Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գիտաժողովի մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել դատապարտել Ադրբեջանի հակահայ քայլերը

Գիտաժողովի մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել դատապարտել 
Ադրբեջանի հակահայ քայլերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ադրբեջանի ցեղասպանական վարքը․ պատմություն և արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան)» թեմայով միջազգային առցանց գիտաժողովը հայտարարություն է ընդունել։  Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների քաղաքականությունը Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան շրջաններում առայսօր միջազգայնորեն չի դատապարտվել, իսկ արյան ու ավերածությունների միջոցով ստեղծված այդ պետությունը պատասխանատվության չի ենթարկվել:

«Արմենպրես»-ը ներկայացնում է միջազգային գիտաժողովի հայտարարությունը։  

«Ադրբեջանի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների քաղաքականությունը Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան շրջաններում առայսօր միջազգայնորեն չի դատապարտվել, իսկ արյան ու ավերածությունների միջոցով ստեղծված այդ պետությունը պատասխանատվության չի ենթարկվել: Անպատժելիության զգացումը Ադրբեջանի ղեկավարության ոճրագործ ձեռքերին ազատություն է տվել նորից նախճիրներ նյութելու բնիկ ժողովուրդների դեմ, բարբարոսաբար ոչնչացնելու նրանց ստեղծած քաղաքակրթային արժեքները:

Այսպես կոչված` Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կարճատև գոյությունն անհամեմատելիորեն հարուստ է պատերազմների սանձազերծումով, բռնություններով, ավազակային հարձակումներով ու կողոպուտներով, էթնիկական զտումներով և բնիկներին պատկանող պատմաճարտարապետական կոթողների զանգվածային ոչնչացումով: Թուրքական սվինների օգնությամբ ստեղծված այդ խամաճիկային պետությունն ինքնահռչակման օրից` 1918 թ. մայիսի 27-ից ի վեր Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան շրջաններում իրականացնում է պետական ահաբեկչության քաղաքականություն, դառնալով ցեղասպանության թուրքական քաղաքականության կույր գործիքը: Այդ քաղաքականության սահմռկեցուցիչ դրսևորումները Այսրկովկասի ողջ տարածաշրջանի պատմության մռայլ էջերն են կազմում: Դրանցից հատկանշելի են Բաքվի 1918 թ. և Շուշիի 1920 թ. եղեռնագործությունները: Իր պատմական հայրենիքից հայ ազգաբնակչության բռնի տեղահանության քաղաքականության շուրջ 70-ամյա անպատիժ գործադրումն այսօր հայրենազրկել է Ադրբեջանում հնուց ի վեր ապրող կես միլիոնից ավելի հայերի, մարդկային ու մշակութային վիթխարի և անդառնալի կորուստների պատճառ դարձել: Բայց այդ ամենին քաղաքական գնահատական չտալը, չդատապարտելը և հանցագործ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելը հանգեցրել են նրան, որ այդ պետությունն այսօր դարձել է տարածաշրջանի ամենաագրեսիվ, սպառազինությունների մրցավազքով և նոր պատերազմ սանձազերծելու մոլուցքով տառապող մի անկանխատեսելի ու վտանգավոր կազմավորում, պատերազմի մշտական օջախ, որը սպառնում է հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգությանը, միջազգային կառույցների տնտեսական, քաղաքական և տարածաշրջանային այլ ծրագրերի իրականացմանը: Այդ սպառնալիքը հատկապես ակնհայտ է հայկական կողմի համար, քանզի տասնամյակների փորձը վերջինիս օգնում է ավելի լավ ճանաչելու եկվոր հարևանների խարդախությունները, կանխատեսելու նրանցից եկող վտանգը: Միաժամանակ, դա Արցախի հայ ազգաբնակչությանն իրավունք է տալիս դիմելու զինված ինքնապաշտպանության, ինչպես արդեն դա արել է  XX դարի 90-ականների սկզբներին և 2016 թ. ապրիլին Ադրբեջանի նախահարձակմանը դիմագրավելու ժամանակ կամ էլ կանխարգելիչ հակահարված հասցնելու սահմանագծում հակառակորդի դիպուկահարների ու դիվերսիոն-հետախուզական խմբերի չդադարող սադրանքների ու ոտնձգությունների զսպման նպատակով: Իսկ համաշխարհային ուժային կենտրոնները, կաշկանդված իրենց հակասական շահերից և կուրացած ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքների խաբուսիկ ցոլքից, դեռևս հապաղում են բռնել պանթուրքական զառանցանքներով տառապող ոճրագործի ձեռքը, դատապարտել պատերազմի սպառնալիքներով ու հրադադարի ռեժիմը խախտելով, զանազան սադրանքներով իրավիճակը ապակայունացնելու և խաղաղարար գործընթացը տապալելու Ադրբեջանի քաղաքականությունը: Առաջընթացի հասնելու համար հայկական կողմի անելիքները ևս շատ են, մանավանդ, որ ճշմարտությունը տեղ հասցնելու համար պահանջվում է երկարատև ու անդադար պայքար: Այս տեսակետից կարելի է հատկանշել նաև հասարակության ակտիվության գործոնը: Ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցների սերունդների նպատակը ոչ միայն Ադրբեջանի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների քաղաքականության դատապարտումն է, այլև միջազգային հանրությունից, նախ և առաջ, Ադրբեջան-ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված պետություններից նույնն ակնկալելն ու պահանջելն է: 

Այսպես կոչված` Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կողմից ծրագրված ու կազմակերպված Բաքու և Շուշի քաղաքների հայ բնակչության ջարդերը և Արցախի երբեմնի ծաղկուն մայրաքաղաքի հրկիզումը էթնիկական զտման ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումներն էին, ոչ միայն արմենոցիդի թուրքական քաղաքականության շարունակությունը, այլ նաև ոտնձգություն ամբողջ մարդկության ու ժողովրդավարության դեմ: Երկու օր շարունակված միջազգային առցանց գիտաժողովի մասնակիցները դատապարտում  են Ադրբեջանի ոճրագործությունները և վստահություն են հայտնում, որ միջազգային հանրության կողմից այդ երկրի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների շարունակվող քաղաքականության դատապարտումը կամ դրան համարժեք քաղաքական, իրավական գնահատական տալը կարող են դառնալ նման հակամարդկային դրսևորումների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը:

Ներկայիս Ադրբեջանը, լինելով այսպես կոչված Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը, և օգտվելով անպատժելիությունից, որդեգրել է իր նախորդի ոճրագործ քաղաքականությունը: Դրա վկայությունն են հանդիսանում 1987-91 թվականների Ադրբեջանի հայ ազգաբնակչության ջարդերը և բռնատեղահանությունները, ագրեսիայի նախաձեռնումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, իսկ ներկայում` սահմաններ փակելով, հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելով, խաղաղարար գործընթացին խոչընդոտելով պատերազմի ու սպառազինությունների մրցավազքի մշտական հրահրումը:

Թուրքիայի ու Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը վերապրածների սերունդները դատապարտում և անընդունելի են համարում քաղաքական հիմնախնդիրները բիրտ ուժի միջոցով լուծելու՝ այդ երկու կազմավորումների քաղաքական գիծը: Թեև մեր ժողովուրդը միշտ էլ կարծել է, թե միայն քաղաքակիրթ ճանապարհով կարելի է լուծել պետությունների միջև վիճահարույց հիմնախնդիրները, սակայն պատմությունը սովորեցնում է, որ ծառացած խնդիրները պետք է լուծել` ապավինելով սեփական ուժերին, մեր ազգի բազկի ու մտքի հավաքական զորությանը: Ուստի, Շուշիի հայերի հանդեպ եղեռնագործության 100-րդ և Արևմտյան Հայաստանի ու Թուրքայի տարածքում հայ ազգաբնակչության ցեղասպանության 105-րդ տարելիցներին հայ ժողովուրդը միջազգային հանրությունից ընդամենն ակնկալում է դատապարտել Ադրբեջանի՝ տասնամյակներ շարունակվող հակահայկական գործողությունները ու բոլոր հնարավոր միջոցներով ու ազդեցության լծակներով այդ երկրի ավտորիտար իշխանություններին հետ պահել Այսրկովկասի անվտանգությանը մշտապես սպառնալու անմիտ մարտավարությունից: Կամ` գոնե համակողմանիորեն աջակցել Ադրբեջանի ագրեսիվությունը զսպելու կարևոր առաքելությունն արդեն գրեթե երեք տասնամյակ իրականացնող Լեռնային  (Արցախի) Հանրապետությանը և նրա փառապանծ Պաշտպանության բանակին:

Անթույլատրելի է աչք փակել նաև ամենաբարձր մակարդակով Նախիջևանում իրականացվող հայկական մշակութային արժեքների յուրացման և ոչնչացման վրա: Երբ ծայրահեղական ահաբեկիչները Մերձավոր Արևելքում գազանաբար ոչնչացնում են մշակութային համամարդկային արժեքները, իսկ պատմական Կոստանդնապոլսում մզկիթի է վերածվում Սուրբ Սոֆիայի տաճատը, առավել քան զգացվում է Նախիջևանում ադրբեջանցիների կողմից հայկական բացառիկ խաչքարերի ջարդուփշուր անելու նախադեպը և վանդալիզմի այլ գործողությունները դատապարտելու, ինչպես նաև Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Նախիջևանյան թեման շարունակությունն է Ադրբեջանի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների քաղաքականության մերկացման և Արցախի հետ սերտորեն առնչվում է ինչպես Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում, այնպես էլ այն առումով, որ հենց Նախիջևանի ողբերգական ճակատագիրը մղեց Արցախի հայ ազգաբնակչությանը պարզելու պայքարի դրոշը` Ադրբեջանի ոճրագործ քաղաքականությունից ինքնապաշտպանվելու նպատակով: 1920 թ. մարտյան ողբերգությանը զոհ գնացին նաև ժամանակին Ագուլիսից Շուշի տեղափոխված մեր հայրենակիցները, ուստի Արցախի ոստանի ու Նախիջևանի կապը ոչ միայն պատմականորեն է, այլ նաև Ադրբեջանի նույն ոճրագործ քաղաքականությանը ենթարկվելու դժբախտությունն ունենալու տեսանկյունից:

Շուշիի մարտյան ողբերգության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային առցանց գիտաժողովում ներկայացված  զեկուցումները նպատակ ունեն ևս մեկ անգամ բարձրաձայնել Արցախի երբեմնի ոստանում Ադրբեջանի կազմակերպած հայերի կոտորածների մասին, միջազգային հանրության ուշադրությունը սևեռել հիմնահարցի վրա և իրավասու մարմիններին ներկայացնել սահմանված ընթացակարգով համապատասխան միջազգային ատյաններ դիմելու և Ադրբեջանին իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Շուշիում Ադրբեջանի կողմից կազմակերպված ոճրագործությունները հայ ազգաբնակչության նկատմամբ ցեղասպանության տասնամյակներ շարունակվող քաղաքականության հերթական դրսևորումն էին և բացահայտում են Ադրբեջանի ահաբեկչական, ագրեսիվ ու անմարդկային բնույթը: 

Մեր օրերում, երբ տեղաբնիկների ցեղասպանության միջոցով ձևավորված Ադրբեջանի ղեկավարները բարձր ամբիոններից ճամարտակում են ժողովրդավարական արժեքների մասին, պետականորեն իրենց իսկ կազմակերպած ու իրագործած ոճրագործությունների, այդ թվում նաև ս. թ. հուլիսի 12-ին Տավուշի շրջանում ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու նպատակով սադրիչ նախահարձակման  համար ցինիկորեն մեղադրում դրանց զոհ գնացած անմեղ հայերին, ավելի քան հրատապ է, մանավանդ` ներկայում լայն թափ ստացած տեղեկատվական պատերազմի պայմաններում, անցյալի ողբերգական իրադարձությունների վերաիմաստավորումը, դրանց համարժեք գնահատական տալը և, դրանով իսկ Ադրբեջանին դիմակազերծ անելը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]