Մատչելիության հղումներ

Փաստաբանների մի խումբ շարունակում է շաբաթասկզբին սկսած գործադուլը


Փաստաբան Նինա Կարապետյանցը «Ազատության» ստուդիայում:
Փաստաբան Նինա Կարապետյանցը «Ազատության» ստուդիայում:

Գործադուլը հետաձգած Փաստաբանների պալատի նախագահն այսօր նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով չստորագրել փաստաբաններին դատարանի կողմից տուգանքի ենթարկելու դրույթ պարունակող երեք օրինագծերը:

«Ազատության» հետ զրույցում Արա Զոհրաբյանն ասաց՝ փորձելու են հասնել օրենքների չեղարկմանը, քանի որ դրանք կկաշկանդեն դատարաններում անկախ և համարձակ դիրքորոշում հանդես բերող փաստաբաններին․ - «Սա մի ռումբ է, որը ուղղակի ժամանակը միացրել են և հետո սա աշխատելու է»:

Հիշեցնեմ՝ խորհրդարանն անցած շաբաթավերջին երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարչական և Քրեական դատավարության օրենսգրքերում արված փոփոխությունները, և Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը։ Այս երեք փաստաթղթերում էլ տեղ են գտել դատավարության մասնակցի, այդ թվում և փաստաբանի նկատմամբ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար մինչև 100 հազար դրամ սանկցիա կիրառելու դրույթները։

Արա Զոհրաբյանը պնդում է, որ խորհրդարանն ընթացակարգային խախտմամբ է ընդունել այս օրենքները։ Մասնավորապես, քրեական և վարչական դատավարական օրենքներում կատարված փոփոխությունները ընդունվել են առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցում չեն անցել, հետևաբար չեն կարող համարվել ընդունված։

Զոհրաբյանը դիտավորություն է տեսնում այստեղ՝ կասկած հայտնելով, որ այս ամենն արվում է փաստաբաններին ճնշելու համար։ Ասաց, որ հետաձգված գործադուլը հնարավոր է վերսկսեն, եթե իշխանությունները չանսան իրենց խնդրանքը․ - «Պաշտոնատար անձանց հետ ունեցել եմ քննարկում: Մոտեցումը այսպիսին է, որ հեղինակը կարող է առաջարկ ներկայացնել նաև այդ փուլում փոփոխություն կատարելու: Եվ իրենք առաջարկ հասկացությունը լայն մեկնաբանության են ենթարկում՝ համարելով, որ առաջարկի մեջ կարող է մտնել նաև նոր օրենքի նախագիծը: Մենք կարծում ենք, որ այդպես չի կարող լինել: Հակառակ դեպքում այսօր կարող է Կառավարությունը մեկ անվնաս օրենքի նախագիծ բերել, շրջանառության մեջ դնել, հասցնել Ազգային ժողով, առաջին ընթերցումը անցկացնել, երկրորդ ընթերցումից առաջ մի քանի նոր օրենքներ ներառել այդ նախագծի մեջ: Այսինքն, որ հանրային քննարկում չլինի, և աղմուկ չբարձրանա: Եվ հետո շատ արագ ընդունել տալ»:

Արա Զոհրաբյանը նշեց, որ հարցը քննարկելու է նաև Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ։ Նախարարն անցած շաբաթավերջին ասել էր, որ դատական սանկցիայի կիրառման ընթացքում կարող են առաջանալ որոշակի ռիսկեր և, իրենց պատկերացմամբ, կան դրանք չեզոքացնելու հավելյալ միջոցներ կամ հնարավորություններ,

Արդարադատության նախարարությունը պատրաստ է լսել փաստաբանների մոտեցումներն ու փաստարկները: Նախարարը նաև նշել էր, որ այժմ աշխատում են «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ, ու այդ գործընթացի շրջանակում կարող են քննարկել փաստաբաններին հուզող այս և մնացած խնդիրները։

Մինչդեռ մի խումբ փաստաբաններ չսպասելով Փաստաբանների պալատի գործողություններին, շարունակում են շաբաթասկզբին սկսած գործադուլը։

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» փաստաբաններն այսօր էլ չեն մասնակցել դատական նիստին՝ շարունակելով գործադուլն ընդդեմ իրենց տուգանելու մասին օրենսդրական փոփոխությունների։

Զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանն ասաց, որ մինչև շաբաթվա վերջ շարունակելու է գործադուլը։ Բաղդասարյանը համոզված է՝ սա արվում է հենց «Սասնա ծռերի» դատավարության մասնակից փաստաբաններին լռեցնելու համար․ - «Այս պայմաններում փաստաբանի նկատմամբ կիրառվելիք սանկցիան կարող է հակառակ ազդեցություն ունենալ իր պաշտպանյալի վրա»:

«Սասնա ծռերի» և Հիմնադիր խորհրդանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործերով փաստաբան Նինա Կարապետյանցը ևս գործադուլի մեջ է։ Գործադուլը հետաձգելու՝ Փաստաբանների պալատի որոշումը համարում է սխալ և պնդում՝ իրենց չեն կարող լռեցնել, եթե անգամ հարվածեն իրենց գրպանին․ - «Ի՞նչ տրամաբանություն կար հայտարարել նախապես գործադուլի մասին, եթե չէիք անելու: Դա շատ անլուրջ է: Եվ իր անլուրջ քայլերով Փաստաբանների պալատի նախագահը, այդ խորհուրդը, նախաձեռնող խումբը կրկնակի վատ վիճակի մեջ դրեցին փաստաբանությանը»:

Եթե նախագահը ստորագրի այս վիճահարույց օրենքները, դրանք ուժի մեջ կմտնեն 2019-ի հունվարի 1-ից։

XS
SM
MD
LG