211652_close_icon
views-count5413 դիտում article-date 20:21 26-12-2017

Հնդկական շուկան բաց է հայկական գինիների համար. Հնդկաստանի գինու ակադեմիայի տնօրեն

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Հնդկաստանում Հայաստանի դեսպանության հետ համատեղ մի շարք հեղինակավոր հնդիկ սոմելյեների, գինու գնորդների և խմբագիրների համար կազմակերպել է հայկական գինիների ներկայացման եռօրյա միջոցառումներ: Միջոցառումների շարքը մեկնարկել է միջազգային ճանաչում վայելող «Սոմելյե Ինդիա» ամսագրի խմբագրությունում: Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչ Սյուզաննա Մկրտչյանը ներկայացրել է հայկական գինու պատմությունը, ավանդույթները, գինեգործության ժամանակակից տեխնոլոգիաները, հիմնադրամի գործունեությունը՝ տեղական գինիների արտահանման ծավալների ավելացման և աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ: Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է հայ-հնդկական տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորություններին, մասնավորապես հայկական գինիների արտահանման տեսանկյունից՝ ընդգծելով, որ թեև շուկան բավականին բարդ է, սակայն հայկական գինիների՝ շուկա մուտք գործելու հնարավորությունը մեծ է: Հաջորդիվ Հայաստանի դեսպանատանը կազմակերպվել է քննարկում և համտես Հնդկաստան գինի արտահանող և մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Հրավիրյալ մասնագետները, որոնց շարքում են «AccorHotels» հյուրանոցների ցանցի, «Fermentras» գինու և ալկոհոլային խմիչքների մարկետինգային և խորհրդատվական կազմակերպության, «TABUNI GVINO» խոշոր ներմուծող ընկերության ներկայացուցիչները, Հնդկաստանի գինու ակադեմիայի տնօրեն և փորձագետ Սուբհաշ Արորան և այլք, բարձր են գնահատել հայկական գինիներն ու նշել, որ հնդկական շուկան բաց է որակյալ, հարուստ համահոտային փնջով հագեցած, հնագույն պատմություն ու ավանդույթներ ունեցող հայկական գինիների համար: Այցի երրորդ օրը հիմնադրամի ներկայացուցիչը Դելիի մի քանի լավագույն ռեստորաններում հանդիպումներ է ունեցել ռեստորանների սոմելյեների հետ, քննարկել հիմնական այցելուների առաջնային նախասիրությունները և հայկական գինիների համապատասխանությունn այդ նախասիրություններին: _________________________________________________________________________ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն այսօրինակ միջոցառումների կազմակերպմամբ աջակցում է գինեգործական ընկերություններին՝ հայկական արտադրանքը միասնական հարթակում ներկայացնելու, դրանց ճանաչելիությունը բարձրացնելու, արտահանման ծավալները մեծացնելու նպատակով: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր