Մատչելիության հղումներ

«Քաղաքական որոշումն արդեն կայացված է». Կառավարությունը հավանություն տվեց 441 համայնք միավորելու մասին նախագծին


Մի քանի ամսից ջրաշենցի 84-ամյա Ժենիկ Բադիկյանը քաղաքացի կհամարվի։ Այսօր կառավարությունը հավանություն տվեց մի նախագծի, որով Լոռու մարզի 3600 բնակիչ ունեցող Ջրաշեն գյուղը շուտով կարող է միանալ հարևան Սպիտակ քաղաքին։

Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության նախագծով Հայաստանի 441 համայնքներ միավորվելու արդյունքում կդառնան 37-ը։ Մյուս 404-ը կունենան բնակավայրի կարգավիճակ, որտեղ համայնքի ղեկավարի փոխարեն վարչական ներկայացուցիչ կլինի, բյուջեն էլ կտնօրինեն խոշորացած համայնքի ղեկավարն ու ավագանին։

Կառավարությունում նկատի ունենալով նախկինում խոշորացած համայնքների օրինակները, առավելություններ են մատնանշում. Համայնքների ապակենտրոնացում տեղի կունենա, կմեծանան դրանց տնտեսական զարգացման հնարավորությունները, ավելի արդյունավետ կմասնակցեն կառավարության սուբվենցիոն ծրագրերին, որ փոքր համայնքների դեպքում գրեթե անհնար էր։ Կլուծվի նաև գյուղերում մասնագետների պակասի խնդիրը։ Մինչդեռ միավորվող, հատկապես, մեծ գյուղերում դժգոհ են։ Դեռ 2016-17 թվականներին խոշորացած համայնքներն են օրինակ բերում, թե ոչ մի օգուտ էլ չեն ունեցել։

Լոռիում Արևաշողը հարևան Սպիտակին միացող 20 գյուղերից մեկն է։ 2800 բնակիչ ունեցող այս գյուղում անգամ ստորագրահավաք են սկսել։ Պնդում են, թե բնակիչների 99 տոկոսը դեմ է խոշորացմանը։

«Մենք ուզում ենք մնալ ինքնիշխան Արևաշող, մենք համայնքների խոշորացմանը դեմ ենք», - ասաց բնակիչներից մեկը:

Բնակիչները մատների վրա թվարկում են Արևաշողի առավելությունները, թե իրենց 60 միլիոն դրամանոց բյուջեով մանկապարտեզ են պահում, որ անգամ կենտրոն դարձող Սպիտակը նմանը չունի, գյուղի գրեթե բոլոր փողոցները բարեկարգել ու լուսավորել են, գյուղապետարանի հարմարավետ շենք ունեն, համայնքի ղեկավարն էլ անտրտունջ լուծում է բնակիչների խնդիրները։ Մտավախություն ունեն, թե միավորման դեպքում իրենց 60 միլիոնը միայն սպիտակցու ծախսերը կհոգա, իսկ իրենք կմնան աչքից հեռու։

«Մեր ձեռքից վերցնում են մեր հեղինակությունը», - ասաց գյուղի բնակիչներից մեկը:

Հարևան Ջրաշենը տարածքի ամենամեծ գյուղն է, 3600 բնակիչ ունի։ Սա էլ կմիանա Սպիտակ քաղաքին։ Ջրաշենցիները ևս դեմ են արտահայտվում խոշորացմանն ու միաժամանակ անպատասխան հարցեր առաջադրում՝ ինչո՞ւ 100 միլիոնից ավելի բյուջե ունեցող համայնքն այդպես էլ մանկապարտեզ չունեցավ, չնայած դրա կառուցման համար մեծ գումարներ ծախսվեցին, ինչո՞ւ Ջրաշենն անջուր մնաց, ինչո՞ւ գյուղում միայն հատուկենտ փողոցներ նորոգվեցին, ու երբևէ մշակույթի տուն չունեցան։

«Անունն էլ Ջրաշեն ա, քանդվաշեն դնեն հոգիներն ազատվի», - ասաց ջրաշենցի տղամարդը:

Ջրաշենի գյուղապետի նկատմամբ վերջին երեք տարիներին մի քանի քրեական գործ է հարուցվել։ Այսօր էլ դրանցից մեկի նախաքննությունն ավարտվել է ու գործը հասել դատարան։ Ավելի քան 20 տարվա գյուղապետից դրական արդյունքներ չտեսած որոշ բնակիչներ, այնուամենայնիվ, կարծում են, որ գոնե միավորման դեպքում գյուղում մի բան կփոխվի։

«Իմ ու քո չի լինի, ճիշտ կլինի էլի, երկիրը ոնց կառավարվի տենց կգնա իր հունով», - նշեց մեկ այլ բնակիչ:

Դեռ հեղափոխությունից առաջ հանրապետության 486 համայնքներ միավորվել ու 9 անգամ կրճատվելով՝ 54-ն էին դարձել։ Այդ ընթացքում էլ փոքր համայնքներում դժգոհություններ կային։ Անգամ կառավարությունը հանրաքվե կազմակերպեց միավորվող համայնքներում։ Բայց որոշում կայացնելու համար դրանց արդյունքները հաշվի չառնվեցին։

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Սահմանադրական դատարանի որոշում կա՝ այս հարցում տեղական հանրաքվե անցկացնելը հակասահմանադրական է և խոշորացումը որպես քաղաքական գործընթաց կորոշվի միայն Ազգային ժողով - կառավարություն տիրույթում։ Քաղաքական որոշումն արդեն կայացված է, ասաց վարչապետը։

«Հասկանալիորեն փորձ պետք է արվի նաև այնտեղ, որտեղ հնարավոր է կրքեր բորբոքել, ես ուզում եմ մեր սիրելի հայրենակիցներին, խնդրել, կոչ անել, որ չտրվեն այդ կարգի սենտիմենտներին, ամենատարբեր հիմնավորումներ են բերում՝ բա ոնց կլինի մեր համայնքը, մյուս համայնքը, դարավոր ինչ-որ հարցեր կան լուծելու», - նշեց Փաշինյանը:

Սեպտեմբերի 24-ին ԱԺ-ի արտահերթ նիստում նախագիծը օրենքի ուժ ստանալու դեպքում բոլոր 37 ձևավորվող համայնքներում, եթե անգամ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չի ավարտվել, առաջիկայում տեղի կունենան ավագանու ընտրություններ կուսակցական ցուցակներով։ Ամենաշատ թվով ձայներ ստացած կուսակցությունների թեկնածուն կղեկավարի համայնքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG