Արցախի ԱԺ-ի կոչը միջազգային հանրությանը՝ իրավական գնահատական տալ Բաքվի հայ բնակչության ջարդերին

Արցախի ԱԺ-ի կոչը միջազգային հանրությանը՝ իրավական գնահատական տալ Բաքվի հայ բնակչության ջարդերին

PanARMENIAN.Net - Արցախի ԱԺ-ն կոչ է անում միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերին: Այդ մասին ասվում է Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ընդունած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

28 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվել և իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Ազգային պատկանելության հողի վրա բռնությունների ու տեղահանման է ենթարկվել տեղի շուրջ քառորդ միլիոն հայությունը: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների վկայությամբ՝ խոշտանգումների զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Հայաթափված Բաքուն պատմության մեջ մտավ «երեք ջարդերի քաղաք» անվանմամբ (1905թ., 1918թ. և 1990թ):

1990-ի հունվարի արյունոտ օրերին Բաքվում տեղի ունեցածը, որ իրականացվել էր Գորբաչովի վարչախմբի իմացությամբ և թողտվությամբ, ադրբեջանահայության ցեղասպանության ծրագրի իրագործումն էր, քաղաքականություն, որով Բաքուն ձգտում էր լռեցնել իր ինքնորոշման իրավունքիիրագործման համար ոտքի ելած արցախահայության ձայնը: Այսօր էլ Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են բոլոր միջոցները՝ կոծկելու իրենց ցեղասպան գործողությունները՝ նենգափոխելով իրողությունները և խուսափելով պատասխանատվությունից:

Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի կոտորածին ու բռնատեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակին, համոզված լինելով, որ հանցագործության անպատժելիությունը հանգեցնում է նոր ոճիրների իրականացման, ինչին քաղաքակիրթ հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության ժողովրդի նկատմամբ սանձազերծված նոր ռազմական ագրեսիայի ժամանակ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.

դատապարտում է ահաբեկչության, այլատյացության ու ծայրահեղականության ցանկացած դրսևորում, պնդում է, որ Բաքվի, ողջ Արևելյան Անդրկովկասի, ինչպես նաև Հյուսիսային Արցախի ու Նախիջևանի հայության հանդեպ կազմակերպված բռնությունները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանվածցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը,

վերահաստատում է, որ Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելուն,

կոչ է անում միջազգային հանրությանը և խորհրդարանական կառույցներին՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերին տալ իրավական գնահատական և քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվող հայատյացության քարոզչության դեմ՝ կանխելու դրա հնարավոր հետևանքները:

1990-ի հունվարի 13-19-ը հայերի ջարդերի արդյունքում Բաքվում, ըստ տարբեր գնահատականների, մոտ 400 մարդ է սպանվել, 200 հազարը՝ արտաքսվել: Բաքվում զոհվածների ճշգրիտ թիվն անհնար է պարզել, քանի որ ջարդերի գործով քննություն չի անցկացվել: Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչև հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները:

1990-ի հունվարի 20-ին խորհրդային բանակի զորքերը շրջափակեցին Բաքուն երեք կողմից։ Խորհրդային պաշտպանության նախարար Դմիտրի Յազովն ասում է, որ զորքերի թիվը հասնում էր 40 հազարին։ Խորհրդային բանակը կարողացավ մեկ օրվա ընթացքում լուրջ վնասներ հասցնել Բաքվի կենտրոնախույզ իշխանություններին և վնասազերծել ադրբեջանցի ցուցարարներին։ 130-170 մարդ սպանվեց:

Դրան նախորդել էին հայերի ջարդերը Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում, սակայն զորքերը գործելու հրաման ստացան, երբ Բաքվի հայ բնակչությունը իսպառ վերացել էր և կատարվել էին մասսայական սպանություններ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---