Wednesday, 24 04 2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Միքայել Հարությունյանը դիմել է մեզ ասելով՝ Տեր-Պետրոսյանը թուրքերին ծախված է, ցանկանում է հեղափոխություն անել, Ղարաբաղը ծախի. Մարտի 1-ի գործով վկա

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա Ա. Ս.-ի ցուցմունքը։

Ինչ վերաբերում է 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին, ապա, ընդունվելով աշխատանքի թիվ 84682 զորամասում, ծանոթացել եմ զորամասի հրամանատար, գնդապետ Մուրադ Աբրահամյանի հետ։ Ծառայության ընթացքում իմ և Մուրադ Աբրահամյանի միջև ձևավորվել են մտերիմ փոխհարաբերություններ, և Մուրադը սկսել է ինձ ընդունել որպես իրեն վստահելի անձնավորություն։ Ծառայությունը 15 օր դիրքերում անցկացնելուց հետո վերադառնում էինք դիրքերից, և մեզ տրվում էր 15 օր հանգիստ, որից հետո վերադառնում էինք դիրքեր։ Դիրքերից վերադառնալուց հետո հաջորդող 15 օրվա ընթացքում ես շարունակում էի այցելել զորամաս և լինում էի Մուրադի կողքին. որտեղ որ նա գնում էր՝ ես ուղեկցում էի իրեն որպես վստահելի անձ։ Արդեն 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո լուրերով տեղեկանում էինք, որ Երևան քաղաքում իրավիճակը լարված էր, քանի որ ընտրություններում պարտված ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր կողմնակիցները չէին ընդունում ընտրության արդյունքները և ցույցեր էին անցկացնում Օպերայի մոտ։ Այդ օրերին Մուրադի հետ զրուցելու ընթացքում նա նույնպես ասում էր, որ Երևանում ներքաղաքական իրավիճակը լարված է։ Արդեն փետրվարի 23-ին՝ երեկոյան, կոնկրետ ժամը չեմ հիշում, գտնվել եմ տանը, և զորամասից զանգահարեցին ինձ ու ասացին, որ տրիվոգ է տրված։ Անմիջապես գնացել եմ գումարտակ, որտեղից արդեն զորքով ուղևորվել ենք Արդանիշ, որտեղ տեղակայված էր մեր զորամասը։ Տեղում հանդիպել եմ Մուրադ Աբրահամյանին և նրանից տեղեկացել, որ իրեն հանձնարարել են զորք տանել Երևան՝ այնտեղ կարգուկանոն հաստատելու համար։ Մուրադն այդ ժամանակ նաև ասաց, որ զորքը միանգամից Երևան չի մտնելու, այլ լինելու ենք մերձակա զորամասերից մեկում և, եթե իրավիճակը լարվի, նոր գնալու ենք քաղաք՝ ցույցերը հանդարտեցնելու համար։ Զորքը զորամասում՝ շարահրապարակում, շարվելուց հետո հրահանգավորվեց զորամասից չբացակայել, հանգստանալ` մինչև նոր հանձնարարություն կլինի։ Արդեն ժամը 04։00-ի սահմաններում կրկին զորքը տագնապով շարվել է, ստացել ենք սաղավարտ, զրահաբաճկոն, ինքնաձիգ, որից հետո նստել ենք «Ուրալ» և «Զիլ» մակնիշի մեքենաները և ուղևորվել ենք Երևանի ուղղությամբ։ Մեքենաների շարասյան մեջ եղել են ընդհանուր 5-6 մեքենաներ, ընդհանուր մեր համահավաք գումարտակը կազմված էր 100-110 ծառայողներից, որի կազմում ընդգրկված էին 1-ին և 2-րդ գումարտակներից։ Նշեմ, որ ինձ ամրակցված է եղել ՊԿ տեսակի գնդացիր, սակայն ես ստացել եմ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ։ Արդեն փետրվարի 24-ի լուսադեմին հասել ենք Բալահովիտի զորամաս։ Համահավաք գումարտակը ղեկավարում էր Մուրադ Աբրահամյանը, իսկ սպաներից հիշում եմ սպառազինության գծով տեղակալ Վահան Սարիբեկյանին, դասակի հրամանատարներ Մայիս Աղաջանյանին, Արման Ղուլյանին, մյուսներին ներկայումս չեմ կարողանում մտաբերել։ Մեր՝ Բալահովիտ գալու օրը մեզ հետ եղել են մեր կորպուսից նաև այլ սպաներ, որոնց չեմ ճանաչել։ Բալահովիտ հասնելու նույն օրը, թե հաջորդ օրը, կոնկրետ չեմ հիշում, Մուրադ Աբրահամյանը, Վահան Սարիբեկյանը և էլի մի քանի սպաներ գնացել են Սովետաշենի սպեցնազի զորամաս և այնտեղ տեղում հետևել են նշված զորամասում ընթացող պարապմունքներին, թե ինչպես պետք է պայքարել ցուցարարների դեմ և ինչ միջոցառումներ անել։ Դրանից հետո նրանք վերադարձել են Բալահովիտի զորամաս և սկսել են մեր զորքի հետ պարապել՝ թև-թև մտած բղավոցներով առաջ շարժվելը, բացազատվելը և ամբոխի միջից ակտիվ ցուցարարներին մեկուսացնելը։ Բալահովիտի զորամասում գտնվելու ժամանակ` փետրվարի 26-ին կամ 27-ին, մեզ է այցելել  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Այդ ժամանակ Մուրադ Աբրահամյանի հրամանով շարվել ենք և ցուցադրական կատարել ցուցարարներին ցրելու գործողությունները, որից հետո հրամանով շարվել ենք Սեյրան Օհանյանի շուրջը։ Այդ ժամանակ Սեյրան Օհանյանը մեզ գովեստի խոսքեր ասաց, որից հետո կոչով դիմեց մեզ՝ ասելով, որ մեր երկրում իրավիճակը լարված է, և բանակը պետք է կանգնի պետության ու իր նախագահի կողքին, որպեսզի թույլ չտանք հեղաշրջում։ Ասել է նաև, որ հեղաշրջում թույլ տալու դեպքում ժողովուրդը սովի կմատնվի։ Հիշում եմ նաև, որ մեզ այցելել է նաև մեր կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանը, իմ հիշելով՝  եղել է հաջորդ օրը և նույնպես նման կոչերով դիմել է մեզ, ասել, որ Երևանում խառնակիչներ են հայտնվել, որոնք հանցագործներ են և ուզում են անկարգություններ անել ու թուլացնել մեր  պետությունը, մենք պետք է դրանցից հեռու մնանք, նրանց հետ չշփվենք և մեր երկրում կարգուկանոն հաստատենք։ Մեզ այցելել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ու Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը։ Միքայել Հարությունյանը սկզբում հետաքրքրվել է մեր սննդով և մեր վիճակով, իսկ դրանից հետո դիմել է մեզ՝ ասելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը թուրքերի ծախված է, նա հրեա է և ցանկանում է հեղափոխություն անել, որ մեր արյունով վերցրած Ղարաբաղը ծախի ադրբեջանցիներին, եթե լավ ծառայենք, մենք ոչ մի պրոբլեմ չենք ունենալու, և նախագահը մեզնից շատ գոհ կլինի, ու մենք սրանից հետո ոչ մի խնդիր չենք ունենա, ու մեր թիվ 120 ՕԽ-ն ոչ մի պրոբլեմ չի ունենալու։ Միքայել Հարությունյանը նաև ասում էր, որ մեր մարտական ընկեր, Երկրապահ կամավորական միավորման նախագահ Մանվել Գրիգորյանը դավաճան է, նա մեզ դավաճանել է և միացել է Լևոն Տեր-Պետրոսյանին, որը մեր երկիրն ուզում է ծախել թուրքերին։ Մեզ այդ ընթացքում այցելել է նաև Յուրի Խաչատուրովը, և մեզ հավաքել են Բալահովիտի զորամասի ակումբում։ Ամբողջ զորքով նստել ենք դահլիճում, և մեզ հետ զրուցել է Յուրի Խաչատուրովը, որը նույնպես նույն բովանդակությամբ բառերով դիմել է մեզ և ոգևորել՝ ասելով, որ մենք ճիշտ գործ ենք անում։ Հիշում եմ, որ Յուրի Խաչատուրովը պատմում էր նաև մեր Կռասնու հին տղերքի մասին, ովքեր 1990-ական թվականներին կռվել են Ադրբեջանի դեմ, և շնորհակալություն հայտնում լավ ծառայության համար։ Այլ բարձրաստիճան զինվորականների չեմ հիշում, որ մեզ այցելած լինեն։

Դրանից հետո՝ փետրվարի 28-ին կամ մարտի 1-ին, առավոտյան, մեզ տեղափոխել են Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի հետնամասում ենք կանգնել։ Կառավարության շենքի մոտ մենք ոչ մի գործողություն չենք արել, այլ միայն կանգնած ենք եղել կառավարության շենքի պատերի տակ։ Մեզ հետ այդ ժամանակ նույն տարածքում են գտնվել նաև զինվորական այլ ստորաբաժանումներ, թե կոնկրետ որ զորամասերն են եղել, չեմ կարող ասել։ Զորքերի թվաքանակը նույնպես չեմ կարող ասել, լիքն էին, ոմանք շարված էին դրսում, իսկ ոմանք էլ դեռ մեքենաների ու ավտոբուսների մեջ էին, իսկ այդ մեքենաները՝ հրապարակում և դրա մատույցներում, շատ-շատ էին։ Նշված հատվածում գտնվելու ժամանակ լուրեր տարածվեցին, որ կառավարության շենքում Ղարաբաղի զորքն են բերել, իսկ քաղաքում էլ լիքն են Ղարաբաղի սպեցնազի տղաները, որոնք սպասում են, որ եթե ոչ ոք ոչինչ չկարողանա անել, ու չկարողանան ժողովրդին հանդարտեցնել, նրանք մտնեն ու ժողովրդին «փռթեն»։

Արդեն երեկոյան, երբ մութն արդեն ընկնում էր, հետաքրքրությունից դրդված առանձնացել եմ մեր զորքից և քայլել կառավարության շենքի հետնամասի ուղղությամբ, քանի որ ասում էին, որ Ղարաբաղի զորքը կառավարության շենքի հետևում է։ Քայլելով կառավարության շենքի հետնամասով՝ շենքի պադվալային հարկի պատուհաններից  լսվում էին բարձր ձայներ, որոնցից պարզ էր դառնում, որ նրանք շատ են, իսկ նրանց խոսակցականն էլ Ղարաբաղի բարբառն էր։ Առաջ քայլելով կառավարության շենքի հետնամաս՝ սրճարանների ուղղությամբ, այնտեղ տեսել եմ մոտ 10-15 հոգի սև համազգեստ հագած, դիմակավորված, ամրակազմ և կարճ ինքնաձիգներով զինված մարտիկների, ովքեր զինված էին մինչև «ատամները», նրանց ոտքերին ատրճանակներ էին կապված, ունեին հատուկ ռադիոկապի միջոցներ, և պարզ էր, որ նրանք հատուկ նշանակության ջոկատայիններ էին, սակայն նրանց համազգեստի վրա ոչ մի տարբերանշան չկար։ Կարճ ժամանակով կանգնել և նայել եմ նրանց ուղղությամբ և նրանց խոսակցություններից հասկացել եմ, որ նրանք նույնպես Ղարաբաղից են բերվել, և տիրող խոսակցությունները հենց նրանց մասին են։ Արդեն երեկոյան կողմ մեզ է միացել նաև կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանը։ Ժամը 20։00-ի սահմաններում Հայկազ Բաղմանյանը կամ Մուրադ Աբրահամյանը հրաման տվեցին զորքին նստել մեքենաները, որից հետո շարժվել ենք դեպի Լեո և Պարոնյան փողոցների ուղղությամբ։ Գնալու ժամանակ Մուրադ Աբրահամյանը հրամայեց զենքի արկղերից ստանալ ինքնաձիգները և փամփուշտներ։ Նույն ժամանակ անձնակազմը մեքենաներում գտնվող արկղերի միջից, որի մեջ դրված էին զենքերը և լիցքավորված պահեստատուփեր, վերցրել են իրենց զենքերը և մեկ լիցքավորված պահեստատուփ։ Երբ հասանք Լեո փողոցի միջնամաս, և մեքենաները կայանվեցին դեպի Պարոնյան փողոցի խաչմերուկ ուղղությամբ աջ մայթի մոտ, մեքենաներից իջնելու և շարվելու հրաման է տրվել։ Դուրս ենք եկել մեքենաներից, շարվել ենք, որից հետո քայլել ենք դեպի Պարոնյան փողոցի ուղղությամբ։ Այդ նույն ժամանակ դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցի կողմ էին շարժվում նաև ոստիկանության զորքերի զինվորները և 2 կամ 3 ջրցան մեքենաները։ Մենք մեր զորքերով շարժվել ենք ջրցան մեքենաների հետևից և, հասնելով Պարոնյան ու Մ. Մաշտոց պողոտայի հատման խաչմերուկ, կանգնել ենք ոստիկանության զորքերի հետևում։ Այդ ժամանակ Մուրադ Աբրահամյանն իր տղաների հետ առաջ էր ընկել և հավասարվել էր ոստիկանության զորքերին, իսկ մենք հետ ընկած քայլում էինք նրանց հետևից։ Ի դեպ, նշեմ, որ մեր զորքն այդ ժամանակ քայլում էր անկանոն՝ շարասյուն գոյություն չուներ։

Մինչև շարունակեմ ցուցմունքս, այստեղ նշեմ, որ Մուրադն իր հետ միշտ  ման էր տալիս մի քանի հոգի տղաների, որոնք իր համագյուղացիներն էին կամ իր ազգականը։ Այդ ժամանակ տղաներից Մուրադի հետ էին Արթուրը, ազգանունը չեմ հիշում, Մուրադի համագյուղացին էր՝ Աղալիճ գյուղից,  Գնելը, որն իր վարորդն էր և համագյուղացին, և Գարեգինը, որը Մուրադի աներձագն էր և այդ ժամանակվա ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հորեղբոր որդին էր։ Հասնելով Պարոնյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկ՝ ջրցան մեքենաները սկսեցին ջուր նետել ցուցարարների ուղղությամբ, իսկ հավաքված քաղաքացիներն էլ քարեր էին նետում ոստիկանության զորքերի ուղղությամբ։ Առաջին շարքերում կանգնած էին ոստիկանության զորքերի զինծառայողները, որոնք զինված էին վահաններով, նրանց հետևում և կողքերին կանգնած էին ոստիկանության այլ ստորաբաժանումներ, որոնք զինված էին ինքնաձիգներով և հատուկ միջոցներով, որոնք գազային նռնակներ էին նետում։ Այդ նույն ժամանակ նաև թե՛ ոստիկաններից, թե՛ մեր զինվորականներից իրենց ինքնաձիգներով օդ էին կրակում՝ փորձելով հանդարտեցնել ժողովրդին։  Իսկ թե ով էր մեր զինվորներին հրաման տվել օդ կրակելու՝ չեմ կարող ասել, քանի որ չեմ տեսել, հստակ չեմ կարող ասել, որ Մուրադն էր հրաման տվել կրակելու, քանի որ Մուրադն իր տղաների հետ առաջ ընկած էր քայլում և զորքից բավականին առաջ էր և չէր կարող անձամբ հրաման տալ, եթե, իհարկե, կապի միջոցով չի փոխանցել հրամանը, ինքս այդ մասին կոնկրետ բան չեմ կարող ասել։ Ջրցան մեքենաների և համազարկ կրակոցների միջոցով հնարավոր եղավ մի պահ լռեցնել, հանդարտեցնել իրավիճակը, սակայն երբ ջրցան մեքենաների ջուրը վերջացավ, և նրանք սկսեցին հետընթաց կատարել, ժողովուրդը կրկին ակտիվացավ, և սկսեցին քարեր նետել մեր ուղղությամբ, և ոստիկանության զորքերը սկսեցին նահանջել, մեխանիկորեն մենք նույնպես սկսեցինք նահանջել։ Հասնելով Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկ՝ թեքվել ենք Լեո փողոց և մոտ 10-15 մետր խորությամբ դիրքավորվել ենք Լեո փողոցում։ Նշեմ նաև, որ նահանջելու ընթացքում թե՛ զորքերը և թե՛ ոստիկանության աշխատակիցները կրակում էին ինքնաձիգներից և կրակում էին օդ, սակայն քանի որ վախի մթնոլորտ էր տիրում բոլորի մոտ, կարելի է ասել, որ անկանոն էին կրակում՝ ոնց պատահի կրակում էին և կրակում էին տարբեր անկյան տակ։ Նահանջելով և դիրքավորվելով  Լեոյի  փողոցում՝ այնտեղ տեսել եմ  նաև մեր Ճամբարակի ոստիկանության աշխատակիցներին՝ միլպետ Սերժիկ Քեշիշյանի գլխավորությամբ։ Լեո փողոցում դիրքավորվելուց հետո մի պահ իրավիճակը հանդարտվել է, բայց շատ կարճ ժամանակով։ Դրանից հետո փոքր խմբերով քաղաքացիական հագուստներով  անձինք մոտենում էին առաջնագծում կանգնած ոստիկանության զորքերի զինծառայողներին և քարեր նետում նրանց ուղղությամբ ու իսկույն հեռանում։ Նահանջից հետո տեսել եմ Մուրադին և նրա տղաներին։ Ի դեպ, ասեմ, որ այդ ընթացքում Մուրադն ու նրա հետի տղաները քաղաքացիական հագուստներով էին, և տեղեկացա, որ  ռեզինե փամփուշտներով կրակել էին նրանց վրա։ Այդ ժամանակ նաև Մուրադին, չեմ կարող ասել, թե ով, հրաման տվեց հագնել զինվորական հագուստներ, որը նա իսկույն կատարեց. իմ կարծիքով` դա նրա համար էր, որ տարբերվեն և այլևս Մուրադենց վրա չկրակեն։ Այդ ժամանակ թե՛ ոստիկանության աշխատակիցների, թե՛ զինվորների մոտ վատ վիճակ էր, ոստիկանների կողմից գցած գազային նռնակների պատճառով թուլացել էինք ու ծարավել։ Այդ նույն ժամանակ նկատել եմ այն նույն սև համազգեստով սպեցնազի տղաներին, որոնց տեսել էի կառավարության շենքի հետնամասում, նրանք միշտ տեղաշարժի մեջ էին, հանգիստ չէին քայլում, արագ քայլելով կամ վազելով տեղից տեղ էին տեղափոխվում՝ մեկ գալիս էին Պռոշյան փողոցի կողմից և գնում մեկ այլ ուղղությամբ, մտնում էին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում առկա դալանը և կորում տեսադաշտից, մեկ տեսնում էիր, որ դուրս էին գալիս շենքերի բակերից, քայլում մեր կողքով և կրկին հեռանում, նրանց կոնկրետ գործողություններ կատարելուց կամ որևէ թիրախ վնասազերծելուց չեմ տեսել, չեմ տեսել նաև, որ նրանք որևէ կրակոց կատարեն։ Արդեն ժամը 21։30-ի սահմաններում լսեցի, որ ոստիկանության զորքերի առաջին շարքերում կանգնած զինվորները բղավում են՝ խփին-խփին, որից հետո նրանց շարքերը բացազատվեցին և առաջին շարքից գրկած մի զինվորի բերեցին թիկունք։ Իսկույն վազելով մոտեցել եմ այդ տղային։ Այդ ժամանակ նշեմ, որ Մուրադը կանգնած էր անմիջապես ոստիկանության զորքերի հետևում։ Քանի որ զինվորները բղավում էին «խփին- խփին», ես սկսեցի ուշադիր նայել շուրջբոլորս  և հարակից շենքի տանիքին նկատեցի սև համազգեստով և գլխարկով (կեպկա) դիպուկահարին, ում ձեռքին առկա հրացանը արտաքինից իր մեծությամբ նման էր դիպուկահար հրացանի։ Նույն պահին զենքս ուղղել եմ շենքի տանիքի ուղղությամբ և ցանկանում էի կրակել դիպուկահարի ուղղությամբ, սակայն Մուրադն անմիջապես ձեռքը գցեց իմ ինքնաձիգից և արգելեց կրակել՝ ասելով, որ գործ չունես, դիպուկահար է և մեզ է հսկում։ Դրանից հետո գնացել եմ վիրավորված զինվորի մոտ, ում արդեն տեղափոխել էին զորքերից քիչ հեռու՝ օդերևութաբանության շենքի մոտ, և փորձում էին օգնություն ցույց տալ։ Տեղում նկատել եմ այդ զինվորի պարանոցի հատվածում փոքր, կարելի է ասել, աննկատելի անցք, սակայն նշեմ, որ դիմացից արյուն չէր գալիս, իսկ պարանոցի հետնամասում բացվել էր մեծ անցք, և առատ արյուն էր հոսում, լեզուն դուրս էր ընկել և չէր կարողանում շնչել։ Այդ նույն ժամանակ էլ նկատեցի, որ մեր փողոցի աջակողմյան մայթեզրին կայանված «ԶԻԼ131» մակնիշի մեքենաներից մեկի պալատկեն այրվում էր, հետագայում տեղեկացել եմ, որ պալատկեն այրվել էր շենքերից մեկի  բարձր հարկից գցված հրավառվող շշի պատճառով, իսկ թե ով էր գցել այդ շիշը՝ տեղյակ չեմ։ Այդ ընթացքում կրակոցները շարունակվում էին, հիմնականում օդ էին կրակում, սակայն քանի որ անկանոն էին կրակում, ուստի լինում էր, որ գնդակները կպչում էին հարակից շենքերի պատերին։ Դրանից հետո լուրեր սկսեցին տարածվել, որ զինվորին կրակողները եղել են Ղարաբաղի սպեզնացի տղաները, ովքեր պարտավոր էին, սակայն, հսկելու մեր անվտանգությունը, դրանից զորքը ընկճվել էր, և ասում էին, թե այս ինչ են անում, ինչ են ուզում սարքած լինել։ Զինվորի վիրավորվելուց հետո իրավիճակը հանդարտվել է։

Նշեմ, որ այդ ամբողջ ընթացքում ոստիկանության ուժերին տեղում ղեկավարում էին ոստիկանության պետի տեղակալ, գեներալ Հովհաննես Հունանյանն ու ոստիկանության զորքերի հրամանատարը՝ Գրիգոր Գրիգորյանը, եղել են նաև այլ բարձրաստիճան ոստիկանության սպաներ, սակայն նրանց ես չեմ ճանաչել։ Վիրավորված զինվորի մոտ կարճ ժամանակ մնալուց հետո հեռացել եմ նրա մոտից և փորձել եմ իմ ու մեր զորքի համար խմելու ջուր գտնել, քանի որ բոլորս ծարավ էինք, մտել եմ շենքերից մեկի պադյեզդ և առաջին հարկի բնակարաններից մեկի դուռը թակելով ջուր եմ խնդրել։ Դուռը մի կին է բացել և թույլատրել է իրենց լոգարանից ջուր վերցնել զորքի համար։ Դրանից հետո իրավիճակն ամբողջովին հանդարտվել է, սակայն մենք շարունակելու էինք մնալ այնտեղ։ Արդեն լուսադեմին Լեո փողոց են եկել մեր կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանը, 3-րդ կորպուսի հրամանատար Լևոն Երանոսյանը և ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, նրանք առանձին-առանձին են եկել, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես եկել են, որոնք կարճ ժամանակ մնացել են այնտեղ և, ինչպես հասկացա, եկել էին լրագրողների հետ շփվելու համար, անգամ ոմանք նկարվում էին ինքնաձիգները ձեռքերին։ Արդեն լուսադեմին մեզ տեղափոխել են Հանրապետության հրապարակ, իսկ այնտեղից էլ նույն օրը, թե հաջորդ օրը, տեղափոխել են Կրկեսի դիմացի սպորտդպրոց, որտեղ մնացել ենք մոտ 20 օր, որից հետո վերադարձել ենք Բալահովիտի զորամաս և այնտեղից էլ մի քանի օր անց վերադարձել ենք մեր զորամաս։ Նշեմ, որ սպորտդպրոցում գտնվելու ժամանակ մեր սնունդը մատակարարում էին բեռնատար տարբեր մեքենաներ, որոնք բերում էին ոչ զինվորական տարբեր ուտելիքներ՝ ջրեղեն, երշիկ, քաղցրավենիք, միրգ, բերում էին նաև սիգարետ տարբեր տեսակի, իսկ թե ում կողմից էին այդ ուտելիքները` տեղյակ չեմ։

Ավելացնելու այլ բան չունեմ, եթե ունեք հարցեր, պատրաստ եմ պատասխանել դրանց։ Միայն ցանկանում եմ ավելացնել, որ նախորդ ցուցմունքով վերը նշված հանգամանքների մասին չեմ հայտնել, քանի որ մտավախություն ունեի և չէի հավատում քննությանը, սակայն, հետևելով լուրերին և այդ ընթացքում զրուցելով ինձ հետ ծառայած զինվորների հետ, ովքեր նույնպես հարցաքննվել են վերջին ժամանակներս, հասկացա, որ քննությունը ցանկանում է իրականում պարզել ամբողջ ճշմարտությունը, ուստի ինքնակամ ներկայացել եմ և հայտնեցի այն ամենը, ինչը հիշում եմ, լրացուցիչ այլ մանրամասներ հիշելու դեպքում խոստանում եմ ներկայանալ և տալ լրացուցիչ ցուցմունք։

Հարց- Քրեական գործում կան տվյալներ այն մասին, որ շիշը նետելուց հետո սև հագուստներով դիմակավորված անձինք մտել են շենք և դուրս բերել շիշը նետած անձին, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Պատասխան- Ես չեմ տեսել շիշ նետողին և շիշը նետելու պահը, միայն կարճ ժամանակ անց մեր տղաներից եմ տեղեկացել, որ շիշ են նետել շենքի բարձր հարկերից մեկից, որից հետո սև համազգեստով անձինք մտել են շենք և ձեռքերը ոլորած դուրս են բերել այդ տղային և տարել են անհայտ ուղղությամբ։

Հարց- Քննությամբ պարզվել է, որ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Ձեր զորամասի խումբը տեղակայվել է Լեո փողոցում և շղթա կազմած շարժվել դեպի Պարոնյան փողոց, որտեղ՝ Պարոնյան փողոցի միջնամասում, ցուցարարների հետ տեղի է ունեցել բախում, որի ընթացքում Ձեր խումբը ղեկավարող Մուրադ Աբրահամյանը հրամայել է չնահանջել և կրակ բացելու հրաման տվել, որից հետո համահավաք գումարտակը անկանոն կրակ է բացել օդ, ինչպես նաև ցուցարարների ուղղությամբ։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Պատասխան- Ինչպես արդեն նշել եմ, մեր զորամասի զինվորները կրակել են օդ, սակայն հստակ չեմ կարող ասել, թե նրանց ով է այդ հրամանը տվել, քանի որ Մուրադ Աբրահամյանն առաջ ընկած էր գնում և արդեն իսկ հավասարվել էր ոստիկանության զորքերին, իսկ մենք էլ քայլում էինք հետևից։ Նշեմ նաև, որ ցուցարարները գալիս, հարվածում էին ոստիկաններին, քարեր նետում, և ոստիկանները նահանջելով կպչում էին մեզ, մենք էլ այդ պատճառով նույնպես նահանջում էինք։

Հարց- Քրեական գործով տվյալներ են ստացվել այն մասին, որ Լեո փողոցում ձեր անձնակազմի գտնվելու ժամանակ Լեո-Պարոնյան փողոցների հատման խաչմերուկից՝ շենքի պատի անկյունային հատվածից, եղել է կրակոց, որի ժամանակ վիրավորվել է ոստիկան, խոսակցություններ են եղել, որ կրակողին վնասազերծել են և զենքը վերցրել, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Պատասխան- Նախ նշեմ, որ ես զինված որևէ ցուցարարի չեմ տեսել և չեմ նկատել, որ ինչ-որ մեկը ցուցարարների կողմից կրակի, և ոստիկան վիրավորվի, կամ որ ինչ-որ կրակողի բռնեն և զենքը վերցնեն։ Միգուցե եղել է նման բան, սակայն ինքս չեմ տեսել և չեմ լսել, խառնաշփոթ իրավիճակ է եղել։

Հարց- Ձեզ եմ ներկայացնում նշված օրերին ձեր անձնակազմին գումար բաժանելու վերաբերյալ վճարման տեղեկագիրը, որում 54 համարի ներքո ձեռագիր լրացված են Ձեր տվյալները՝ անուն-ազգանուն և դիմացը՝ «50000» թվային գրառումն ու ստորագրություն, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Պատասխան- Հիշում եմ, որ սպորտդպրոցում գտնվելու ժամանակ մեր զորամասի ֆինանսական ծառայության պետ Տարոն Սուքիասյանը բերել և ցուցակով մեզ գումար է բաժանել՝ յուրաքանչյուրին 50.000 ՀՀ դրամ գումարի չափով։ Ներկայացված ցուցակում առկա ստորագրությունն իմ կողմից է կատարվել, և այն կատարել եմ գումարը ստանալու ժամանակ, ստացել եմ մեկ հատ 50.000-անոց թղթադրամ։ Գումարը մեզ տվել էին անձնական կարիքների համար, մեր զորքի մեջ խոսում էին, որ գումարներն ուղարկել են նախագահականից, իսկ ավելի կոնկրետ Սերժ Սարգսյանն է ուղարկել ու խոստացել է, որ աշխատավարձերը շուտով բարձրացնելու է։

Հարց- Քննության ընթացքում պարզվել է, որ 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքի Լեո փողոցում տեղի ունեցած կրակոցների ժամանակ գլխի ճակատային հատվածում հրազենային վիրավորում է ստացել նշված փողոցի բնակիչ Ռուբեն Վանիկի Թորոսյանը, ում առաջնային բուժօգնություն ցույց է տվել 2-րդ բանակային կորպուսի բժշկական ծառայության պետ Կարեն Աթոյանը, և նա է Ռուբեն Թորոսյանին կորպուսի բժշկական մեքենայով տեղափոխել հիվանդանոց։ Ի դեպ, ստացված տվյալների համաձայն՝ Ռուբեն Թորոսյանը հրազենային վիրավորումը ստացել է մինչև ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի կողմից հրազենային վիրավորում ստանալը և վիրավորվել է գնդակի հետցատկի արդյունքում։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասին, խնդրում եմ վերհիշել և տալ մանրամասն ցուցմունք։

Պատասխան- Նշված դեպքերի մասին ինձ ոչինչ հայտնի չէ, լսում եմ առաջին անգամ, հետագայում անգամ զինվորների շրջանում զրույցների ընթացքում այդ դեպքի մասին չեմ լսել։

Հարց- Նշված դեպքերի ժամանակ Ձեր զորամասում եղե՞լ են արդյոք չհաշվառված զենքեր, մասնավորապես՝ հակառակորդից ժամանակին վերցված և չգրանցված ինքնաձիգներ, եթե այո, ապա ի՞նչ զենքեր են դրանք եղել, որտե՞ղ են ներկայումս գտնվում։

Պատասխան- Այդ ժամանակ և ընդհանրապես մեր զորամասում պահված չհաշվառված զենքերի մասին երբևէ չեմ լսել, ինքս տեղյակ չեմ։ Այդ դեպքերի ժամանակ մեր անձնակազմի մոտ, այդ թվում՝ իմ մոտ, եղել են մեր զորամասի հաստիքային զենքերը և փամփուշտները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում