News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր՝ հունվարի 30-ին շարունակվել է երկու տասնյակ փաստաբանների՝ ընդդեմ «Գլաձոր» համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվի ներկայացված հայցի քննությունը։

Նիստում փաստաբան Տիգրան Աթանեսյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Էդիկ Ավետիսյանի դեմ՝ հիմնավորելով, որ իրենց հայցը ներկայացվել է նոյեմբերի 14-ին, իսկ դատավորը նիստ է նշանակել դեկտեմբերին, մինչդեռ նույն օրը այս հայցից առաջ եւ հետո ներկայացված հայցերով դատավորը նիստերը նշանակել էր 2018թ. գարնանը։

«Նույն օրը վարույթ ընդունված մեկ այլ գործ նշանակել է մարտին, իսկ այս գործը ավելի շուտ։ Ինչո՞վ է այս գործն արտառոց նույն օրը ներկայացված այլ հայցերից, որ դատաքննությունն այսքան շուտ են սկսել։ Ինչո՞ւ պիտի առանձնահատուկ եւ արագ քննվի, ուրեմն, ենթադրաբար հանձնարարություն ունեն»,- նշել է Տիգրան Աթանեսյանը։

Դատավոր Էդիկ Ավետիսյանը նիստը հետաձգել է մինչեւ փետրվարի 2-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, երկու տասնյակ փաստաբաններ նոյեմբերին հայց էին ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ պահանջելով չեղարկել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ «Գլաձոր» համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվից ստացած իրավաբանական կրթության դիպոմը։

Գործով պատասխանողը «Երեւանի «Գլաձոր» համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվն է, իսկ գործով երրորդ անձը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է։ Ըստ հայցվորների, 1996 թվականի մայիս ամսից մինչեւ 1998 թվականի հուլիս ամիսը Ա.Զոհրաբյանը պետք է հանձնած լիներ առնվազն 20-25 քննություն եւ 30-40 ստուգարք: Այսինքն՝ 1996 թվականի մայիս ամսից մինչեւ 1998 թվականի հուլիս ամիսը, ըստ պատասխանողի հայտնած տեղեկությունների, Արա Զոհրաբյանը պետք է առնվազն 50-60 օր բացակայեր զորամասից միայն ստուգարքներին եւ քննություններին մասնակցելու համար, ընդ որում յուրաքանչյուր անգամ մեկ օրով պետք է գար Երեւան քաղաք զորամասից, որը, հայցվորների տեղեկություններով, գտնվում է Երեւան քաղաքից 100 կմ-ից հեռու տարածության վրա: «Այսինքն, այս ֆանտաստիկ անհատական գրաֆիկի պայմաններում Ա.Զոհրաբյանը պետք է բացակայեր զորամասից ծառայության ընթացքում առնվազն 100-150 օր, ինչը անհնարին է, քանի որ նախ արգելված է օրենքով եւ իրենից ներկայացնում է ոչ թե ուսման ինչ-որ եղանակ, այլ հանցագործություն՝ զորամասը ինքնագլուխ լքելը կամ անգամ դասալքություն, սակայն, քանի որ չկա որեւէ տեղեկատվություն Ա.Զոհրաբյանի մասին, որ նա ինքնագլուխ լքել է զորամասը կամ դասալքել է,  մենք համոզված ենք, որ նման բան՝ զինվորական հանցանք տեղի չի ունեցել»,- նշված է հայցադիմումում:

Ըստ փաստաբանների՝ Արա Զոհրաբյանը, «պարտաճանաչ կատարելով իր պարտքը Հայրենիքի առջեւ», չէր կարող հանձնել եւ չի հանձնել անձամբ այդ ընթացքում ստուգարքները եւ քննությունները Երեւանի «Գլաձոր» համալսարանում, ուստի նա չէր կարող եւ իրավունք չի ունեցել 1999 թվականին մասնակցելու ավարտական քննություններին, որի պատճառով նրան շնորհված իրավաբանի որակավորումը եւ տրված դիպլոմը պետք է ճանաչվեն անվավեր:

Հայցը ներկայացրել էին փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը, Քրիստինա Գեւորկյանը, Դավիթ Գյուրջյանը, Արայիկ Պապիկյանը, Նինա Կարապետյանցը, Վահե Մակյանը, Մարատ Կոստանյանը, Մուշեղ Շուշանյանը, Արթուր Գրիգորյանը, Կարեն Մկրտչյանը, Ծովինար Բալայանը, Լուսինե Սահակյանը, Արմեն Սողոմոնյանը, Դիանա Գրիգորյանը, Վահե Գրիգորյանը, Զորայր Հարությունյանը, Գեորգի Մելիքյանը, Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը։

Քսան փաստաբան հայց է ներկայացրել դատարան. Պահանջում են չեղարկել Արա Զոհրաբյանի դիպլոմը 

Տպել
Ամենաշատ