×


Դերասանուհի Տաթեւ Թարյան․ «Պետք է ամեն ինչի հանդեպ ուշադիր եւ զգայուն լինել»

Շատ փոքր հասակում հմայվեց ու տպավորվեց «Հին աստվածներ» պիեսի բեմադրությամբ, իսկ տարիներ հետո դարձավ դերասանուհի՝ մասնիկը կազմելով հենց նույն ներկայացման. BRAVO.am-ի զրուցակիցը թատրոնի եւ կինոյի դերասանուհի Տաթեւ Թարյանն է: Խոսել ենք մասնագիտության ընտրության, ծրագրերի, լուսանկարվել սիրելու եւ շատ այլ թեմաների շուրջ:

- Թատրոնում տարբեր դերերից հետո հանդիսատեսը Ձեզ սկսեց տեսնել նաեւ «Խաբկանք» հեռուստասերիալում: Ինչպե՞ս եղավ առաջարկը, ի՞նչը հատկապես դժվար տրվեց Ձեզ սերիալում:

- Դժվարությունն այն է, որ ես երկար տարիներ խուսափում էի սերիալներում նկարահանվելուց, բայց հիմա շատ ափսոսում եմ: Ինձ շատ բարդ է գիտակցել, որ այդ տարիները պետք էր օգտագործել, իսկ ես բաց եմ թողել: Սերիալը դերասանի համար լավ վարժանք է: Առաջարկն անսպասելի եղավ երկրորդ ռեժիսորի կողմից, արագ ընդգրկվեցի․ ընդամենը մի քանի րոպեների ընթացքում պայմանավորվեցինք, եւ առավոտյան արդեն նկարահանման տաղավարում էի: Յուրահատուկ թիմ է աշխատում. նրանք միանգամից կարողանում են քեզ տեղափոխել իրենց էներգետիկ դաշտ, դու արագ դառնում ես այդ գործի մասնիկը: Սա, հատկապես, կարեւոր է այն դեպքերում, երբ դերասանը նախագծին միանում է ոչ թե սկզբում, այլ՝ ընթացքից: Կերպարս լրագրող աղջիկ է, որը նորաբաց լրատվական կայքում է աշխատում: Սպասվում են հետաքրքիր ու անսպասելի զարգացումներ, ինչը շատ բնորոշ է մեր սցենարիստ Անուշիկ Պետրոսյանին: Հեռուստադիտողին ձանձրանալու առիթներ չենք տա:

Տաթեւ Թարյանը


- Տաթեւ, ե՞րբ եւ ինչպե՞ս եկաք այն որոշման, որ հենց դերասանուհու մասնագիտություն պետք է ունենաք:

- Փոքր էի շատ, երբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դիտեցի Լեւոն Շանթի «Հին աստվածներ» պիեսի բեմադրությունը, այդ ժամանակ իմ տեսած ամենագեղեցիկ երեւույթն էր այդ ներկայացումը: Հիշում եմ, որ խենթի նման սիրահարվեցի բեմին, ուզում էի այդ ամենի մեջ լինել, այդ տարօրինակ գեղեցկությունը լիներ իմը: Այդ ներկայացումը շատ մեծ խթան էր ինձ համար, եւ տարիներ անց ես արդեն սովորում էի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ Վահե Շահվերդյանի լսարանում, ով այդ ներկայացման ռեժիսորն էր, եւ ես ներգրավված էի «Հին աստվածներ» ներկայացման մեջ:

- Հիմա հայտնի դառնալը համացանցի միջոցով շատ հեշտացել է, բացի այդ շատերն են ձգտում հայտնվել ֆիլմերում: Ըստ Ձեզ՝ որո՞նք են լավ դերասան լինելու պայմանները, ի՞նչն է կարեւոր այս մասնագիտության մեջ:

- Երբ ընդունվում էի թատերական ինստիտուտ, ինքս ինձ համար որդեգրեցի հետեւյալը՝ կամ որպես դերասանուհի անում եմ այն ամենն, ինչ պահանջում է կերպարն ու ռեժիսորը, կամ ես դերասանուհի չեմ: Հարկավոր է գիտակցել, որ դերասանուհի լինելն ուղղակի մասնագիտություն չէ, այլ ապրելակերպ է, մարդու տեսակ, քանզի պետք է ամբողջությամբ վերցնել ու վերադարձնել: Շատ կարեւոր է մասնագիտական կրթությունը, ինչպես նաեւ ներքինդ պետք է լիքը լինի, քո մեջ պետք է հազարավոր կերպարներ եւ զգացմունքներ ապրեն: Պետք է շատ կարդալ, շատ ֆիլմեր դիտել, կյանքում ամեն ինչի հանդեպ ուշադիր եւ զգայուն լինել, որպեսզի հետաքրքիր ու կարեւոր երեւույթ տեսնելիս՝ անմիջապես վերցնես, պահես քո մեջ ու հետագայում օգտագործես կերպարներ կերտելու ժամանակ:

Տաթեւ Թարյանը


- Դերեր, որոնց մասին երազում եք կամ նպատակ ունեք խաղալու:

-Իմ ամենամեծ անկատար երազանքը Անտոն Չեխովի «Ճայը» պիեսում Նինայի կերպարը խաղալն է, որովհետեւ ապրված կերպար է, եւ ասելիքն է շատ:

- Առաջիկայում հանդիսատեսն ի՞նչ նորություններ կտեսնի Ձեր մասնակցությամբ:

- Երկար դադարից հետո սկսել եմ զբաղվել մասնագիտական գործունեությամբ, եւ նոր առաջարկները շատ-շատ են: Արդեն կան հաստատված նախագծեր, որոնց մասին առայժմ չեմ կարող խոսել: Ընթացքի մեջ այս պահին «ՆՓԱԿ»-ում ներկայացման փորձերն են, պետք է նշել, որ խիստ համարձակ ներկայացում ենք բեմադրում, որը կնոջ հոգեբանական եւ ֆիզիոլոգիական խնդիրների մասին է, որոնք ոչ միշտ են բարձրաձայնվում Հայաստանում: Նախնական, նոյեմբեր ամսին սպասվում է այդ ներկայացման պրեմիերան:

Տաթեւ Թարյանը


- Ֆիլմեր, որոնք խորհուրդ կտաք դիտել:

- Անվերջ կարող եմ թվել... Կիմ Կի Դուկի ֆիլմերն է հարկավոր դիտել, սկսնակ դերասաններին խորհուրդ եմ տալիս Ինգմար Բերգմանի «Անձնավորություն» (Persona) ֆիլմը դիտել, ընդհանրապես այս ռեժիսորի գործերը հարկավոր է շատ դիտել: Թերեւս, իմ ամենասիրելի ֆիլմը մինչ օրս «Ամելին» է.  այդ կերպարի մեջ ամփոփված են ամենաչքնաղ հատկանիշները՝ յուրահատուկ, գեղեցիկ, կախարդական: Ոչ միայն մասնագիտության մեջ, այլեւ կյանքում՝ որպես մարդ, շատ բան կա սովորելու այդ կերպարից, վերցնելու ու դաստիարակելու ինքդ քեզ որպես անձ:

- Համացանցում հաճախ եք կիսվում հետաքրքիր եւ պրոֆեսիոնալ նկարված լուսանկարներով, արդյոք միայն հոբբի՞ է, թե՞ մոդելային կարիերա եք ցանկանում ծավալել:

-Լուսանկարվելն իմ ամենամեծ կիրքն է, ես անսահման էներգիա եմ ստանում այդ գործընթացից: Մոտ յոթ տարի է, ինչ լուսանկարվում եմ, քաղաքի գրեթե բոլոր լավագույն լուսանկարիչները հրավիրում են համագործակցելու: Արդեն դիտարկում եմ որպես երկրորդ մասնագիտություն: Օրերս Արվին Քոչարյանի «Միստիկուս» նախագծի համար եմ նորից նկարվել, լուսանկարներով կկիսվեմ առաջիկայում:

Զրուցեց Արմինե Բրսոյանը/Bravo.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին