Գիտեմ, որ կարող եմ դատապարտվել, բայց թքած ունեմ. Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ապօրինություն է որակում իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով գործ հարուցելը և պատրաստվում է վիճարկել Հայաստանը լքելու արգելքը: Նրա համոզմամբ, իր կողմից իբր ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին ծեծի ենթարկելու պատմության հետևում կանգնած է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, և այս պատմության նպատակն իրեն ճնշումների ենթարկելն է: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ինքը՝ փաստաբանը:
«Իմ նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝ հանցակազմի բացակայության հիմքով, բայց եթե անգամ գործը գնա դատարան, պետք է լինի արդարացման դատավճիռ: Ես կարող եմ հաշտվել իմ գրասենյակ եկած չորս փաստաբանների հետ, եթե նրանք ներողություն խնդրեն և Արա Զոհրաբյանից սկսած՝ հրաժարական տան: Գիտեմ, որ կարող եմ դատապարտվել, բայց թքած ունեմ, անարդարություններ շատ եմ տեսել: Գաղափարն ավելի մեծ է, զիջում չի լինելու»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Ասուլիսին ներկա փաստաբան Երվանդ Վարոսյանն իր հերթին նշեց՝ կա ակնհայտ տեսանյութ այն մասին, թե ինչպես են չորս անձինք գալիս Տիգրան Աթանեսյանի գրասենյակ: Նրանցից մեկը նախ գալիս է, ճշտում՝ ինչ է կատարվում, ապա գալիս են մնացած երեքը:
«Այս տեսանյութը կա նաև նախաքննական մարմնի տրամադրության տակ: Սա այլ կերպ, քան հովանավորչություն, չենք կարող որակել: Պարզ է, որ նրանք այս քայլին ինքնուրույն չեն դիմել: Հարձակվողները Փաստաբանների պալատում որոշակի պաշտոններ են զբաղեցնում: Եթե նրանք չեն գործել առանց Փաստաբանների պալատի նախագահի գիտությամբ, ապա մեկ րոպե ավելի չէին կարող այդ կառույցում աշխատել: Մինչդեռ հաջողությամբ շարունակում են աշխատել»,- ասաց նա:
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ փաստաբանությանը մեծ վտանգ է սպառնում. «Փաստաբանությունը գնալով թուլանում է, փաստաբանները մնացել են լրիվ անպաշտպան: Եթե փաստաբանները կարողանում են իրենք իրենց պաշտպանել, լավ է, եթե չեն կարողանում, Փաստաբանների պալատի կողմից արժանանում են լրիվ հակառակ վերաբերմունքի: Տարիներ առաջ մենք չէինք պատկերացնի, որ փաստաբաններին կխուզարկեն, իսկ Փաստաբանների պալատը չի արձագանքի: Այդ մարմինը պետք է խիստ հայտարարությամբ հանդես եկած լիներ»:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանների մասնակցությամբ միջադեպերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում
- Փաստաբանների մասնակցությամբ միջադեպի մասնակից Սիմոն Բաբայանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
- Վարույթ է ընդունվել փաստաբանների հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործը
- Միջադեպի մասնակից փաստաբանների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ. ՓՊ
- Տ. Աթանեսյանը և Ա. Սողոմոնյանը ճանաչվել են փաստաբանների մասնակցությամբ միջադեպի տուժող. ՔԿ
- Փաստաբանական դպրոցի տնօրենը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել