Մնացականյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր է քննարկել
Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակներում երեկ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ:
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման շուրջ՝ այս առումով կարևորելով Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշել է որ Հայաստանի կառավարության գերակայություններից է նաև զարգացման օրակարգի առաջմղումը, որի հիմնասյուներից են, ի թիվս այլոց, բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտները՝ այս առումով կարևորելով ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության հետագա խորացումը:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ կարևորելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին գործադրվող ջանքերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում