×


Լուսանկարը՝ Արթուր Ստեփանյանի

«Մազերս ծնված օրվանից չեմ կտրել». Դալիթա Ավանեսյան

2011 թվականին Հայաստանը մանկական Եվրատեսիլում ներկայացրած Դալիթա Ավանեսյանն ընդլայնել է իր գործունեության շրջանակը: Երգչուհի լինելուց բացի, նա ուժերն է փորձել կինոյում, նկարահանվում է որպես մոդել, ինչպես նաեւ մասնագիտացել է տեղեկատվական տեխնոլոգիաներում: Անփոփոխ է մեկ բան. նա նույնքան ժպտերես ու գեղեցիկ է, որքան պատանի տարիներին: BRAVO.am-ի հետ զրույցում Դալիթան պատմել է իր կյանքում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ու նոր հետաքրքրությունների մասին:

- Դալիթա, սկսենք 2021-ին ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգեւից, որին Դուք էլ արժանացել եք: 30 հաղթողների թվում էիք, ի՞նչ  կասեք այդ հաջողության մասին:

- Մեծ պատիվ էր ստանալ «Տարվա լավագույն սփյուռքահայ ուսանող» առաջին կարգի մրցանակը։ Այն իմ մասնագիտական կարիերայում մեծ հաջողություն է, որն էլ ավելի է պարտավորեցնում լինել լավ մասնագետ, սովորել ու ավելիին ձգտել։ Այս հաջողությանս համար շնորհակալ եմ Հայաստանի ամերիկյան համալսարանին ու իմ բոլոր դասախոսներին՝ տված գիտելիքների համար։ Նրանցից յուրաքանչյուրն իրենց ներդրումն ունեն։ Այս մրցանակն իմ տարիների ուսման ու ջանքերի արդյունքն է։


- Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք ՏՏ ոլորտն ու ի՞նչն եք հավանում, որո՞նք են առավելություններն ու դժվարությունները:

- Ինձ շատ օգնեցին ընտանիքիս տարբեր խորհուրդները, որոնց շնորհիվ կարողացա ճիշտ ընտրություն անել։ Ներկայումս ՏՏ-ն աշխարհի առաջատար ոլորտներից է, այն պահանջում է այլ կերպ՝ «կաղապարից դուրս մտածել»: Ինձ դուր է գալիս լինել տեխնոլոգիական նորարարության ոլորտում, ամեն օր առնչվել տարբեր, բարդ, բայց միեւնույն ժամանակ՝ շատ հետաքրքիր խնդիրների հետ, փորձել գտնել դրանց համար լուծումներ։ Նմանեցնում եմ ստեղծագործելուն. պետք է միշտ լինես տեղեկացված ու խնդիրներին ստեղծագործ մոտեցում ցուցաբերես։

- Շարունակում եք սովորել ու նաեւ աշխատել, ինչպե՞ս եք այդ ամենը կարողանում համատեղել:

- Մագիստրատուրայի 2-րդ կուրսում եմ սովորում, այս տարի կավարտեմ։ Զուգահեռ նաեւ աշխատում եմ որպես ծրագրային ինժեներ ու դասախոսի օգնական։ Հաճույքով եմ անում, կարծում եմ՝ դա է հիմնական պատճառը, որ կարողանում եմ համատեղել ու բոլորը հասցնել։

- Երաժշտությանը որքա՞ն ժամանակ եք կարողանում հատկացնել ու ո՞ր ոլորտում եք տեսնում Ձեզ հետագայում:

-Վերջին տարիներին նկատած կլինեք, որ երաժշտության ոլորտում այդքան էլ ակտիվ չեմ եղել, փոխարենը կինոյի ոլորտում ունեցա բազմաթիվ նորություններ։ Նկարահանվեցի ամերիկյան սերիալում, ինչպես նաեւ «Մի անգամ դպրոցում» արկածային կատակերգությունում։ Բոլոր ոլորտներն էլ շատ հետաքրքիր են ու կուզեմ հետագայում շարունակել։

Դալիթան՝ մայրիկի հետ


- 2020-ին նկարահանվել եք հայ-ամերիկյան «Purgatory» սերիալում, ի՞նչ փորձ էր այն Ձեզ համար ու ի՞նչ կասեք դերի մասին:

- Անգլալեզու նախագծում առաջին անգամ էի նկարահանվում: Ծանոթացա եւ աշխատեցի պրոֆեսիոնալ ռեժիսորի ու դերասանների հետ։ Իմ կերպարը երիտասարդ աղջիկ է, ով սերիալի սկզբում շատ զվարթ ու կյանքով լի էր, սակայն բուռն իրադարձություններից հետո հոգեկան ապրումների մեջ է ընկնում։ Իմ առաջին փորձն էր քրեական դրամայի ժանրում։

- Առաջարկությունն ինչպե՞ս եք ստացել ու որտե՞ղ են անցել նկարահանումները:

- Քասթինգի մասին տեղեկանալով՝ մասնակցել եմ դրան, հետո արդեն հաստատվել եմ՝ որպես Ջեսիկայի կերպար։ Նկարահանումներն անցել են Հայաստանում՝ Սեւանում, Դիլիջանում, որտեղ ձմռանն ուղղակի հիասքանչ տեսարաններ են լինում։

- Այդ սերիալում ի՞նչն եք ամենաշատը հավանում. քանի որ Հայաստանում նրա մասին այնքան էլ լավ տեղյակ չեն, մի քիչ մանրամասնեք:

-Այն հայկական «Քավարան» սերիալի անգլերեն տարբերակն է՝ արտասահմանյան հանդիսատեսի համար։ Պատմությունը մի խումբ ճամփորդների մասին է, ովքեր ճանապարհորդության ընթացքում անցյալի վրեժխնդրության պատճառով անցնում են բազմաթիվ փորձություններ։  


- Մասնակցել եք նաեւ «Մի անգամ դպրոցում» արկածային կատակերգության նկարահանումներին, ինչպիսի՞ն էր այդ աշխատանքը:

- Շատ հաճելի համագործակցություն էր։ Նկարահանումները եղել են 2020-ի ամռանը, ու  շատ լավ հիշողություններ ունեմ։ Եղան շատ դրական արձագանքներ։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությունն եմ ունեցել նման ուսուցողական ֆիլմում, որը հորդորում է երեխաներին ու պատանիներին այս տեխնոլոգիական դարում չմոռանալ գրքերի գոյության մասին։

-Ինչպիսի՞ն էր Ձեզ համար նախորդ տարին ու 2022-ին ի՞նչ ծրագրեր եք փորձելու կյանքի կոչել:

- 2021-ը համարում եմ մասնագիտական կարիերայիս լավագույն տարին։ Եղան նորություններ, ինչի համար շատ ուրախ եմ։ Ուզում եմ, որ այս տարին էլ լինի նույնքան հետաքրքիր ու ծավալուն, կարեւորը՝ շարունակեմ զբաղվել սիրելի գործերով։

- Գեղեցկությունն ու նորաձեւությունն ի՞նչ տեղ ունեն Ձեր կյանքում, ինչպե՞ս եք հագուստ ընտրում ու ի՞նչ թուլություններ ունեք:

- Հետեւում եմ նորաձեւության թրենդներին, բայց այն մարդկանցից չեմ, որ ապրում են ու օրվա մեջ 24 ժամ մտածում միայն դրա մասին կամ ծանր տանում, երբ հետ են մնում թրենդներից։ Իսկ հագուստ ընտրելու հարցում շատ դժվար եմ կողմնորոշվում, չունեմ կոնկրետ նախընտրություններ ու ամեն ինչ չեմ հավանում։ Սիրում եմ, երբ հագուստը լինում է պարզ, հասարակ ու ոչ վուլգար։

- Ինձ միշտ հետաքրքրել է, թե որքան տարիներ են պահանջվել, որ Ձեր մազերն այդքան երկարեն:

- Մազերս ծնված օրվանից չեմ կտրել։ Չկտրել ասելով՝ նկատի ունեմ շատ կարճ կտրել (ծիծաղում է,-հեղ.):

Դալիթա Ավանեսյանը


- Սոցցանցերին որքա՞ն ժամանակ եք տրամադրում ու ինչո՞վ չեք կիսվում հետեւորդների հետ:

- Երեւի թե տրամադրում եմ օրվա մեջ 2-3 ժամ։ Զբաղվածությունս այնքան շատ է, որ հազիվ եմ հասցնում ստուգել էջերս, ինչի համար իրականում ուրախ եմ: Երբեք չեմ կիսվում անձնական թեմաներով, սիրում եմ ներկայացնել միայն գործունեությանս լուրերը։

- Մանկական Եվրատեսիլում Ձեր մասնակցությունից 10 տարի է անցել, այդ ընթացքում ինչպե՞ս եք փոխվել ու որո՞նք եք համարում ձեռքբերումներ:

- Այն ժամանակ երեխա էի (ծիծաղում է,- հեղ.): Այսքան տարիների ընթացքում շատ-շատ բաներ են փոխվել։ Շատ ուրախ եմ, երբ հետ եմ նայում ու տեսնում, որ ժամանակս ճիշտ եմ օգտագործել եւ ոչ մի բան զուր չի եղել:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Դալիթայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին