211652_close_icon
views-count1710 դիտում article-date 12:10 07-04-2019

Ռուանդայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Պաշտոնական այցելությամբ Ռուանդայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 6-ին հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Լուիզ Մուշիկիվաբոն հանգամանալից անդրադարձ կատարեցին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին և դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերին: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և նորարարության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը և որպես ՖՄԿ գագաթաժողովում նախագահության գերակա ուղղություն, ի թիվս այլոց, առանձնացրեց ֆրանկոֆոն տարածաշրջանի պետությունների միջև առևտրատնտեսական բաղադրիչի խթանումը և թվային օրակարգի առաջմղումը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի արդյունավետ օգտագործումը և այդ ոլորտում հայաստանյան փորձի տեղայնացումը: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական հետաքրքրվածություն են դրսևորում առավել ընդլայնելու աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ բազմակողմ համագործակցությունը, որի առնչությամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը լավ հարթակ է հանդիսանում փոխշահավետ շփումների հաստատման և զարգացման գործում: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը մտքեր փոխանակեցին Կազմակերպության առջև ծառացած խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների, գործունեության հետագա ծրագրերի, ֆրանկոֆոնիայի շրջանակներում տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաև միջազգային այլ կառույցների հետ սերտ համագործակցության շուրջ:

Նմանատիպ նյութեր