմ զգում, որ նույնիսկ դիմեմ, որովհետև, իմ կարծիքով, տպավորություն կստեղծվի, թե «ծառայել ա, հիմա էլ երեսով ա տալիս», բայց չկա տենց բան, ուղղակի ես որ իմանամ գոնե ես հինգ րոպե դիրքերում իմ ծառայությունը թերի եմ կատարել ու ասենք էսօր դա չկա, ֆսյո, դե ուրեմն դու էլ չկաս, գնա ինչ ուզում ես արա», - նշեց նա:

Արգիշտին ուզում է աշխատանք գտնել։ Ասում է՝ միշտ էլ փորձել է կյանքի դժվար խնդիրներ լուծել։ Սա էլ համարում է մի մարտական առաջադրանք, որ պատվով կկատարի ու դուրս կգա հաղթանակած, ինչպես խրամատում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG