Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր հնարավորություններ են ստեղծվում ուսանողների համար

Նոր հնարավորություններ են ստեղծվում ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները նորաբաց գերազանցության կենտրոնում էներգետիկ ոլորտում գործունեության պրակտիկ գիտելիքներ ստանալու հնարավորություն կունենան: Նոյեմբերի 13-ին համալսարանում տեղի ունեցավ «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող «Կասկադ» հոլդինգի կողմից ստեղծված նորարարական կենտրոնի բացումը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն ընդգծեց, որ համալսարանում «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ գերազանցության երկրորդ կենտրոնն է բացվում: «Մի քանի ամիս առաջ մենք աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և մեր համալսարանի համատեղ ջանքերով բացեցինք առաջին գերազանցության կենտրոնը: Այսօր մենք բացում ենք երկրորդ նման կենտրոնը: Այս կենտրոններում համալսարանի ուսանողների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները զարգացնելու հմտությունները և ծանոթանալու էներգետիկայի և ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Մարուխյանը:

Նա նշեց, որ նորաբաց կենտրոնը կապահովի գիտության և տեխնոլոգիաների մեծ առաջխաղացում, կնպաստի Հայաստանում գիտատեխնիկական գրագետ հիմքի ստեղծմանը: «Կենտրոնում տեղադրված են այն սարքավորումները, որոնցով մի քանի ամիս անց կհամալրվեն Հայաստանի էլեկտրական ցանցերը: Այսինքն՝ ապագա մասնագետը իր ուսանողական տարիներին այդ սարքավորումների վրա կանցնի իր ուսուցումը: Երկու կենտրոններն էլ հագեցած են նաև համակարգչային տեխնիկայով: Ես կարծում եմ, որ այն մոդուլները և ծրագրերը, որոնք մշակվել են համագործակցող կողմերի միասնական գործունեության արդյունքում, կնպաստեն միայն մեր համալսարանում ուսման որակի բարձրացմանը»,- եզրափակեց ՀԱՊՀ ռեկտորը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ շատ կարևոր է Հայաստանում կրթություն-գիտություն-բիզնես եռանկյունու հստակ աշխատանքի համար հիմքերի ձևավորումը: «Սա դեռևս սկիզբն է: Մենք ունենք այլ ծրագրեր: Եվրոպական միության աջակցությամբ կփորձենք նմանատիպ ինժեներա-տեխնիկական ուղղվածությամբ նմանատիպ կենտրոն ստեղծել «Թումո» -ի հետ համագործակցությամբ: «Հորիզոն 20-20» ծրագրի շրջանակում կփորձենք ձևավորել մեկ ուրիշ ցանցային համալսարանների ձևաչափ, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Ֆիզիկայի ինստիտուտը: Սա ուսանողին հնարավորություն կտա ազատ պտտվել այս դաշտում: Այսինքն՝ ուսանողը, բացի իր կրթությունից, պետք է ձեռք բերի գիտության ոլորտում աշխատելու որոշակի հմտություններ»,- նշեց նախարարը:

Նա շեշտեց, որ սա իսկապես լավ փորձ է, երբ բիզնեսը մտնում է համալսարան, ստեղծում է իր պայմանները և ձևավորում պատվերը: Սրանով ուսանողները կհասկանան, որ ավարտելուց հետո կունենան աշխատանք համապատասխան ոլորտում»,- եզրափակեց նախարարը:

«Կասկադ» հոլդինգի ղեկավար Սերգեյ Պողոսովն ընդգծեց, որ ավտոմատացման ժամանակակից համակարգերի զարգացումը չափազանց հեռանկարային ուղղություն է էներգետիկ ոլորտի համար։ «Բարձր տեխնոլոգիական ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնի շնորհիվ կկարողանանք ոչ միայն ապագա մասնագետների պատրաստել, այլ նաև նոր հնարավորություններ ստեղծել արդեն կայացած աշխատակիցների համար»,- ասաց Պողոսովը:

Գերազանցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունից հետո 2016-2017թթ. արդյունքներով «Տաշիր» ընկերության կողմից կրթաթոշակներ տրամադրվեցին գերազանցությամբ սովորող 55 ուսանողի, ովքեր տարեկան 6 հազար դոլարին համարժեք դրամի չափով պարգև են ստանալու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]