Մատչելիության հղումներ

«Մի խաղացեք հանրության զգացմունքների հետ». Օնիկ Գասպարյանն արձագանքում է Նիկոլ Փաշինյանի ելույթին


Երեկ երեկոյան գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի քարոզչական ելույթին, որի մի մասը հենց Գասպարյանին էր նվիրված:

«Մի խաղացեք հանրության զգացմունքների հետ և էժանագույն քայլեր մի կատարեք։ Այլ հարց է, թե ինչու մենք հասանք այս վիճակին, և ում մեղքով պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 19-ին՝ մեզ համար անհամեմատ շահավետ պայմաններով», - նշել է Գասպարյանը:

«Ես Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման, ես իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել», - նշել է Փաշինյանը:​

Ի՞նչ է տեղի ունեցել իջևանցի Նիկոլ Փաշինյանի ու իջևանցի Օնիկ Գասպարյանի միջև. վարչապետի պաշտոնակատարը Գլխավոր շտաբի նախկին պետի հետ իր հարաբերությունների վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց տավուշցիների հետ հանդիպմանը, համարելով, որ դա ընտանեկան պատմություն է ու պարտավոր է հաշվետու լինել համերկրացիների առջև: Ինքն է վարչապետ դառնալուց հետո միջնորդել, որ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը շտաբի պետ նշանակվի, գեներալ-մայորի, ապա գեներալ-գնդապետի կոչումներ ստանա, Փաշինյանը խոստովանեց մի մտահոգություն, այնուամենայնիվ, ունեցել է, և այն այդ պահին փարատվել է:

«Ասել եմ՝ իմ կարծիքով դու նախկին իշխանությունների հետ ահագին ամուր կապեր ունես, ինքն էլ ասել է՝ չէ, այդտեղ խնդիր չունես, մի անհանգստացիր», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

44-օրյա պատերազմի ժամանակ, ըստ Փաշինյանի, իրեն ինչ-որ բաներ զեկուցել են, սակայն ինքը հավատացել է միայն Գասպարյանին, մինչև նոյեմբերի 20՝ երբ արդեն եռակողմ համաձայնությունը կայացած էր: Գլխավոր շտաբի պետը այդ օրը Սյունիքի ճանապարհին հեռախոսով խոսում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ու ըստ Փաշինյանի՝ իր մասին ամենավերջին բառերով:

«Հետո էդ իրիկունը Օրիկը ասում է՝ ուզում եմ գամ մոտդ, ասում եմ՝ արի, մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը, ինքը ինձ ասում է՝ որոշում կայացրու, հրաժարական տուր, ես իրան հետևյալն եմ պատասխանում, ասում եմ՝ Օնիկ ջան, քանի՞ օր չես քնել, ինքը ասում է՝ երևի մի 4-5 օր չեմ քնել, ասում եմ, խնդրում եմ՝ գնա, քնիր, հանգստացիր»​, - ներկայացրեց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ հետո արդեն զգացել է, որ Գլխավոր շտաբը քայլ-քայլ անցնում է ընդդիմության շարքերը։ Փետրվարի վերջին այս ամենն արդեն հրապարակային դրսևորում ունեցավ. Օնիկ Գասպարյանն ու 4 տասնյակ բարձրաստիճան զինվորականներ պահանջեցին վարչապետի հրաժարականը։ Փաշինյանը սա համարեց ռազմական հեղաշրջման փորձ և Գասպարյանին պաշտոնանկ անելու գործընթացը դժվարությամբ եզրափակեց մարտին։

Քարոզչական վերջին ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գասպարյանը նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման ժամանակ կողմ է եղել Տավուշի անկլավային գյուղերը Ադրբեջանին հանձնելուն: Հիշեցնենք՝ նման կետ փաստաթղթի նախնական տարբերակում կար, ըստ Փաշինյանի, դա հանվել է իր պնդմամբ, Գասպարյանը երեկ այս պնդումը հերքրել է. «Ստեղծված իրադրությունում մենք այլ տարբերակ իսկապես չունեինք, և ես հորդորում էի ստորագրել եռակողմ հայտարարությունը, միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Իսկ մյուս մասնակիցների հիմնական մասը կամ լռում էին, կամ զգացմունքային հայտարարություններ անում՝ խուսափելով պատասխանատվությունից (որ հիմա ասեն մենք կապ չունենք)»։

«Մինչդեռ իրականությունը ուղիղ հակառակն է, 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել, և ես այդ ժամանակ էլ չեմ մեղադրել իրան, որովհետև ես համարել եմ մարդ է ինքը, որը այստեղ պատերազմին մասնակցած մարդ է, ոտքը կորցրած մարդ է: Ես չեմ մեղադրել իրեն, որ ինքը տենց դիրքորոշում է ունեցել, որովհետև այդ պահին ինքը կարող է այդպես է մտածել, ես ուրիշ բանի մեջ եմ մեղադրում, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում, ինչի», - նշեց Փաշինյանը:

Օնիկ Գասպարյանը կարծում է. «Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննություն պետք է կատարվի և որոշվի յուրաքանչյուր պաշտոնատար անձի մեղավորության չափը»։

Պարզ չէ, թե ով է կանխել Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ կետը համաձայնագրում ներառելը, փաստ է այն, որ այդ գյուղերի թեման այսօր բանակցությունների սեղանին է։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերյան փաստաթղթի ստորագրումից 8 ամիս անց հետևություն է անում՝ գլխավոր շտաբի պետը ուզում էր, որ վատ փաստաթուղթ ստորագրվի, որքան վատ, այնքան մեծ հավանականություն, որ քաղաքական պայթյունը կքշի կտանի կառավարությանն էլ, իրեն էլ:

XS
SM
MD
LG