Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիտվան ցանկանում է շարունակել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ

Լիտվան ցանկանում է շարունակել տնտեսական համագործակցությունը Հայաստանի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 4-ին կայացել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը։

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, լիտվական կողմի համանախագահն է ԼՀ էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկյավիչուսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նիստին մասնակցել են Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը։

Նիստի բացմանը իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Կարայանը նշել է. «Կցանկանայի ընդգծել, որ միջկառավարական հանձնաժողովի այս ձևաչափը առաջնահերթ նշանակություն ունի առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հայ-լիտվական համագործակցության ընդլայնման համար: Նման հանդիպումները լավ հնարավորություն են զարգացնելու առկա տնտեսական կապերը, ինչպես նաև ուղենշելու համագործակցության նոր ոլորտները: 

Արդեն կայացել են երկու կողմի փորձագետների հանդիպումները, որոնց շրջանակներում մեր երկու երկրների տարբեր ոլորտների  ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել տեղեկատվություն փոխանակել տնտեսական ծրագրերի մասին, ինչպես նաև քննարկել և արդյունավետ պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ տնտեսական և գործարար կապերի կայացման և խորացման համար, որոնք ժամանակի ընթացքում, անկասկած,  կվերածվեն երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության»:

Մինդաուգաս Սինկյավիչուսը իր հերթին շեշտել է, որ կարևոր է ակտիվորեն օգտագործել  այս ձևաչափը երկու երկրներն ավելի մտերմացնելու համար: «Մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Կոչ եմ անում ուսումնասիրել և օգտագործել բոլոր հնարավորությունները տնտեսական կապերի հետագա զարգացման համար», - ասել է Լիտվայի էկոնոմիկայի նախարարը:

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները:

Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահներ Սուրեն Կարայանը և Մինդաուգաս Սինկյավիչուսը ստորագրել են նիստի Արձանագրությունը, որով սահմանվել են  հետագա համագործակցության ուղղությունները:

Նիստի շրջանակում ստորագրվել է նաև երեք փաստաթուղթ. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ԼՀ սոցիալական ապահովության  և աշխատանքի  նախարար Լինաս Կուկուռայտիսը, «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև ֆիզիկական կրթության և սպորտի բնագավառներում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը և ԼՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դարիուս Ուռբոնասը, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության 2018-2019 թթ. գործողությունների պլանը» ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը և ԼՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոլանդաս Տառաշկյավիչուսը: 

Համառոտ տեղեկանք Հայաստանի և Լիտվայի միջև  առևտրաշրջանառության վերաբերյալ

Հայաստանի առևտրաշրջանառությունը Լիտվայի հետ 2016 թվականին կազմել է 7.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է  17.7 %-ով (2015 թվականին կազմել է 6.2 մլն ԱՄՆ դոլար): Այդ թվում` 2016 թվականին արտահանումը Հայաստանից Լիտվա կազմել է 3.0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է  36.4 %-ով (2015 թվականին կազմել է 2.2 մլն ԱՄՆ դոլար)։ Լիտվայից Հայաստան ներմուծումն, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 4.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.8 %-ով (2015 թվականին կազմել է 3.99 մլն ԱՄՆ դոլար), ըստ առևտուր անող երկրի հատկանիշի ներմուծումը կազմել է 9.6 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.2 %-ով (2015 թվականին կազմել է 9.3 մլն ԱՄՆ դոլար):

Հայաստանի առևտրաշրջանառությունը Լիտվայի հետ 2017 թվականի հունվար-հուլիսին կազմել է 4.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.6 %-ով (2016 թվականի հունվար-հուլիսին կազմել է 3.7 մլն ԱՄՆ դոլար): Այդ թվում` 2017 թվականի հունվար-հուլիսին արտահանումը Հայաստանից Լիտվա կազմել է 1.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 38.9 %-ով (2016 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1.8 մլն ԱՄՆ դոլար), իսկ  Լիտվայից Հայաստան ներմուծումն, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 3.4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 78.9 %-ով (2016 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1.9 մլն ԱՄՆ դոլար), ըստ առևտուր անող երկրի հատկանիշի ներմուծումը կազմել է 6.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.4 անգամ (2016 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1.9 մլն.ԱՄՆ դոլար):

2016-2017թթ․ հունվար-հուլիս ժամանակահատվածում Հայաստանից Լիտվա գրանցվել է արտահանման ծավալների զգալի աճ, մասնավորապես հետևյալ ապրանքատեսակների մասով` խաղողի գինի (2.4 անգամ), պահածոյացված միրգ, ընկուզեղեն, հատապտուղ (2.3 անգամ), բանջարեղեն պահածոյացված առանց քացախի (4.7 անգամ), սիգարետ (2 անգամ), ալկոհոլային խմիչքներ (17.7%-ով):

2016-2017թթ. հունվար-հուլիս ժամանակահատվածում Լիտվայից Հայաստան հիմնականում ներմուծվել են՝ բամբակ մանածագործ նյութերից և իրեր դրանից, նավթ և նավթամթերք, հեռախոսային ապարատ բջջային ցանցի կամ այլ կապի, կանացի հագուստ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]