Իրանի դեմ Թրամփի պատժամիջոցներն ու Հայաստանը. Իրանի հարցում ո՞ւմ կհետևի Հայաստանը

Օգոստոսի 7-ին ԱՄՆ-ը վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք կասեցվել էին 2015-ին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի շրջանակում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած համապատասխան հրամանագրում ասվում է, որ պատժամիջոցները նորից են սահմանվում Իրանի ռեժիմի հանդեպ տնտեսական ճնշում գործադրելու նպատակով, քանի որ այդ ռեժիմից  «մի շարք սպառնալիքներ» են բխում: Մասնավորապես, խոսքը միջուկային զենք և այլ տեսակի սպառազինություն մշակելու և տարածելու, ահաբեկչական խմբավորումներին աջակցելու և Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի «չարամիտ գործողությունների» մասին է:

Պատժամիջոցների առաջին փուլն ուժի մեջ են մտել օգոստոսի 7-ի կեսգիշերին Իրանի մեքենաշինության, ինչպես նաև՝ ոսկու և թանկարժեք մետաղների և Իրանի արժույթի՝ ռիալի դեմ ուղղված միջոցները: Մասնավորապես, արգելվում է վաճառել Իրանին և առաքել այդ երկիր Իրանի մեքենաշինության հետ կապված ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ռիալի հետ ֆինանսական գործողություններ իրականացնել: Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնը կվերսկսի Իրանի էներգետիկ հատվածի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ նավթագազային արդյունաբերության հետ կապված գործողությունները: «Իրանի դեմ պաշտոնապես պատժամիջոցներ են սահմանված»,- հայտարարել Էր Թրամփը: «Այդ պատժամիջոցներն առավելագույն վնասն են հասցնում երբևիցե սահմանված բոլոր պատժամիջոցներից, և նոյեմբերին դրանք կհասցվեն նոր մակարդակի»: Դոնալդ Թրամփը բոլորին զգուշացրել է՝ զերծ մնալ Իրանի հետ առևտրից: «Յուրաքանչյուրը, ով Իրանի հետ բիզնես կանի, բիզնես չի անի Միացյալ Նահանգների հետ»,- Թվիթերի իր էջում գրել էր Թրամփը:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին արձագանքելով Դոնալդ Թրամփի հրամանագրին՝ ասել էր՝ ԱՄՆ-ը կզղջա, որ նոր պատժամիջոցներ է սահմանել: Տնտեսական սահմանափակումների ֆոնին Ռուհանին միասնության կոչ է արել մյուս երկրներին: Թրամփի սահմանած պատժամիջոցներին անդրադարձել են գրեթե բոլոր գերտերություններն ու միջազգային կազմակերպությունները:

Հիշեցնենք նաև, որ Իրանը և միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության էին հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատև բանակցություններն ավարտվեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: Այդ ծրագիրը նախատեսում էր ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը՝ Թեհրանը պարտավորվել էր սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: Սակայն Դոնալդ Թրամփը խստորեն քննադատում էր այդ համաձայնագիրը՝ այն համարելով միակողմանի ու ամենավատ պայմանագիրը, որ երբևէ տեսել է: Թրամփը նախ փորձեց հասնել համաձայնագրի վերանայմանը, սակայն ստացավ Թեհրանի մերժումը: Համաձայնագիրը ստորագրած մյուս երկրները չպաշտպանեցին Թրամփի առաջարկը:

168.am-ի հետ զրույցում իրանցի քաղաքական վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ նոր սահմանված պատժամիջոցների պատճառով վերադարձ անցյալին միանշանակ չի լինելու: Նրա խոսքով՝ դրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել միայնակ՝ չունենալով աջակցություն Եվրոպական միության անդամ երկրների շարքում, ինչն էական հանգամանք է այս պատժամիջոցների ազդեցությունը վերլուծելիս:

«Բնականաբար, Իրանի տնտեսությունում խնդիրներ կան, ինչը ժամանակ առ ժամանակ պրոբլեմներ է առաջացնում, բողոքի ալիք բարձրացնում հասարակության շրջանում: Նման իրավիճակում ցանկացած պատժամիջոց էլ ավելի է վատթարացնելու իրավիճակը: Բայց այս անգամ իրավիճակն այլ է մի քանի առումով,  նախ՝ Իրանն արդեն սովոր է գոյատևել ծանր պատժամիջոցների պայմաններում, այսինքն` ծանոթ է, թե դա ինչ է, իսկ այս պատժամիջոցները միայն Իրանի կողմից են, ինչը նշանակում է, որ դրանք այնպիսի թափ չունեն, որքան նախկին պատժամիջոցները, մյուս հանգամանքն այն է, որ այս հարցում ԱՄՆ-ԵՄ տարաձայնությունը հուշում է, որ Եվրոպան այս անգամ աջակցելու է Իրանին՝ տնտեսական խնդիրների հաղթահարման նպատակով:

Նախօրեին հայտարարությամբ էր հանդես եկել ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինին՝ եվրոպական ընկերություններին կոչ անելով էլ ավելի ինտենսիվ աշխատել Իրանի հետ, քանի որ Իրանը կատարել է իր պարտավորությունները միջուկային գործարքի շրջանակում, պետք է անել ամեն բան, որպեսզի Իրանը չհեռանա այդ գործարքից: Հենց այս նպատակով, կարծում եմ, ԵՄ-ի աջակցությունն իսկապես դրական ազդեցություն կունենա և իրական աջակցություն կդառնա Իրանի համար:

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ ԵՄ-ն կոչ է անում եվրոպացիներին որոշել՝ ցանկանում են աշխատել Իրանի հետ, թե ոչ, եթե ցանկանում են՝ պետք է աշխատեն: Կարծում եմ՝ կաշխատեն, ու իրավական հետևանքներ չեն լինի, ինչպես ԱՄՆ նախագահն է խոստանում, քանի որ դա էլ ավելի կմեծացնի ԱՄՆ-ԵՄ անդունդն այս հարցում, և՝ ոչ միայն: Համոզված եմ, որ նման հայտարարություն անելով՝ ԵՄ-ն ունի վստահություն, որ հնարավոր է չեզոքացնել ԱՄՆ սպառնալիքները»,- նման կարծիք հայտնեց Ալի Սալամին:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան առևտրային հարաբերություններին և ԱՄՆ սպառնալիքներին` Ալի Սալամին ասաց, որ ՀՀ նոր իշխանությունների համար իրանական ուղղությունը կարևոր է, ինչպես ցույց են տալիս նրանց հայտարարությունները և իրանական կողմի ունեցած աղբյուրները:

«Սա նշանակում է, որ հայկական կողմը ևս փորձելու է ելքեր գտնել ստեղծված իրավիճակից, այսինքն` փորձել այնպես անել, որ Իրանի հետ առևտրատնտեսական և քաղաքական հարաբերություններից չտուժեն Հայաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:

Հասկանալի է, որ Եվրոպական միության դիրքորոշումն այս հարցում ուղենիշային է լինելու շատ երկրների համար: Բայց Հայաստանը փոքր երկիր է, որին հավելյալ երաշխիքներ են հարկավոր այն մասին, որ հետևանքներ չեն լինի: Ուստի ցանկության դեպքում Հայաստանը կարող է օգտագործել իր կապերը Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ՝ օգտագործելով այն փաստը, որ ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանային տարանցիկ և տրանսպորտային կապերի խորացմանը, ինչի համար անհրաժեշտ է ՀՀ-Իրան սերտ համագործակցություն: Հայաստանը կարող է որոշակի աշխատանք իրականացնել նաև ԱՄՆ-ի հետ՝ բացատրելով, որ շրջափակման մեջ գտնվող երկրի համար Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների սահմանափակումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, թեև մենք միշտ խոսում ենք այն մասին, որ այդ հարաբերություններն իրենց ողջ ներուժով չեն զարգանում, այնուամենայնիվ ներկայումս շատ ծրագրեր կան, որոնց դադարեցումը լուրջ վնաս կարող է տալ երկու երկրներին:

Այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը ևս հնչեց նախօրեին` Ռուսաստանը դատապարտեց Վաշինգտոնի որոշումը, որը ևս կարևոր կլինի ՀՀ-ի համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն ռազմավարական գործընկերներ են, և ինչպես Ռուսաստանն է պատրաստվում որոշ մեխանիզմներ գործի դնել՝ հանուն Իրանի հետ կապերի զարգացման, այնպես էլ կփորձի Հայաստանն անել, որքան թույլ կտան ներքաղաքական զարգացումները»,- ասաց իրանցի քաղաքագետը:

Ալի Սալամին հիշեցրեց, որ պատժամիջոցների նախորդ երկարատև փուլի ընթացքում Հայաստանն Իրանի համար եղել է վստահելի քաղաքական և առևտրատնտեսական գործընկեր՝ անկախ արևմտյան գործընկերների դիրքորոշումից:

«Կարծում եմ` այս փուլում ամեն ինչ ավելի հեշտ է լինելու Հայաստանի և Իրանի համար»,- նկատեց փորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս