Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում վերաբացվեց Կանադայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը. ՀՀ-ում դեսպանություն բացելու ծրագիրն ընթացքի մեջ է

Երևանում վերաբացվեց Կանադայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը. ՀՀ-ում 
դեսպանություն բացելու ծրագիրն ընթացքի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ու Կանադան հերթական կարևոր քայլն են կատարում հարաբերությունները խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու ճանապարհին: Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում հանդիսավորությամբ վերաբացվեց Կանադայի պատվո հյուպատոսի գրասենյակը, իսկ Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու ծրագիրն ընթացքի մեջ է:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Կանադայի պատվավոր հյուպատոսության բացման միջոցառմանը ներկա էին Հայաստանում Կանադայի դեսպան (նստավայր՝ Մոսկվա) Էլիսոն Լը Քլերը, Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանը, Հայաստանի արտաքին գործերի նախարարության Ամերիկյան երկրների վարչություն պետ Արմեն Եգանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և այլ հյուրեր։ 

Էլիսոն Լը Քլերը խորհրդանշական է համարում այն, որ հենց այս տարի է բացվում Կանադայի հյուպատոսությունը, երբ նշվում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

«Չեմ կարող բառերով նկարագրել, թե որքան ուրախ եմ և որքան հաճելի է ինձ համար այստեղ գտնվել։ Կանադան 1997 թվականից Հայաստանում ունեցել է հյուպատոսություն, որի նպատակն է եղել Հայաստանում բնակվող, սովորող և ճանապարհորդող կանադացիներին օգնություն տրամադրել։ Վերջին մի քանի տարիներին խզվածք եղավ, և Հայաստանում չկարողացանք ունենալ հյուպատոսություն, երկար ժամանակ այսօրվան սպասում էինք և ահա եկավ այդ օրը։ Այսօր հյուպատոսության բացումը հնարավոր չէր լինի առանց որոշ մարդկանց և կառույցների հետ համագործակցության ու ներդրված ջանքերի։  Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հյուպատոսության բացման մեջ և հատկապես արտաքին գործերի նախարարության Ամերիկյան երկրների վարչություն պետ Արմեն Եգանյանին, ով նաև Կանադայում Հայաստանի դեսպան է եղել»,- ասաց Կանադայի դեսպանը։

Դեսպանը հիշեցրեց նաև, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին վերջերս հայտարարել էր Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին։

«Այս տարի նաև այլ դրական քայլեր են ձեռնարկվում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։ Ինչպես շատերդ գիտեք, Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին վերջերս հայտարարել էր, որ Կանադան Հայաստանում դեսպանատուն է բացելու։ Նախորդ տարվա ամռանը Կանադայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը զեկույց է ներկայացրել, որի մեջ նաև ներառվել էր այդ առաջարկը։ Այստեղ ներկաներից շատերն են ջանքեր գործադրել այդ զեկույցի պատրաստմանը»,- շեշտեց Էլիսոն Լը Քլերը՝  հավելելով, որ նման քայլերը երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման հիմնաքարերն են։

Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանը շնորհակալություն հայտնեց, որ իրեն են նշանակել այդ պաշտոնում՝ ընդգծելով, որ պատրաստ է իր ուժերի ներածին չափով անել ամեն ինչ` զարգացնելու բոլոր ոլորտներում առկա համագործակցությունը։

«Սա հայ–կանադական հարաբերությունների նոր մակարդակ է։ Վստահ եղեք, որ այս հյուպատոսությունը լավագույն ծառայությունները կմատուցի Հայաստանում Կանադայի քաղաքացիներին»,– ասաց Ավագյանը։

ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը իր հերթին նշեց, որ  հայ–կանադական հարաբերությունները վերջին տասնամյակում շատ դինամիկ զարգացել են։

«Ինչպես տեսնում եք, Հայաստանում Կանադայի դեսպանության բացման ծրագիրը ընթացքի մեջ է։ Հույս ունենք՝ մյուս տարի արդեն կգործի այդ դեսպանությունը։ Պատվավոր գրասենյակի վերաբացումը ևս ողջունելի է, որովհետև մի քանի տարի է չկար, այն ինչ շատ կարևոր էր Կանադայի քաղաքացիների համար։

Ինչ վերաբերվում է մեր հարաբերություններին, այն ամեն տարի ավելի է խորանում ։ Այս տարվա սեպտեմբերին Օտտավայում տեղի ունեցան առաջին նախադեպը չունեցող քաղաքական խորհրդակցությունները։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝  երկու երկրների միջև շատ ջերմ, խորքային և խիստ բարեկամական հարաբերություններ են»,- ընդգծեց Եգանյանը։

Կանադայի հյուպատոսությունը տեղակայված է «Maple Leafs» հայ-կանադական բժշկական կլինիկայի տարածքում։ Այն կտրամադրի համապատասխան ծառայություններ այն կանադացիներին, ովքեր ապրում, սովորում, աշխատում և ճամփորդում են Հայաստանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]