Բաժիններ՝

Ո՞ր դեպքում ԵՊՀ ռեկտորը կարող է հրաժարական տալ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառուցվածքային հիմնական մարմիններն են՝ հոգաբարձուների խորհուրդը, գիտական խորհուրդը, ռեկտորատը, արհեստակցական կազմակերպությունը և  այլն, որոնց միջոցով կազմակերպվում և իրականացվում են բուհի գործառույթները։ Պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պաշտոնավարում է 2006թ.-ից։ Ռեկտորին ընտրում է հոգաբարձուների խորհուրդը, ինչպես նաև քննարկում և հաստատում ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, և այլն։

Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 անդամից։ Խորհրդի նախագահը՝ ՀՀ նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանն է։ Հիմնադրամն ունի սեփական կանոնադրությունը, որը ներկայացված է նաև ԵՊՀ պաշտոնական կայքէջում։ Կանոնադրության համաձայն՝ ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով և չի կարող այդ պաշտոնում ընտրվել անընդմեջ  ոչ ավելի, քան 2 անգամ։

Արամ Սիմոնյանի պաշտոնավարման 3-րդ ժամկետը կլրանա 2020թ․-ին։ Վերջերս նա հայտարարել էր, որ, թեև իրավունք ունի 4-րդ անգամ ընտրվելու, բայց չի գնա այդ քայլին։

ԵՊՀ իրավական վարչության պետ Արմեն Թադևոսյանի խոսքով՝ կազմակերպական ձևի փոփոխության հետ կապված՝ Արամ Սիմոնյանը 2 ժամկետ ևս կարող է պաշտոնավարել․

Կարդացեք նաև

«2014թ․ դեկտեմբերի 22-ից Երևանի պետական համալսարանը նոր կազմակերպաիրավական ձև է ստացել՝ վերակազմավորելով՝ որպես հիմնադրամ։ Այո, հիմնադրամների մասին օրենքով և կանոնադրությամբ ռեկտորը 2 ժամկետ անընդմեջ չի կարող ընտրվել, բայց վերակազմավորումից հետո, ստացվում է, որ սա ռեկտորի պաշտոնավարման առաջին ժամկետն է։ Նախկին 2 ժամկետներին նա եղել է պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր, և քանի որ հիմնադրամների մասին օրենքը թույլ է տալիս կազմակերպական ձևի փոփոխության հետ կապված՝ ռեկտոր լինել 2 ժամկետ ևս, ուրեմն, նա առաջին ժամկետով ընտրված ռեկտոր է, նույնը վերաբերում է նաև դեկաններին»,- ասաց Արմեն Թադևոսյանը։

Ստացվում է, որ իրավական առումով ոչ մի խախտում չկա՝ համալսարանի դեկանները նույնպես վերակազմավորումից հետո կարող են պաշտոնավարել, բայց փաստացի մի շարք ֆակուլտետների դեկաններ, արդեն երրորդ, չորորդ անգամ են նույն պաշտոնը զբաղեցնում։

ԵՊՀ-ում գործում են թվով 19 ֆակուլտետներ, որոնցից յուրաքանչյուրն ունի սեփական կանոնադրությունը։ Կանոնադրության մեջ, նշվում է, որ ֆակուլտետների դեկանները, նույն կերպ, ընտրվում են 5 տարի ժամկետով և չեն կարող ընտրվել ոչ ավելի, քան 2 անգամ։ Կայքէջում կարելի է գտնել նաև ֆակուլտետների դեկանների` գիտական աստիճանի, մասնագիտական գործունեության, արժանացած մրցանակների վերաբերյալ տվյալներ։ Այսպիսով,  ֆիզիկայի ֆակուլտետի դեկան՝ Ռոլանդ Ավագյանը պաշտոնավարում է 2006թ․-ից, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը զբաղեցնում է այդ պաշտոնը 2000թ․-ից, 2000թ․-ից մինչև օրս կենսաբանության ֆակուլտետի դեկանն է Էմիլ Գևորգյանը։ Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանն է Պավել Բալայանը՝ 2003թ․-ից։ Դեկանի պաշտոնավարման ամենամեծ փորձն ունի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ով  պաշտոնավարում է արդեն 22 տարի՝ 1996թ․-ից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնությունը և միխումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Իրավական առումով, ըստ Արմեն Թադևոսյանի, ռեկտորի հրաժարականի կամ աշխատանքից ազատման երկու իրավիճակ կարող է լինել․

«Ռեկտորը կարող է հրաժարական տալ կա՛մ սեփական դիմումի համաձայն, որը բացառապես իր հայեցողական իրավունքի շրջանակներում է, կա՛մ օրենքով սահմանված կարգով՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։ Ռեկտորի վաղաժամկետ լիազորությունների դադարեցումը սահմանված է ընթացակարգով, այլ ձևաչափ գոյություն չունի։ ԵՊՀ-ն չի կարող լուծարել հոգաբարձուների խորհուրդը։ Հոգաբարձուների խորհուրդը  ձևավորվում է հետևյալ կերպ՝ գիտխորհուրդը, ուսխորհուրդը, արհեստակցական կազմակերպությունն ու կառավարությունն առաջարկում են իրենց անդամներին, որոցից յուրաքանչյուրը 25 տոկոս է կազմում խորհրդում, այնուհետև վերջնական անվանական ցանկը հաստատում է ՀՀ վարչապետը։  Ցանկացած փոփոխություն խորհրդի կազմում կատարվում է բացառապես ՀՀ վարչապետի որոշումով, այլ  բան է, թե ով է առաջադրում այդ անդամներին։ Եթե կառավարությունը ցանկանում է իր 25 տոկոսի քվոտայով փոփոխություններ անել, դա բացառապես իր իրավունքն է»,- ասաց Արմեն Թադևոսյանը։

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս