Միրզոյան․ Ստացվել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանները

Միրզոյան․ Ստացվել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանները

PanARMENIAN.Net - Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը նախօրեին ստացել է Ադրբեջանի պատասխանը` խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ-ի ներկայացրած առաջարկներին, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները: Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են»,– ասել է ԱԳ նախարարը։

Նա հույս է հայտնել, որ այս հարցում հնարավոր կլինի համաձայնության հասնել հնարավորինս շուտ։

«Այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը»,-ասել է նա։

Միրզոյանը նաև մեկնաբանել է Ադրբեջանի այն հայտարարությունը, թե հայկական կողմը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպման մասնակցությունից։

«Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս պայմանավորվածությանը և կրկին պատրաստակամություն ենք հայտնում ընդունելի ժամկետներում կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը։ Կարծում ենք, որ Պրահայում այս ձևաչափով տեղի ունեցած հանդիպումը բավականին արդյունավետ էր և կարևոր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։ Հայկական կողմը, ինչպես և նախկինում, շահագրգիռ է հարաբերությունների կարգավորմամբ»,-ասել է Միրզոյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը չի կայանա։ «Հանդիպումը Բրյուսելում պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն, երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից նրան ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպման միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---