1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առավել արդյունավետ կօգտագործվեն սահմանափակ ջրային ռեսուրսները

Առավել արդյունավետ կօգտագործվեն սահմանափակ ջրային ռեսուրսները

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ:

Միջոցառման շահառու են հանդիսանում, մասնավորապես,  ցանկում ընդգրկված՝ բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավելի տոկոս, բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավելի տոկոս: Շահառու են հանդիսանում նաև պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները:

Վարչապետ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել է ուսանողական վարկերի տրամադրման կարգերի հեշտացման գործընթացով:

Արթուր Ջավադյանը նշել է, որ այս պահին առկա է արդեն գործող 11 150 վարկ և պայմանները բոլորի համար հեշտացվում են: «80-ից ավելի ՄՈԳ ունեցողները 0 տոկոսով են վարկավորվելու, և գործող վարկերն էլ դառնում են 0 տոկոս: 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար վարկի վճարը դառնում է տարեկան 4 տոկոս», -ասել է ԿԲ նախագահը՝ հավելելով, որ նոտարի կողմից հաստատված երաշխավորություններ ծնողների կողմից այլևս պետք չեն:

«Այսպիսով կարող ենք արձանագրել՝ մեր քաղաքական այն հանձնառությունը, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվելու բուհից,  100 տոկոսով կատարվում է»,-ասել է  Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կրթաթոշակը բարձրացնելու նպատակով: Այն կնպաստի հետբուհական կրթական ծրագրում ընդգրկվածությանը, երիտասարդ մասնագետների հետազոտական, գիտական գործունեության ապահովմանը: Որոշմամբ սահմանված է  պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակի չափերը` հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 30000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 25000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 20000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 30000 դրամ: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35000 դրամով՝ կազմելով համապատասխանաբար հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների` 60000 դրամ,տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներին` 65000 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:

 

Գործադիրը 36,685.3 հազար դրամ կուղղի մանկատներում աշխատավարձի բարձրացմանը

Երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումներից ելնելով՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141,358.6 հազար դրամից  36,685.3 հազար դրամը վերաբաշխել մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով: Արդյունքում՝ ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ կամ 23.9 հազար դրամով ավելի, իսկ հատուկ տիպի մանկատներում՝174.1 հազար դրամ կամ 18 հազար դրամով ավելի: Որոշումը ուժի մեջ կմտնի  մայիսի 1-ից:

Մնացած գումարը վերաբաշխելու վերաբերյալ սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի երեխաների ճգնաժամային աջակցության նոր տիպի ծառայության ստեղծելու առաջարկություն: Այս տարվա ընթացքում նախատեսվում է նման ծառայություններ տրամադրող կենտրոններ ստեղծել Գյումրիում և Կապանում: Ներկայում պետական համակարգում առկա է 5 մանկատուն, որից 3-ը մասնագիտացված են:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով թեմայի վերաբերյալ հնչած քննադատություններին, նշել է. «Այսինքն՝ չեն մեղադրում, որ այդ միջոցներն անարդյունավետ ծախսվում են, այդ հաստատություններում ստեղծվել է աղետալիին մոտ իրավիճակ: Երբ մենք բոլոր ոլորտներում միջոցները փորձում ենք ավելի արդյունավետ օգտագործել, մեզ մեղադրում են միջոցները խնայելու մեջ: Դա լավ մեղադրանք է, որովհետև մենք խնդիր ենք դրել, որ պետական միջոցները պետք է ծախսվեն մաքսիմալ արդյունավետ»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ աշխատավարձի բարձրացման նպատակներից է նաև բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելը և այդ աշխատատեղը առավել գրավիչ դարձնելը: «Հակառակ դեպքում մենք մանկատան երեխայի համար, որի պատասխանատուն պետությունն է,  50-60 հազար դրամ աշխատավարձով դայակ են վարձում և, ըստ էության, այդ երեխային մատնում ենք, կներեք՝ անտերության: Եվ դա ոչ թե նրա համար, որ այդ 50 հազար դրամ ստացող դայակը վատ մարդ է, այլ՝ ոչ մի բարձր որակավորում ունեցող մասնագետ 50 հազար դրամով չի կատարի այդ ծանր և պատասխանատու աշխատանքը: Դա հոգեբանական և այլ գիտելիքներ պահանջող աշխատանք է», - ասել է վարչապետը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատում տարեցների խնամքի ծառայությունների մատուցման գործընթացը պատվիրակել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը: Հիմնավորման համաձայն՝ Հայկական Կարմիր խաչն ունի տարեցներին ծառայությունների մատուցման ոլորտում մեծ փորձ և համաձայն պայմանավորվածության, պարտավորվել է բարձրացնել շահառուներին մատուցվող ծառայությունների որակը,  արդյունավետությունը, աշխատողների աշխատանքային, տուն-ինտերնատի շենքային և գույքային պայմանները, կատարել նաև որոշակի ներդրումներ ինչպես շահառուների կյանքի որակի բարելավման, այնպես էլ տուն-ինտերնատի մասնաշենքերի վերանորոգման նպատակով:

 

Զինծառայողների ընտանիքների անդամները նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող առողջապահական ծառայություններից կօգտվեն անվճար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է զինծառայողների ընտանիքների անդամներին նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն իրականացնել ամբողջությամբ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով, ինչպես նաև կանոնակարգել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով չարորակ հիվանդությունների ճառագայթային բուժման փոխհատուցման հարցը և «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շահառուների հերթագրման գործընթացը: Ներկայումս զինծառայողների ընտանիքների անդամների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող որոշ ծառայություններ, այդ թվում սրտի վիրահատությունները, իրականացվում են արտոնյալ պայմաններով (համավճարային սկզբունքով)՝ առողջապահության նախարարի հրամանով հաստատված գներով:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 7 տոկոս աճի պայմաններում 22 տոկոս ավելացվել են  առողջապահության ոլորտի ծախսերը, որոնք ուղղված են մարդկանց առողջության պահպանմանը: Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է առաջին եռամսյակի ընթացքում խոշոր հարկ վճարողների կողմից  պետբյուջե վճարած  հարկերին, որի մեծությունը կազմել է 246 միլիարդ դրամ։ «2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018 թվականի նկատմամբ աճը կազմել է 37,4 տոկոս։ Ցանկի 100 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 151 միլիարդ դրամ հարկ, որը 16 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ 2018 թվականի մակարդակը գերազանցում է մոտ 40 մլրդ դրամով: Սա կարծում եմ՝ շատ խոսուն ցուցանիշ է: Իմ կարծիքով՝ այս երկու ցուցանիշները վկայում են, որ մենք բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել ենք և հիմա այս պրոցեսի արդյունքում հնարավորություն ենք ստացել,  այո՛,  առողջապահության ոլորտի ծախսերն ավելացնել, զինվորականների, ուսուցիչների աշխատավարձը, թոշակները, կրթաթոշակները բարձրացնել և այդպես շարունակ: Բայց մյուս կողմից էլ մենք,  այնուամենայնիվ, գումարները ծախսելիս պետք է 7 չափենք 1 կտրենք՝ հասկանալու համար արդյոք այդ գումարը ճիշտ տեղ ենք ներդնում»,- նշել է կառավարության ղեկավարը՝  հավելելով, որ չլուծված հարցերն այնքան շատ են, որ երբեմն պետք է ավելի հասցեական ու ավելի կարճ որոշում կայացնել՝ հետագայի համար ավելի ռազմավարական լուծումների միտմամբ:

Կառավարության որոշմամբ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ 2020 թ. պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին  կհատկացվի 74,972.4 հազ. դրամ: Հիմնավորման համաձայն՝ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում առկա են ինչպես դեղի արտադրության, այնպես էլ ախտորոշման փուլերի համար նախատեսված թանկարժեք սարքավորումները: Ի սկզբանե, նախատեսված է եղել կենտրոնը գործարկել 2014 թ.-ին: Կենտրոնը ներառված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում, սակայն մասնավորեցումը հնարավոր կլինի իրականացնել միայն գործարկմանը պատրաստ լինելու դեպքում: Հատկացվող գումարը նախատեսված է ոչ միայն պահպանման ծախսերի այլև՝ նախապատրաստական աշխատանքներն ավարտելու համար։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ անցյալ տարի կենտրոնում տեղի է ունեցել իզոտոպների առաջին արտադրությունը, որն օգտագործվում է քաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշման համար:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավաստիացրել է, որ եթե կորոնավիրուսի համավարակը չլիներ, ապա այս կենտրոնն արդեն կաշխատեր և կկատարեր իրական հետազոտություններ: «Առաջ, երբ մենք այս կենտրոնը չունեինք,  մեր քաղաքացիներն այլ երկրներ էին գնում, հետազոտվում, ուստի մեզ համար օրվա խնդիր է պակասող սարքավորումները Երևան հասցնելն ու կենտրոնը գործարկելը: Իսկ եթե որոշում կայացվի, որ պետությունն է ղեկավարելու այս հիմնարկը, ապա մենք պատրաստ ենք ստանձնել այս կենտրոնի տնօրինման լիազորությունները»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այս ծառայության ապահովումը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության և առողջապահության ոլորտի համար:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրել է, որ կենտրոնի հետ կապված կա արբիտրաժային գործ և հիմա ընթանում են բանակցություններ այն կողմի հետ, որը պետք է ստանձնի ղեկավարումը: «Այնուամենայնիվ, մեր կարծիքով, որոշակիորեն պայմանագրային դրույթների խախտումներ են տեղի ունեցել  և այդ պայմանագրի հետ կապված կան խնդիրներ:  Բայց գործընթացը շարունակվում է, կենտրոնը պետք է գործարկվի: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել իրավական խնդիրները վերջնականորեն հանգուցալուծելուց հետո մենք կունենանք հիմնականում երկու տարբերակ, որոնց մասին այս փուլում չէի ցանկանա բարձրաձայնել, բայց, այնուամենայնիվ որոշակի լուծումներ ունենք»,-ասել է փոխվարչապետը:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը 2018թ. սկսած  աջակցել է այդ հարցում և ուրախ է, որ այդ ներդրումը կոնկրետ արդյունք է ունեցել. «Պետք է շնորհակալություն հայտնել կոլեկտիվին, որովհետև սա շատ երկար տարիների պատմություն  է, և շատ քչերն էին ի վերջո հավատում, որ այս կետին կհասնենք: Եվ աշխատանքային խմբին եմ ուզում շնորհակալություն հայտնել, որ հետևողականության, համառության շնորհիվ կարողացան այս կետին հասնել»:

 

Հաստատվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը

Կառավարությունը հաստատել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը: Ծրագրի նպատակներն են՝    ստեղծել ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող, հաշվետվողականության ու քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներ ունեցող գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև իրականացնել ոստիկանության ծառայության կառուցվածքային ու գործառութային վերանայում՝ ըստ բարեփոխումների հիմնական ուղղություններով իրականացվելիք փոփոխությունների: Նախատեսվում է նաև ապահովել բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական բազան, իրականացնել հանրային երկխոսություն նաև մասնագիտացված շրջանակների հետ ոչ միայն բարեփոխումների պլանավորման, այլև իրականացման փուլում, հանրությանը մատչելի ու ժամանակին ներկայացնել բարեփոխումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարը: Նախատեսվում է բարձրացնել հանրային ծառայության այս տեսակի նկատմամբ գրավչությունը՝ նաև նախատեսելով սոցիալական լրացուցիչ երաշխիքներ՝ պետության բոլոր մարզերում ու ծառայության բոլոր տեսակներում պրոֆեսիոնալների համաչափ ներգրավման նպատակով: Կստեղծվեն արդյունավետ համագործակցության հիմքեր կամ զարգացնել տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում գործող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ու ցանցերի հետ համագործակցությունը՝ միտված լավագույն փորձառության շարունակական փոխանակմանը, ինչպես նաև միասնական ջանքերով կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարին։

Այս նպատակներին հասնելու համար, մասնավորապես,  նախատեսվում է ՀՀ ոստիկանության կառուցվածքային փոփոխություններ ու գործառույթների հստակեցում, ինչպես նաև նոր նախարարության ստեղծում: Կստեղծվեն  Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն: Ռազմավարության նպատակների և խնդիրների իրագործման համար պլանավորվում են կոնկրետ և չափելի արդյունք ունեցող միջոցառումներ, որոնք մեծամասամբ արտացոլվել են 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նախագծում:

Անդրադառնալով ռազմավարությանը՝ վարչապետը նշել է.«Մենք խնդիր ենք դրել, որ արդեն 2021 թվականի առաջին եռամսյակում ունենալ նոր պարեկային ծառայություն, ինչը նշանակում է, որ ոստիկանության ամբողջ արտաքին ծառայությունը, որը տեսանելի է՝ պետք է ամբողջությամբ փոխվի, ընդ որում պետք է փոխվի ոչ միայն ձևով, այլև՝ բովանդակությամբ: Առաջինը կրթական փուլն է, որը, մեր նախնական պայմանավորվածության համաձայն, պետք է մեկնարկեր սույն թվականի ապրիլից, բայց կորոնավիրուսի պատճառով մի քիչ հետաձգվեց: Ոստիկանությունում առկա կադրերի, և նոր կադրերի ներգրավման նպատակով Ոստիկանության ակադեմիայիում պետք է դասընթացներ կազմակերպվեն պարեկային ծառայության համար: Ընդ որում, մեր պայմանավորվածությունը հետևյալն է, որ պարեկային ծառայության ամբողջ ենթակառուցվածքը պետք է լինի ամբողջությամբ նոր՝ սկսած տեխնիկական միոջներից, ավտոմեքենաներից, հագուստներից:

Երկրորդ փուլում մենք կստեղծենք Ներքին գործերի նախարարություն, և հետագա ամբողջ քաղաքականությունը կիրականացնի նախարարությունը: Ներքին գործերի նախարարության ստեղծման թեման վերջին երկու տարվա ընթացքում ամենաշատ քննարկված թեմաներից էր, և այստեղ մշտապես առաջացել է կոնֆլիկտ խնդրի քաղաքական ու զինվորական մասի բովանդակությունների միջև: Խնդիր է եղել այնպես անել, որ զինվորական ծառայությունը դուրս լինի քաղաքական ազդեցություններից: Ի վերջո, մենք հրաժարվել ենք այն տրամաբանությունից, որ հնարավորություն ստանանք քաղաքացիական անձանց նշանակել ոստիկանությունում, առավել ևս` ղեկավարի կարգավիճակով»:

Ըստ վարչապետի՝ պետք է ունենալ Ներքին գործերի նախարարություն, որպեսզի  քաղաքական հատվածը հստակ տարանջատվի զինվորական հատվածից: ՀՀ ոստիկանությունը կլինի հատուկ հարաբերությունների մեջ Ներքին գործերի նախարարության հետ, կլինի դրա կազմում: «Կարծում եմ՝ սա մեր կարևորագույն բարեփոխումներից մեկն է, և համոզված եմ, որ սրա արդյունքում մենք կունենանք որակական, էական փոփոխություններ իրավակարգի պահպանության և հանցագործությունների դեմ պայքարի և հանցագործությունների կանխարգելման և նախականխարգելման ոլորտում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների իրականացումն ապահովելու համար փոփոխություններ են նախատեսվում ՀՀ  պետբյուջեում

Գործադիրը hավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության  2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով առաջարկվում է թույլատրել կառավարությանը՝ 2019 թ. դեկտեմբերին Չինաստանում բռնկված և կարճ ժամանակահատվածում տարբեր երկրներում տարածված և 2020 թ. մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, հիվանդության հետևանքների (այդ թվում նաև՝ տնտեսական) չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել ՀՀ 2020 թ. պետբյուջեում՝ ապահովելով հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ գործիքակազմով: Հիմնավորման համաձայն՝ նոր կորոնավիրուսի պատճառով առաջացած վերոնշյալ բացասական գործոնների՝ պետական բյուջեի վրա ազդեցությունները գնահատվել են հետևյալ ուղղություններով. հարկեր/ՀՆԱ հարաբերակցության կրճատում, անվանական ՀՆԱ-ի կրճատման հետևանքով հարկային եկամուտների նվազում, պետական բյուջեի պակասուրդի և պետական պարտքի աճ: Վերջինիս պարագայում, պետական բյուջեով նախատեսված ծախսերը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսական աջակցության հավելյալ միջոցառումներն իրականացնելու համար կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման կարիք: Արդյունքում պետական բյուջեի պակասուրդը կաճի և անհրաժեշտություն կառաջանա ներգրավել նաև պետական պարտք ներքին և արտաքին աղբյուրներից։

ՀՀ տնտեսությունում ներկայումս կիրառվող սահմանափակումների և արտաքին աշխարհից ներթափանցող ռիսկերի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այդ զարգացումներին հակազդելու համար կիրառվող 150 մլրդ աջակցության փաթեթների ազդեցության արդյունքում գնահատվել է, որ 2020 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով: Տնտեսական անկման պայմաններում, գնահատվել է, որ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում,  անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը և ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները, պետական բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ։

 

Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում հայտարարվել է սակավաջրություն. առավել արդյունավետ կօգտագործվեն սահմանափակ ջրային ռեսուրսները

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում հայտարարել է սակավաջրություն՝ հաշվի առնելով հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր մարմնի հիմնավոր և պաշտոնական տեղեկատվությունը: Որոշմամբ տրվել են սակավաջրություն հայտարարվելու դեպքում ջրային օրենսգրքով պահանջվող կարգավորումներ՝ այդ տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման և ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակումներ և չափավորումներ, ինչպես նաև սահմանվել են պետական կառավարման մարմինների նկատմամբ այլ համապատասխան պահանջներ։ Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը կարող է վերացվել Շրջակա միջավայրի նախարարի ներկայացրած առաջարկության հիման վրա: Արդյունքում՝ առավել արդյունավետ կօգտագործվեն սահմանափակ ջրային ռեսուրսները:

 

Կառավարությունն ընդունել է «2020 թ. գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման, խոնավալիցք հաղորդելու և ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին» որոշում, որը հնարավորություն  կտա աջակցել գյուղացիական տնտեսություններին և ապահովել գետերի վարարային ելքերի անվտանգ անցկացումը: Հիմնավորման համաձայն՝ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալների համաձայն` գետերի ջրհավաք ավազաններում ապրիլ ամսվա ընթացքում ձևավորվող հոսքերը մոտ կլինեն նորմային, ուստի որոշման ընդունումը հնարավորություն կտա «Ջրառ» ՓԲԸ-ին հեղեղումները կանխելու, գետերի վարարումներն անվտանգ անցկացնելու նպատակով այդ վարարումները բեռնաթափել մայր ջրանցքների միջոցով և ջրօգտագործողների ընկերություններին ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու:  Միաժամանակ ջրօգտագործողների ընկերություններն էլ հնարավորություն կստանան իրենց մատակարարված՝ բացառապես ինքնահոս եղանակով ջուրը, ինչպես նաև վեգետացիայից առաջ հողատարածքներին խոնավալիցք հաղորդելու և աղակալված հողերի լվացում իրականացնելու նպատակով մատակարարվող ոռոգման ջուրը մինչև 10 հա հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսություններին (կախված ջրաղբյուրից և դրա ջրատվությունից` ընդամենը շուրջ 36 հազ հա հողատարածքների շուրջ 55 հազ ջրօգտագործողների) մատակարարել անհատույց:

 

Այլ որոշումներ. մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը կմեկնարկի ամառային զորակոչը

 

Կառավարությունը որոշել է հայտարարել 2020 թ. մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին  լրանում  է մինչև 2020 թ. հունիսի 30-ը ներառյալ,  ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թ. հուլիսի 31-ը ներառյալ: Որոշմամբ 2020 թ. ամառային զորակոչի շրջանակներում մինչև օգոստոսի 11-ը ներառյալ զորացրել  օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

 

Գործադիրը բավարարել է «Ռ.Զաքարյան» ՍՊԸ ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է ջինսե հագուստի արտադրության համար (ք. Գյումրի)։ Ներդրումային նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել 2.5 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված ներմուծվող հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 103 աշխատատեղ, կստեղծվի 26 նոր աշխատատեղ` 95,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3.4 մլրդ դրամ, որից 1.36 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.4 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 612 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում (ԱՄՆ, ԵՄ): Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.5 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 242 մլն դրամ:

 

Կառավարության որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին   ապրիլի 28-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]