News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրեցի երիտասարդներ Գագիկ Մխիթարյանն ու Արսեն Վարդանյանը որոշել են վերականգնել իրենց մանկության ֆռռիկ (հոլ) եւ տեյմորտակ խաղերը եւ դրանք նորովի մատուցել նոր սերնդին: Նախաձեռնությունը կարծես թե ստացվել է եւ ավելին` հաջողակ ստարտափ է դարձել:

«Ամեն ինչ սկսվեց անցած տարի ֆռռիկից: Արսենից ֆռռիկ ուզեցի, ասեցի` գտիր, բեր, խաղամ: Արսենը երկար փնտրելուց հետո 2 հատ գտել էր շուկայում: Խաղալուց հետո երկար մտածեցինք`  ինչ անենք, որ այդ խաղը նորից վերականգնվի եւ երեխաները հիմա էլ կարողանան խաղալ եւ գրեթե մեկ տարի մտածելուց հետո այս տարի գարնանը ստեղծեցինք «Իմ ֆռռիկը» ապրանքանիշը»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նախաձեռնության համահեղինակ Գագիկ Մխիթարյանը` հավելելով, որ ֆռռիկի դիզայնը յուօրինակ դարձնելու նպատակով հայկական զարդանախշերով են նկարազարդում:

Գագիկ Մխիթարյանի կարծիքով խաղերի բերած հաջողությունը ավելին էր, քան իրենք սպասում էին եւ իրենց արտադրանքը 30-ից ավելի երկրներ է արտահանվում. «Ոչ միայն Հայաստանի մարզեր ենք արտահանում, այլ նաեւ ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեդիա, Իսրայել եւ այլ երկրներ: Բավականին լուրջ պատվերներ ենք ստանում նաեւ օտարերկացիներից ինչը մեզ համար շատ զարմանալի է, որ իրենք էլ են հետաքրքրվում մեր արտադրանքով»:

Նշենք, որ Տեյմորտակ եւ Իմ ֆռռիկը խաղերը պատրաստվում են փայտից եւ բացառապես ձեռքի աշխատանք են:

Խաղերի համահիմնադիր Գագիկ Մխիթարյանը պատմեց, որ Տեյմորտակ խաղը նույնպես շատ հին է. «Տեյմորտակը նախկին սովետական 15 խաղն է եղել, մենք իրեն 2-րդ կյանք ենք տվել: Իր մեջ 15 քար է, սակայն 16 վանդակ ունի եւ պետք է թվերը համապատասխանաբար դասավորել, մի խոսքով` տրամաբանական խաղ է»:

Գագիկ Մխիթարյանը նշեց, որ իրենք շարունակելու են վերականգնել հայկական հին խաղերը, նաեւ ընդլայնել իրենց բիզնեսը:

«Նշանակությունը շատ մեծ է այս խաղերի արտադրման, քանի որ վերականգնում ենք մեր ավանդական հին խաղերը, աշխատատեղեր ենք ստեղծում: Դեռ բացասական արձագանք չենք լսել, միայն դրականն ենք լսել, կարծում եմ` սա ամենակարեւորն է մեզ  համար»:

Տպել
Ամենաշատ