Բաժիններ՝

Թբիլիսիում կայացել են արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ հայ-վրացական խորհրդատվություններ

Սեպտեմբերի 10-ին Թբիլիսիում կայացել են Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ խորհրդատվություններ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության կապերի վարչությունից, խորհրդատվությունների շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի արտաքին գերծերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Մալխազ Միքելաձեի, ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմեր Կոնստանտինիդիի, Մամուլի և տեղեկատվության վարչության պետ Մարի Նարչեմաշվիլիի, Միջազգային մշակութային և հումանիտար հարաբերությունների վարչության պետ Քեթևան Կանդելակիի հետ:

Հանդիպումներին քննարկվել են տեղեկատվական և հասարակայնության հետ կապերի ոլորտներում իրականացվող աշխատանքների առնչվող հարցեր: Զրուցակիցները բարձր են գնահատել տեղեկատվական աշխատանքի վերաբերյալ առաջին միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացումը՝ ընդգծելով, որ այն խորհրդանշում է Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության բարձր մակարդակը և նոր հնարավորություններ ընձեռում համագործակցության հետագա զարգացման համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը զրուցակիցներին ներկայացրել է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության գործունեության հիմնական ուղղությունները և նոր նախաձեռնությունները, որոնք միտված են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ հայկական և արտերկրյա լսարանի շրջանում իրազեկվածության բարձրացմանը, բարեկամ երկրների հետ տեղեկատվական ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել թվային դիվանագիտության և տեղեկատվական ոլորտում հայ-վրացական համագործակցության հնարավորությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին և այդ միջոցառումների լուսաբանման հետ կապված հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս