×


Մահացել է Վիգեն Ստեփանյանը

68 տարեկանում կյանքից հեռացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը: Ցավալի լուրը հաստատեցին Հայաստանի թատերական գործիչների միությունից:

BRAVO.am-ը ցավակցում է անվանի դերասանի ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին։

Վիգեն Սետեփանյանը ծնվել է Երեւանում: Նախնական կրթությունն ստացել է Երեւանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1969թ. ավարտել Երեւանի Ա. Չեխովի անվան միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ: 1973թ. ընդունվել է Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որն ավարտելուց հետո, միչեւ 1977թ. աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան: 1977-89թթ աշխատել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1988-92թթ սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1989թ. հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991թ. հիմք դարձավ «Մետրո» թատրոնի եւ մինչեւ 1994թ. եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: 1994-2003թթ. աշխատել է Լիբանանում: 2003թ. վերադարձել է Հայաստան եւ նորից ստանձնել «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

2007թ. աշխատել է տարբեր թատրոններում՝ որպես հրավիրված դերասան եւ բեմադրիչ: 2007թ-ից աշխատել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ուր ղեկավարել է ռեժիսորական կուրս:

Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է մի շարք ներկայացումներ տարբեր երկրներում եւ տարբեր լեզուներով, խաղացել է ավելի քան 60 հեռուստատեսային բեմադրություններում: Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Երկնագույն առյուծ» (1979թ.), «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Վերջին կիրակին» (1985թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Թե ինչպես կատուն արհեստ սովորեց» (1986թ.), «Մեզանից երեքը» (1987թ.), «Խաչմերուկի դեղատունը» (1987թ.), «Շնչառություն» (1988թ.), «Ձայն բարբառոյ...» (1991թ.), «Վերջին կանգառը» (2005թ.), «Տաք երկիր եւ ցուրտ ամառ» (2009թ.), «Հրձիգ» (2012թ.), «Լեռնագնացները» (2013թ.), «Որսի կանոնները» (2014թ.), «Շնորհակալություն, հայրիկ» (2014թ.), «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (2015թ.), «Հրձիգ 3» (2016թ.) եւ այլ ֆիլմերում, «Կյանքի գինը» (2009թ.) եւ սերիալներում:

Երեք տարի շարունակ եղել է «Երեւան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը: Գրել եւ բեմականացրել է ավելի քան 10 պիես: Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ եւ մեկ լիամետրաժ ֆիլմ: 2014թ. նշանակվել է Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր: Պարգեւատրվել է բազմաթիվ մրցանակներով, պատվոգրերով, շքանշաններով: 2008թ.արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2015թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն դերասան», 2017թ.՝ ՀԹԳՄ ոսկե մեդալի:

BRAVO.am
Կենսագրական տվյալները՝ avproduction.am -ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին