Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

Երկար ընդմիջումից հետո այսօր վերսկսվեց Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով դատական նիստը

Տևական ընդմիջումից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում և արդարացման դատավճիռ են ակնկալում:

Նախորդ նիստում կիսատ էր մնացել երեք ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդության քննարկումը: Փաստաբանը միջնորդել էր անթույլատրելի ապացույց ճանաչել 2015 թվականի ապրիլի 21-ի զննության արձանագրությունը և դրան կցված ու ապացույց ճանաչված՝  Երևանի տարբեր հատվածների տարբեր տեսանկարահանող սարքերի տեսանկարահանած նյութերը, բացի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքի մոտ տեղադրված սարքի նկարահանած նյութից:

Փաստաբանը նշել էր, որ հիշյալ ապացույցները ձեռք են բերվել դատավարական օրենքի խախտումներով, բացի այդ՝ վերաբերելի չեն այս գործով առաջադրված մեղադրանքին: Միակ վերաբերելի տեսանյութը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքի մոտ տեղադրված սարքի նկարահանած նյութն է:

Փաստաբանն ընդգծել էր, որ վարույթն իրականացնող քննիչը զննության արձանագրության մեջ ներառել է ոչ թե զննության ենթակա օբյեկտների բովանդակությունը, այն, ինչ ինքը զննել է, այլ՝ ներառել է նաև իր ենթադրություններն ու դատողությունները, ինչն անթույլատրելի է: Տեսանյութերը հետազոտվել են դատարանում, դրանցում կողմերը չեն տեսել այն, ինչ զննության արձանագրության մեջ ամրագրել է քննիչը: Տեսանյութերում որևէ անձի նույնականացնել, որևէ մեքենայի համարանիշ ֆիքսել հնարավոր չէ, սակայն քննիչն արձանագրել է, որ երևացող «սիլուետները» հատկապես երեք մեղադրյալները՝ Վահան Հակոբյանը, Սարգիս Գրիգորյանն ու Սարգիս Հախանումյանն են:

Փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրել էր նաև այն բանին, որ զննության ենթարկված տեսանյութերը բավական ծավալուն են, դատարանում դրանք հետազոտվել են ընտրողաբար, անգամ այդ պայմաններում հետազոտումը մի քանի նիստ շարունակվել է: Եթե քննիչն իրականում զններ այդ տեսանյութերը, ապա նրան հարկավոր կլիներ 20 օր՝ 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով, բայց նա զննությունը կատարել է ընդամենը… 7 ժամում…

Մեղադրող Արամ Արամյանը փաստաբանի միջնորդությունը անհիմն էր գնահատել:

Նա պնդել էր, որ տեսանյութերը ձեռք են բերվել օրենքի պահանջների պահպանմամբ: Հիշյալ տեսանյութերը ոչ թե միակ ապացույցներն են, այլ ամրապնդում են մեղադրանքը…

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ  Սարգսյանը նշել էր, որ հիշյալ ապացույցները չի կարելի ոչ վերաբերելի անվանել տվյալ գործով առաջադրված մեղադրանքներին: Ոչ վերաբերելի կլինեին, եթե ընդհանրապես ոչ մի առնչություն չունենային… Տեսանյութերում կերպարանքների ոչ հստակ լինելը դատարանը կգնահատի… Երեմ Սարգսյանն առաջարկել էր՝ դատարանը կարող է այդ ապացույցները սահմանափակմամբ օգտագործել՝ քննիչի մտքերը կարող են չդիտարկվել որպես ապացույց:

Դատական այս նիստում փաստաբան Լուսինե Սահակյանը անդրադարձավ իր՝ վերոհիշյալ միջնորդության վերաբերյալ մեղադրող Ա. Արամյանի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ե. Սարգսյանի առարկություններին: Լ. Սահակյանն ընդգծեց, որ անթույլատրելի ապացույցը չի կարող այլ ապացույցների հետ համադրվել, չի կարող օգտագործվել՝ անկախ նրանից, թե ինչքանով է կարևոր:

Դատարանը որոշեց այս միջնորդության լուծումը հետաձգել և իրավական գնահատական տալ խորհրդակցական սենյակում՝ բոլոր ապացույցների համակցությամբ:

Պաշտպան Լ. Սահակյանն առարկեց դատարանի գործողությունների դեմ, մատնանշեց Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որտեղ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում էր հայտնել, թե միջնորդություններին պետք է լուծում տրվի դատաքննության փուլում: «Եթե այս միջնորդությունը լուծեք, միգուցե ես մյուս միջնորդություններս չներկայացնեմ, որոշեմ՝ որ միջնորդությունն անեմ, որը՝ չանեմ… Միջնորդության լուծումը հետաձգելով՝ դուք ամբաստանյալներին զրկում եք արդյունավետ  պաշտպանվելու հնարավորությունից… Մեզ ասեք՝ ո՞ր էական հանգամանքները պիտի պարզի դատարանը խորհրդակցական սենյակում, միգուցե այդ հանգամանքները մենք էլ պիտի պարզենք…»:

Նախագահող դատավորը նկատեց, որ Լուսինե Սահակյանի մատնանշած նախադեպային որոշումը այլ փաստական հանգամանքներ էր պարունակում…

«Դուք մեզ դնում եք շատ վատ կացության մեջ, չգիտեմ՝ որ միջնորդությունն անեմ, որը՝ չէ»,- դժգոհեց Լուսինե Սահակյանը: Այնուամենայնիվ, նա անցավ երկրորդ միջնորդությանը:

Պաշտպանը միջնորդեց անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչել: Խոսքը գնում է վկա Վահագն Մ.-ի մասնակցությամբ անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու գործողությանը, որի ժամանակ, ըստ արձանագրության, վկան ճանաչել է 3-րդ լուսանկարում պատկերված անձին ու նշել է, թե դեպքի օրն այդ անձին տեսել է Էրեբունու նախկին զորամասի մոտ: Տվյալ անձը ևս երկու երիտասարդների հետ մտել է իր աշխատավայր, ասել է, թե ընկերներից մեկը վատ է զգում, խնդրել է տեղափոխել հիվանդանոց: Նրանցից մեկը ձեռքը դրել էր սրտի շրջանին: Ինքն իր մեքենայով նրանց այդտեղից տեղափոխել  է Գայի պողոտա:

Վկան նշել է, թե 3-րդ լուսանկարում պատկերված անձին ճանաչել է «խոշոր, չախկալ աչքերից ու նոսր մազերից»:

Պաշտպանը նշեց, որ այս գործողությունը կատարվել է քր. դատ. օր.-ի նորմերի կոպիտ խախտումներով: Բացի արձանագրությունից, քրեական գործին կցված է նաև այդ գործողության տեսագրությունը: Քննիչը չի արձանագրել, որ վկան մի քանի անգամ ասել է՝ նմանեցնում եմ, վստահ չեմ, համոզված չեմ… Քննիչն արձանագրել է, որ վկան ասել է՝ վստահ եմ, սա իմ տեսած մարդն է:

Պաշտպանն իր ասածի ապացույցներից մեկը համարեց այն, որ նույն վկան դատարանում ամբաստանյալներից ոչ մեկին չճանաչեց:

«Չեմ հասկանում, տեսագրությունն ինչո՞ւ են դրել քրեական գործի մեջ, եթե զննության արձանագրությունը չի համապատասխանում տեսագրված նյութին»,- ասաց Լուսինե Սահակյանը: Նա նշեց՝ օրենքի պահանջով՝ անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու գործողության ժամանակ պետք է ճանաչման ներկայացնել անձին արտաքնապես նման անձանց լուսանկարներ: Բայց տվյալ դեպքում վկային ներկայացված չորս լուսանկարներից միայն Վահան Հակոբյանն ունի «խոշոր, չախկալ աչքեր ու նոսր մազեր», այնպես որ՝ դժվար չէր նրան մատնացույց անելը:

Պաշտպանը 2015 թվականի մարտի 5-ին կատարված այս ճանաչման գործողությունը համարեց օրենքի խախտումներով ձեռք բերված ապացույց ու միջնորդեց, որ դատարանը այն ճանաչի անթույլատրելի ապացույց:

Մեղադրող Ա. Արամյանն առարկեց՝ նշելով,  որ գործողությունը կատարվել է օրենքի պահանջներին համապատասխան: Այն, որ վկան դատարանում չի ճանաչել ամբաստանյալներին, չի նշանակում, որ նա հիշյալ գործողության կատարման ժամանակ ներկայացված լուսանկարներից մեկում չի ճանաչել  դեպքի օրն իր տեսած անձին: Մեղադրողը նշեց, որ օրենքի պահանջը՝ արտաքնապես նման անձանց լուսնակարները ճանաչման ներկայացնելու մասին, «կատեգորիկ պահանջ չէ», հնարավոր չէ գտնել իրար բացարձակ նման մի քանի անձանց լուսանկարներ:

Մեղադրողը նշեց, որ այս ապացույցը՝ արձանագրությունն ու տեսագրությունը, մեկ ամբողջական ապացույց են, այն անթույլատրելի ճանաչելու հիմքերը բացակայում են:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը նույնպես առարկեց Լ. Սահակյանի միջնորդության դեմ, նշեց, որ միջնորդության հեղինակը այնուամենայնիվ չնշեց, որ վկան, ինչպես երևում է տեսագրության մեջ, վերջում հստակ ասում է, թե վստահ է, որ երրորդ լուսանկարում պատկերված անձին է տեսել դեպքի օրը:

Լուսինե Սահակյանն ի պատասխան ասաց՝ եթե անգամ վկան գործողության ամենավերջում ասել է, թե վստահ է, իսկ գործողության ընթացքում մի քանի անգամ կրկնել է, թե վստահ չէ, ապա քննիչը պետք է արձանագրեր գործողության ամբողջ ընթացքը. «Արձանագրության մեջ չի երևում, որ մարդը մի 15 անգամ կասկածել է, վերջում նոր ասել է՝ վստահ եմ»,- ասաց Լուսինե Սահակյանը: Նա անդրադարձավ նաև օրենքի պահանջին, որ լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու գործողության ժամանակ «հնարավորինս մոտ արտաքինով» անձանց լուսանկարներ ներկայացվեն ճանաչման: Լուսինե Սահակյանն ասաց՝ մեղադրողի կարծիքով չախկալ աչքերն ու մուգ աչքերը հնարավորինս մոտ են, քանի որ երկու դեպքում էլ մարդկային աչքե՞ր են, իսկ նոսր և խիտ մազերը հնարավորինս մոտ են, քանի որ մարդկային գլխի վրա՞ են աճում… Պաշտպանն ընդգծեց, որ հենց մեղադրողի պարտականությունն է՝ ապացույցի անթույլատրելի լինելու մասին բարձրաձայնել, եթե համոզվում է, որ այն օրենքի խախտմամբ է ձեռք բերված: «Եթե այսպիսի մանիպուլյացիաներ պիտի անեին, տեսագրությունը պիտի քրեական գործում չդնեին, իսկ եթե դրել են՝ ապրեն, որ դրել են, ուրեմն՝ ակնհայտ է, որ արձանագրությունը չի համապատասխանում տեսագրությանը»,- ասաց պաշտպան Լ Սահակյանը:

Մեղադրողը հայտարարեց՝ կարելի է ենթադրել, որ պաշտպանն իր միջոցներով է հայթայթել տեսագրությունն ու բացահայտումներ է արել…Տեսագրությունն ու արձանագրությունը մեկ միասնական ապացույց է, պիտի գնահատման ենթարկվի դատարանի կողմից… Տեսագրության ու արձանագրության բովանդակություններն ըստ էության՝ համապատասխանում են… Մի բառ էս կողմ, մի բառ էն կողմ՝ կարևորն այն է, որ տեսագրության ու արձանագրության միջև էական հակասություններ չկան, իսկ որոշ մանր անհամապատասպխանություններ չեն ազդում ապացույցի թույլատրելիության վրա՝ ասաց մեղադրողը:

Մեղադրողի այս հայտարարությունը զայրացրեց պաշտպանական կողմին: Լուսինե Սահակյանը բացականչեց. «Մի քանի բառ էս կողմ, մի քանի բառ էն կողմ… Մարդիկ սպանության համար են մեղադրվում…  Մեր աչքի տեսածի՞ն հավատանք, թե՞ քննիչի արձանագրածին… Չի կարելի արձանագրել այն, ինչ ձեռք է տալիս քննիչին, պետք է արձանագրվի, թե հերթականությամբ ինչ է տեղի ունենում… Գիտեն՝ ինչ գրում են՝ բրդվում է դատարանում, իրենք էլ գրում են…»:

Այս միջնորդության վերաբերյալ մեղադրողի դիրքորոշման մասին ամբաստանյալ Սարգիս Հախանումյանն ասաց. «Սուտ էր, բայց հետաքրքիր»: Ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանն էլ ասաց, թե շատ վրդովված է, եթե խոսի, երկար կխոսի, բայց կարճ բնորոշեց. «Միրաժներ ա»:

Դատարանը պաշտպանի այս միջնորդության լուծումը ևս հետաձգեց, դրան նույնպես կանդրադառնա խորհրդակցական սենյակում:

Նույն ճակատագիրն ունեցավ նաև պաշտպան Լուսինե Սահակյանի հաջորդ միջնորդությունը՝ անթույլատրելի ապացույց ճանաչել անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու՝ 2015 թվականի մարտի 5-ին կատարված գործողությունը, երբ վկա Վահագն Մ.-ն իրեն ներկայացված չորս լուսանկարներից ճանաչել էր 3-րդ լուսանկարում պատկերված Սարգիս Հախանումյանին՝ նրա «քթի ու բերանի տեսքից»: Միաժամանակ վկան նշել էր, որ դեպքի օրն իր  աշխատավայր մտած երեք երիտասարդներից այս երիտասարդի գլխին կապյուշոն կար, դրա պատճառով նրա դեմքի այլ հատկանիշների մասին նշել չի կարող:

Պաշտպան Լուսինե Սահակյանն ընդգծեց, որ այս դեպքում էլ ճանաչման են ներկայացվել արտաքնապես Սարգիս Հախանումյանից շատ տարբերվող անձանց լուսանկարներ: Բացի այդ՝ տեսագրության մեջ երևում է, որ սեղանի վրա՝ վկայի առաջ նկարներով փաստաթղթեր են՝ անձնագրային տվյալներով, վկան կարող էր հայացք գցել ու կարդալ՝ ով՝ ով է…

Պաշտպանի այս նկատառման դեմ առարկեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ տեսագրությունը հետազոտվել է դատարանում, և անհնար է պատկերացնել, որ սեղանին գտնվող փաստաթղթերի վրա անձնագրային տվյալներ կան…

Այս դատական նիստի վերջին միջնորդությամբ պաշտպանը պահանջում էր անթույլատրելի ապացույց ճանաչել 2015 թվականի մարտի 4-ին դեպքի վայրի զննության գործողության ժամանակ դեպքի վայրից վերցված առարկաները, դրանց վերաբերյալ տրված փորձագիտական եզրակացությունները:

Խոսքը վերաբերում է դեպքի վայրից վերցված, իրեղեն ապացույց ճանաչված հետևյալ առարկաներին՝ AK ինքնաձիգ ու դրա փողից հանված մեկ փամփուշտ, մեկ սև ինքնաձիգի պահունակ՝ փամփուշտներով, ևս մեկ ինքնաձիգ, ևս մեկ սև ինքնաձիգի պահունակ, մեկ «Մակարով» ատրճանակ՝ փողում՝ մեկ փամփուշտ, պահունակում՝ յոթ փամփուշտ, մեկ սև ինքնաձիգի պահունակ, մեկ խզակոթը կտրած ինքնաձիգ, որի փողում փամփուշտ չկար:

Պաշտպանը, վկայակոչելով այս գործողությանը ներկա ընթերակաների՝ դատարանում տված ցուցմունքները, նշեց, որ հիշյալ զենք-զինամթերքը դեպքի վայրից առգրավվել է դատավարական նորմերի կոպիտ խախտումներով՝ մասնավորապես՝ դրանք պատշաճ չեն փաթեթավորվել, դրանց մի քանի հոգի ձեռք են տվել, իսկ գենետիկական փորձաքննության ժամանակ դրանց վրա հայտնաբերվել է «այն գենետիկան, որ ուզում էին, ոչ մի քննիչի գենետիկա չի հայտնաբերվել…»:

Մեղադրողն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը առարկեցին այս միջնորդության դեմ ևս, նշեցին, որ հիշյալ իրեղեն ապացույցներն ու դրանց վերաբերյալ տրված փորձագիտական եզրակացություններն անթույլատրելի ապացույց ճանաչելու հիմքերը բացակայում են:

Դատարանը այս միջնորդության, ինչպես և նախորդ բոլոր միջնորդությունների լուծումները  հետաձգեց՝ դրանց կանդրադառնա խորհրդակցական սենյակում՝ այլ ապացույցների համակցությամբ:

Պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ միջնորդությունների շարքը չի սպառել: Դատական հաջորդ նիստին նա կշարունակի ներկայացնել իր միջնորդությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում