Մատչելիության հղումներ

«Հիվանդը տեղափոխման պատճառով չի մահացել». «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ


«Հիվանդը տեղափոխման պատճառով չի մահացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Երկու օր առաջ, երբ այս բուժհաստատությունը հիվանդասենյակներն ազատում էր կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար, այստեղից տեղափոխված հիվանդներից մեկը երկու ժամ անց մահացել է «Նաիրի» բուժկենտրոնում։

Ծովինար Խաչատրյանի տեղեկացմամբ՝ 67-ամյա տղամարդը հիվանդանոց էր ընդունվել մարտի 23-ին՝ գիտակցության խանգարմամբ:

«Արդեն ամսի 23-ին նրան միացվել էր արհեստական շնչառության ապարատ, հինգշաբթի օրը, այսինքն՝ ամսի 2-ին, երբ որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցն արդեն պետք է վերապրոֆիլավորվեր որպես ինֆեկցիոն հիվանդանոց, բոլոր հիվանդները կա՛մ դուրս են գրվել, կա՛մ տեղափոխվել են, և այս տղամարդը նույնպես տեղափոխվել է այլ բժշկական կենտրոն», - ասաց նա:

Ըստ Ծովինար Խաչատրյանի, հիվանդը տեղափոխվել է ռեանիմոբիլով, արհեստական շնչառական սարքով, կոմայի մեջ։ «Նաիրի» բուժկենտրոնի Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Անատոլի Գնունին հաստատեց՝ հիվանդն իրենց մոտ է տեղափոխվել ծանր վիճակում, և այդ մասին իրենք տեղեկացվել են վաղօրոք:

«Ռեանիմացիայից իրենց ղեկավարը զանգահարել է, ասել է, որ ուղարկում են հիվանդ, որը պերսպեկտիվա չունի, որ այդ հիվանդին կատարվել է սիրտ-թոքային վերակենդանացում, նա գտնվում է կոմայի մեջ և ունի ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային հիվանդություն, քրոնիկական բրոնխիտ», - ասաց Գնունին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ներկայացուցիչը պնդում է՝ հիվանդին տեղափոխելու որևէ հակացուցում չի եղել։

«Պահի գնահատման և տեղափոխման ժամանակ չի ունեցել վիճակի հետ կապված հակացուցումներ, դրա համար նրան տեղափոխել ենք», - նշեց Ծովինար Խաչատրյանը:

Ռեանիմատոլոգ Անատոլի Գնունուն խնդրեցինք ներկայացնել այն հակացուցումները, որոնց դեպքում հիվանդին չեն տեղափոխում։ Ասաց՝ ոչ կայուն վիճակում գտնվող հիվանդներն են, և նրանք, որ ապրելու հեռանկար չունեն, 67-ամյա տղամարդը չպետք է տեղափոխվեր:

Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Առողջապահության նախարարություն, նախարարի մամուլի խոսնակը միայն փոխանցեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը վերապրոֆիլավորվում է նախարարի հրամանով, հիվանդների տեղափոխման ցուցումների որոշումը հենց բուժկենտրոնինն է։

Հանրապետությունում այս պահին 9 հիվանդանոց պատրաստվում է ընդունել միայն կորոնավիրուսով հիվանդներին։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում 400 տեղ է ազատվել վարակակիրների համար։ Այսօր այնտեղ մի քանի հիվանդներ էին՝ նախկինում մեկուսացված կասկածյալներ:

Բուժկենտրոնի խոսնակի տեղեկացմամբ՝ երեկոյից կենտրոնը կընդունի վարակակիրների. «Երեկ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից մեր բուժանձնակազմը՝ թե՛ բժշկական և թե՛ բուժքույրական կազմը, ինչպես նաև մայրապետները անցան համապատասխան վերապատրաստում, որոշակի հրահանգավորումներ ստացան համաճարակային պայմաններում աշխատելու և աշխատանքները հնարավորինս արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ»:

Տեղեկություն էինք ստացել, որ վերապրոֆիլավորումից հետո որոշ բուժաշխատողներ հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հետ և աշխատանքից ազատման դիմում են գրել:

Ծովինար Խաչատրյանը չհերքեց ու չհաստատեց այս տեղեկությունը. «Ունեմ տեղեկատվություն, որ շատերը պարզապես կամ ոմանք ուղղակի արձակուրդ են վերցրել»:

Բուժկենտրոնի խոսնակը տեկեկացրեց նաև, որ ռիսկային խմբում գտնվող տարեց կամ քրոնիկական հիվանդություն ունեցող բուժաշխատողներին իրենք են առաջարկել այս փուլում չաշխատել։

Ի դեպ, ինֆեկցիոնի վերածված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի պոլիկլինիկան և ծննդատունը իրենց առանձին շենքերում շարունակելու են գործել։

Ավելի վաղ վերապրոֆիլավորվել էր նաև Վնասվածքաբանության ու օրթոպեդիայի գիտական կենտրոնը, այստեղ այժմ կոտրվածքներով հիվանդներ չկան։ Կորոնավիրուսի ավելի քան հարյուր վարակակիրներ են բուժվում։ Մեր նկարահանման պահին այնտեղ աշխատում էին մասնագետները, նրանք բժշկական վտանգավոր թափոններն էին հեռացնում: Իսկ Այրվածքաբանականի հիվանդները անփորձանք տեղափոխվել են Ուռուցքաբանական։ Այս դեպքում ոչ թե Այրվածքաբանականի շենքն է պետք, այլ բուժանձնակազմը: Նրանք կաշխատեն Սուրբ Աստվածածին ծննդատանը, որտեղ ծննդկաններ ու նորածիններ չկան, 150 մահճակալ է պատրաստվել նոր կորոնավիրուսի նոր հիվանդների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG