Բեգլարյան․ Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի թվով հայ գերիներ

Բեգլարյան․ Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի թվով հայ գերիներ

PanARMENIAN.Net - Հարկավոր է նոր թափով շարունակել ջանքերը, քանի որ Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի թվով հայ գերիներ, որոնց մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցել ու փոխանցվում են պետական ու միջազգային լիազոր մարմիններին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ բարի վերադարձ մաղթելով 44 գերեվարված հայրենակցին։

«Բացի նրանցից, դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք, որոնց մի մասը, հուսանք, ողջ են և նրանց ևս պետք է տուն վերադարձնել, իսկ եթե ողջ չեն, ապա առնվազն պարզել նրանց ճակատագիրը: Այնպես որ դեռ մեծածավալ անելիքներ կան այս ուղղությամբ, և ես պատրաստ եմ շարունակել առավելագույն աջակցությունս այս գործընթացի հիմնական դերակատարներին, որպեսզի բոլոր հայտնի ու դեռևս անհայտ գերիները կարճ ժամկետում հասնեն իրենց օջախներ»,-ասվում է գրառման մեջ։

Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ներգրավվածներին։

«Առանձնահատուկ շնորհակալ եմ իմ փոքրիկ թիմին ու կամավորներին՝ պատերազմի թեժ օրերից սկսած գերիների վերաբերյալ անընդհատ տվյալներ հավաքագրելու, վերլուծելու, պատկան մարմիններին ու փաստաբաններին փոխանցելու, հարազատների հետ կապը պահելու և այլ համապատասխան աշխատանքների համար, նաև որոնց շնորհիվ հաջողվել է փրկել զգալի քանակի կյանքեր: Եվ այդպիսի համակարգված ու ներդաշնակ աշխատանքներ կատարել են մի քանի թիմեր Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, որոնց ջանքերի առյուծի բաժինն անտեսանելի է եղել, իսկ արդյունքների մի մասն՝ արդեն այսօր տեսանելի»,-գրել է նա:

Ավելի վաղ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը։ Հայրենիք են վերադարձել ինչպես սեպտեմբերի 27-ից սկսված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորականներ և քաղաքացիականներ, այնպես էլ մինչև այդ գերեվարված անձինք։ Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով հայկական կողմն Ադրբեջանի դեմ գանգատներ էր ներկայացրել Եվրոպական դատարանին: Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել նաև 2014-ին Քարվաճառում սպանություններ և ծանր այլ հանցանքներ կատարած դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---