Թուրքիայում դատարանը ընդդիմադիր Cumhuriyet պարբերականի 15 աշխատակցի 2․5-8 տարվա ազատազրկման է դատապարտել։ Նրանք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպություններին սատարելու մեջ»։
Չորեքշաբթի, ապրիլի 25-ի երեկոյան Ստամբուլի մերձակայքում գտնվող Սիլիվրի քաղաքի դատարանը մասնավորապես ահաբեկչությանը սատարելու մեղադրանքով դատապարտել է պարբերականի հրատարակիչ Աքըն Աթալային, գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուին և հայտնի լրագրող Ահեմթ Շիքին։
Աթալայը դատապարտվել է 8 տարի, 1 ամիս և 15 օրվա ազատազրկման, իսկ Սաբունջուն և Շիքը՝ 7․5 տարվա ազատազրկման։ Սակայն դատավորի որոշմամբ դատապարտյալները կարող են ազատության մեջ մնալ մինչև բողոքարկումների քննարկումը։
Ընդհանուր առմամբ 18 դատապարտյալներից 12-ն ավելի քիչ պատժաժամկետներ են ստացել, երեքն արդարացվել են։